Դեկտեմբերի 17-ին Բեռլինի ՀՀ դեսպանության հարկի տակ, տոնածառի լույսերով շքեղացած նախաամանորյա մթնոլորտում ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակի պարգեւատրումների շրջանակներում հայրենի կառավարությունների գնահատանքին արժանացան Գերմանիայում հայտնի մտավորականներ: Բեռլինի հոգեւոր հովվի, համայնքային կառույցների ղեկավարների ներկայությամբ, ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի ձեռամբ Արմենուհի Դրոստ-Աբգարյանին հանձնվեց սփյուռքի նախարարության, իսկ Րաֆֆի Քանդյանինՙ գիտության, կրթության նախարարության պատվոգրերը: ԳԿՆ պատվոգրի էր արժանացել նաեւ Միհրան Դաբաղը, որն օրվա հանդիսությանը ներկա չէր:
Նույն օրը Բեռլինում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունից Թեսա Հոֆմանին հանձնեց Արցախի բարձր պարգեւըՙ Երախտագիտության մեդալը:
ՀՀ անկախության 20-ամյակի առիթով սրանից առաջ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին էին արժանացել սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, երգչուհի Վարդենի Դավթյանը, կոմպոզիտոր Արմինե Ղուլոյանը:
ԱՆ. Հ. Գերմանիա