Երեկ ասուլիս տված ԱԺ փոխնախագահ (ինչ անսովոր է-Մ.Խ.), ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի հետաքրքրական մտքեր է հայտնել: Նրա խոսքով` քաղաքացիների հետ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները ցույց են տալիս, որ 2012 թվականի խորհրդարական ընտրությունների հիմնական ֆավորիտը ՀՀԿ-ն է լինելու, բայց եւ երկրորդ հավակնորդ ուժի անուն չի տվել` «կոռեկտ չէ» ասելով: Բացի դրանից` իսկական ժողովրդավարական երկրում ֆավորիտին ընտրում է ժողովուրդն ընտրություններով, ոչ թե այդ մասին ասում է ԱԺ փոխխոսնակը: Այն համեմատականը, թե ռուսաստանյան իշխող կուսակցությունը` «Եդինայա Ռոսիան» կորուստներ ունեցավ ընտրություններում, նույնը կարող է տեղի ունենալ ՀՀԿ-ի հետ, բնական է, Շարմազանովի սրտով չէր` «մեզ մոտ այլ իրավիճակ է», ուրեմն եւ համեմատությունն էլ տեղին չէ: Բազմաչարչար ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի վերաբերյալ հարցը դեռ պատասխան չունի, քանի որ ՀՀԿ-ն այն դեռ չի քննարկել, եւ առհասարակ էլ` դա մամուլային թոփ-թեմա է ընդամենը, ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ էլ անհաղթահարելի խնդիրներ չկան: Ընդհանրապես` կոալիցիոն գործընկերներն, ըստ Է. Շարմազանովի, նախագահի շուրջը համախմբված են: Իսկ «հակասությունը նորմալ գործընթաց է եւ բազմակարծության դրսեւորում»: ԱԺ փոխնախագահը նաեւ անդրադարձ կատարեց 2012-ին` ԼՂ հարցի կարգավորման առումով. այն արդյունավետ չի կարող լինել, քանի որ փորձով է այդպես, նախընտրական տարին ղարաբաղյան կարգավորման համար չի կարող արդյունավետ լինել` 2012-ը նախընտրական է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Իսկ ընդհանրապես` եթե միջազգային հանրությունն ուզում է հասնել ղարաբաղյան կարգավորմանը, ԼՂՀ-ն պետք է բանակցային կողմ դառնա, իսկ Ադրբեջանը զերծ մնա ագրեսիվ-ռասիստական հայտարարություններից:
Մ. Խ.