«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


«ԲԱՆԱԿՈՒՄ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ»

Պաշտպանության նախարարությունը վերջերս հրատարակել է «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված ցուցումներ» գրքույկը, որտեղ անդրադարձել են զինվորական կարգապահությանը, սոցիալ-իրավական աշխատանքների անհրաժեշտությանը, մարտական դիրքերում մարտական հերթապահության եւ պահակային ծառայության բարոյահոգեբանական ապահովմանը, զինվորների հետ տարվող հոգեբանական աշխատանքին:

Գրքում ներկայացված են նաեւ զինվորական ուսուցման եւ դաստիարակության հիմունքները, զինվորական մանկավարժության, ինքնադաստիարակության ու անհատական դաստիարակչական աշխատանքների կարեւորությունը::

Գրքում գրառում է թողել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ցանկացած անցումային փուլ հղի է թերացումներով եւ բացթողումներով, այնուամենայնիվ մենք թերացանք, տեղի ունեցան արտակարգ պատահարներ, հանցագործություններ, եւ այս ոլորտը զինված ուժերում մնում է ամենամտահոգիչը, ամենաշատ աշխատանք պահանջողը եւ թերեւս ամենախոցելին: Իրավիճակ, որ մտահոգում է ոչ միայն բանակի ղեկավարությանը, այլ նաեւ ժողովրդին: Արդարացված է հասարակության պահանջը, որ մեզ մոտ` բանակում, արատավոր երեւույթները պետք է հասցվեն նվազագույնի: Բանակում մարդկային կորուստները անընդունելի են», գրել է նախարարը:

Ըստ նրաՙ բանակում ոչ կանոնադրական վեճերի պատճառներից մեկն էլ այն է, որ բանակի ղեկավարության ցուցումները շատ դեպքերում մնում են թղթի վրա, չեն հասցվում անձնակազմին` վերաբերող մասով, ու նորից շարունակվում են կարգապահական խախտումները: «Նշված ցուցումները նորություն չեն, ոչ էլ կատարվող ամբողջ աշխատանքը, բայց հիմք են, որ յուրաքանչյուր հրամանատար ուղեցույց փաստաթղթի շրջանակներում եւ օգտագործելով իր հնարավորություններն ամբողջությամբ կանխարգելի բոլոր արատավոր պատահարները` մանավանդ մահվան ելքով: Բոլոր հրամանատարները պետք է հասկանան, որ սա մեր պատասխանատվության ու պատվի հարցն է»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4