«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2011-12-15 | #228, 2011-12-16 | #229, 2011-12-17


ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ «ԱԶԴԱՐԱՐ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

5 մրցանակ հայ մամուլում ունեցած ավանդի ու օգտավետ աշխատանքի համար: Երեկ Հայաստանի Ժուռնալիստների միությունում շնորհվեցին միության «Ազդարար» մրցանակները:

Մրցանակներ ստացան Հանրային հեռուստաընկերության լրագրող Արթուր Բախտամյանը , «168 ժամ» թերթը, «Ազգ» օրաթերթի թղթակից վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը , լրագրող, արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը եւ Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթը:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հակիրճ ներկայացրեց տարվա ընթացքում մրցանակակիրների ձեռքբերումները: «168 ժամը» ապահովել է բազմակարծություն ու պահպանել էթիկայի կանոնները: Տիկին Գեւորգյանը նաեւ բարձր գնահատեց Արթուր Բախտամյանի «Հայոց հարց» հաղորդաշարը, որը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ:

«Հայոց հարցի» խմբագիր Արմեն Ճգնավորյանը , որին հանձնվեց մրցանակը, նշեց` իրենց սկզբունքներից է` լինել հետաքրքրական, օգտակար եւ չվնասել հասարակությանը:

  Հրաչյա Մաթեւոսյանը , որը երեկ եւս մրցանակ ստացավ, գնահատեց այսօրվա տպագիր մամուլը: Ըստ նրա` այսօր ունենք խիզախ տպագիր մամուլ, եւ դիմելով` լրագրողներին կոչ արեց մնալ խիզախ ու արդար:

Վերլուծական լրագրության դաշտում այս տարվա ձեռքբերումը Ստեփանակերտից Վահրամ Աթանեսյանի հրապարակումներն են: Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նախկինում թղթակցել է «Ազատություն» ռադիոկայանին: Այսօր նրա հրապարակումները լույս են տեսնում «Ազգ» օրաթերթում:

«Օգտագործելով ադրբեջաներենի իր գիտելիքները` նա ամեն օր «սանրում է» ադրբեջանական մամուլը, վեր հանում ադրբեջանական քարոզչության` մեզ հետաքրքրող դրսեւորումները: Իսկ հոդվածները գրում է լրագրող-վերլուծաբանի իր մոտեցումներով», նշեց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը :

Սփյուռքահայ մամուլ անվանակարգում մրցանակը ստացավ «Ալիք» օրաթերթը, որի 80-ամյակը լրացավ այս տարի: «Ալիքի» մրցանակը հանձնվեց Հայաստանում Իրանի դեսպանատան քաղաքական գծով 3-րդ խորհրդատու եւ մամուլի պատասխանատու Համիկ Մուրաթխանին , որի կարծիքով «Ալիք» թերթը կարեւոր դեր ունի հայ ու իրանցի ժողովուրդների միջեւ համագործակցությունն ապահովելու գործում: «Թերթը կարեւոր դեր ունի եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար», ավելացրեց պարոն Մուրաթխանը:

Հայ ու իրանցի լրագրողների համագործակցության փորձ արդեն կա: Հիշեցնենք, որ անցյալ տարի Թեհրանում լրատվամիջոցների ցուցահանդեսին Հայաստանը նույնպես մասնակցել է` հանձինս «Ազգ» օրաթերթի ու panarmenian. net գործակալության:

«Ազդարար» 5 մրցանակակիրները ստացան խորհրդանշական արձանիկներ ու վկայագրեր:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4