«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ԴԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ ՎԵՃԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԾԵԾԿՌՏՈՒՔԻ

Վանաձորի բնակիչ Աշոտ Հարությունյանը պատմում է, որ անցյալ տարվա նոյեմբերին դատավորի կողմից ծեծի է ենթարկվել: Փողոցում` դատարանի բակի առջեւ նրան ծեծել են Վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանը (այդ ժամանակ Ստեփանավանի առաջին ատյանի դատավոր) եւ 4 կարգադրիչներ: Միջադեպը եղել է Ստեփանավանում: Վեճը ծագել է խանութում, որտեղ, ըստ Աշոտ Հարությունյանի, վաճառողուհին իրեն ավելի շուտ է սպասարկել, քան դատավորին: Կենցաղային վեճից հետո դատավորը պահանջել է գնալ դատարանի տարածք` «հաշիվները պարզելու»: Այդ ժամանակ Աշոտ Հարությունյանի հետ նույն բժշկական կենտրոնում աշխատող Նունե Պառավյանը սպասել է նրան մեքենայի մեջ: Աշոտ Հարությունյանը Ստեփանավանի բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտոր է:

Վեճից հետո բոլորը միասին գնացել են դատարանի տարածք: Աշոտ Հարությունյանը պատմում է, որ դատավորն այդ ընթացքում հասցրել է զանգել կարգադրիչներին ու հրամայել նրանց հավաքվել դատարանի առաջ: Ըստ նրա` 5 հոգով հենց փողոցում սկսել են ծեծել իրեն:

Միակ վկա Նունե Պառավյանը , որը երեկ նույնպես ներկա էր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսին, պատմեց, որ միջամտել է ու ասել, որ դադարեցնեն ծեծկռտուքը. «Սակայն ինձ սպառնացին` հեռու գնա, թե չէ քեզ էլ կխփենք»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատմում է, որ ծեծից որոշ ժամանակ անց Վանաձորի իր տանը Աշոտ Հարությունյանին ձերբակալել են եւ 4 ամիս պահել կալանքի տակ: Նրան ձերբակալել են դատավորի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքով: Սակայն Աշոտ Հարությունյանը պնդում է, թե բռնություն գործադրել են իր հանդեպ: Նույնիսկ կա փորձագետի եզրակացություն, որ Աշոտ Հարությունյանի մարմնի վրա եղել են այնպիսի հետքեր, որոնք կարող էին առաջանալ միայն ծեծի հետեւանքով:

Աշոտ Հարությունյանը դիմել է դատարան, եւ կարգադրիչների ու դատավորի դեմ դատարանը գործ է հարուցել: Զուգահեռ Աշոտ Հարությունյանի դեմ եւս քրեական գործ է հարուցվել: 2 գործերն էլ այժմ ընթացքի մեջ են:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4