«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐԵՆ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջը «հեղինակավոր» կարծիք է արտահայտում նաեւ ադրբեջանական կողմը: Այն, իհարկե, բառացիորեն կրկնում է Ահմեդ Դավութօղլուի «մեծահոգությունը եւ պատրաստակամությունը` համատեղ նաեւ մի փոքր առաջ են անցնում եւ գտնում, որ «հարկ է հնարավորություն տալ, որ ամբաստանվող կողմն էլ իր հակափաստարկները ներկայացնի»: Այսինքն, Ֆրանսիայի Ազգային ժողովը «պետք է հրապարակային դատավարություն կազմակերպի եւ լսի մեղադրող ու պաշտպանող կողմերին»:

Սա միայն առաջին հայացքից է «աբսուրդի թատրոն»: Ակնարկն այն մասին, որ Ֆրանսիայում ապրող «շուրջ կես միլիոն թուրքերը զրկվում են իրենց նախնիներին վերագրվող հանցանքի դեմ բողոք արտահայտելու իրավունքից», ըստ էության հուշում է, որ փորձ է արվում խնդիրը տեղափոխել մի հարթություն, որտեղ «առաջնային կարող է դառնալ ներֆրանսիական կայունության» գործոնը:

Նրանք, որ կամովին թուրքական քաղաքացիությունը փոխել են ֆրանսիականով, հազիվ թե շահագրգռված լինեն «իրենց նախնիների դատը պաշտպանելու» գաղափարով: Շատ արտառոց է, որ Ֆրանսիայի իշխանություններին այդ կարգի «սպառնալիք» հասցեագրում է Բաքվի քարոզչությունը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը որոշակի «դերաբաշխում են կատարել». Անկարան իրեն վերապահել է «արժանապատիվ խաղացողի», իսկ Ադրբեջանին` «գժի» իմիջ:

Այն, ինչ Թուրքիան նպատակահարմար չի գտնում հնչեցնել, անում է Ադրբեջանը: Միաժամանակ էլ Բաքուն խնդիրը զուտ իրավական կամ բարոյական հարթությունից ճգնում է տեղափոխել ղարաբաղյան կարգավորման հարթություն: Ադրբեջանում «կասկածում են Ֆրանսիայի անաչառությանը»: Թեեւ Փարիզում վերջերս «բեմադրված մեկ դերասանի ներկայացմանը» մասնակցել եւ «հեղինակավոր կարծիք էր հայտնել» ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն: Վերջինս հարմար էր գտել անգամ հրաժեշտի այցով այցելել Բաքու:

Հիմնական տպավորությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը չի առնչվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Ֆրանսիան մինչ այդ էլ կատարվածը որակել էր ցեղասպանություն: Սակայն դրանից չի հետեւում, թե ԼՂ հարցում այդ երկիրը միանշանակորեն սատարում է հայկական կողմերի ընկալումներին:

Մանրամասնությունների մեջ չխորանալովՙ կարելի է ասել մի բան. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելով` Ֆրանսիան պետականորեն կընդունի, որ օսմանյան Թուրքիայի հայ քաղաքացիների հանդեպ գործադրված բռնությունների փաստը որեւէ մակարդակում քննարկման առարկա չէ: Թուրքիան, եթե իրեն համարում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պարտավոր է պատմությունն ընդունել այնպես, ինչպես եղել է:

Այս դեպքում ինչո՞ւ է անհանգստանում Ադրբեջանը: Պատասխանը միանշանակ է. քանի որ Ադրբեջան կոչվող պետությունը չէր կազմավորվի եւ գոյություն չէր ունենա, եթե օսմանյան կառավարությունը 1918թ. ամռանը ռազմական արշավ չկատարեր դեպի Արեւելյան Անդրկովկաս: Իսկ այդ արշավը Թուրքիան չէր կատարի, եթե մինչ այդ կայսրության այսպես կոչված «արեւելյան նահանգները մաքրած չլիներ անցանկալի տարրից»: Այսինքն` չիրականացրած լիներ արեւմտահայության ցեղասպանություն:

Հարցի նկատմամբ Ադրբեջանի սրված շահագրգռվածության պատճառն, այսպիսով, ակնհայտ է. հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների խնդիրը ներառում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ ողջ Արեւելյան Անդրկովկասի հանդեպ հայության օրինական պանջատիրությունը: Իսկ դա իր հերթին հարցականի տակ է դնում ներկայումս Ադրբեջան կոչվող պետության օրինականությունը` դրանից ենթադրվող հեռագնա ենթադրություններով հանդերձ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4