«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


«ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՄ ԵՍ ԱՅՍՏԵՂ»

Մոնտե Կառլոյում վերջերս կայացած ջազ-փառատոնի վերջին ակորդների փայլը երաժշտական երկու տաղանդավոր անհատականությունների ավարտական մուտքն էր բեմ: Նրանցից մեկը ծնունդով Գյումրիից, այժմ Մ. Նահանգներում բնակվող հայ դաշնակահար Տիգրան Համասյանն էր, մյուսը իսրայելցի կոնտրաբասիստ Ավիշայ Կոհենը: Մոնտե Կառլոյի նրանց երաժշտական հայտնությունը իսկապես տոնական ավարտ ապահովեց ջազի լեզուն երկու ժողովուրդների երաժշտական ֆոլկլորի հետ համադրությունը:

Առհասարակ երիտասարդ հայ դաշնակահարի երաժշտական մտածողության ազգային բնույթը ընդգծված է: Լինելով ամենատարբեր երաժշտական ոճերի եւ ուղղությունների համադրման կողմնակիցՙ Տիգրան Համասյանը հայկական ազգային երաժշտության մեղեդին վարպետորեն կարողանում է հնչեցնել տարբեր էթնո-մշակույթների խառնուրդում, ռոք, ջազ եւ անգամ դասական երաժշտության տարրերի զուգակցմամբ: Առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցեց նա, 2001 թվականին էր, Երեւանում, երբ նա դեռ 11 տարեկան էր: 2006-ին արդեն, Մ. Նահանգներում մասնակցելով միջազգային ջազ-փառատոնի, երիտասարդ դաշնակահարը գլխավոր մրցանակին արժանացավ: 2010 թվականի ապրիլին եւ այս աշնանը Տիգրան Համասյանը համերգային ծրագրերով հաճելի ականկնկալներ պարգեւեց հայաստանցի հանդիսատեսին: Մեզ կրկին հաճելի էր հմայիչ հայ դաշնակահարին Մոնտե Կառլոյի փառատոնային բեմում հանդիպելը, այդ մասին Եվրոպական լրատվական ծրագրի միջոցով տեղեկանալը:

«Ես փորձում եմ վերստեղծել հայկական ժողովրդական երաժշտությանը հատուկ ներդաշնակությունը, գրում եմ այդ երանգներով հնչող մեղեդիներ, բայց դա զուտ իմ անհատական երաժշտությունն է: Դա նույնն է, ինչ օտար լեզու սովորած, բանաստեղծություն սկսես գրել այդ լեզվով: Ժողովրդական երաժշտությունն իր մեջ կրում է մեղեդու աներեւակայելի խորք ու հարստություն եւ իմպրովիզացիայի այնքան շատ հնարավորություններ տալիս: Այս երաժշտության վերադաշնակման բազմաթիվ միջոցներ կան, որպեսզի այն քեզ մոտեցնես:

Երբ ես 13 տարեկան էի, առաջին անգամ լսեցի այնպիսի երաժիշտների, ինչպես Կիտ Ջարրետը, Յան Գարբարեկը եւ Գյուրջիեւը: Նրանք օգնեցին գտնելու իմ սեփական երաժշտական ոճը, որը մեկընդմիշտ մտավ հոգուս եւ արյանս մեջ: Ամեն անգամ, երբ ես նվագում եմ, երջանիկ եմ, դա իմ ուրախությունն է, իմ ցավը, հույսը եւ ես ուզում եմ վերապրել այդ զգացումը նորից ու նորից... Ահա թե ինչու ես այստեղ եմ», այսպես էր Տիգրան Համասյանի խոսքը:

Իսրայելցի երաժիշտ Ավիշայ Կոհենը համարվում է անհատականությամբ ընդգծված, անշփոթելի ձեռագրով արտիստ: Եվ նրա բեմական կեցվածքը, խոսքն էլ ճիշտ այդպիսին էր. «Արվեստագետի ներշնչանքը երկու աղբյուր կարող է ունենալ: Մենակություն: Հանկարծ զգում ես այդ հոսքը. չգիտեմ, գուցե դա կարելի է համարել էներգիայի հոսք, թռիչքի պահՙ քեզ վեր բարձրացնող. ես չեմ կարողանում կանգ առնել:

Դա կարող է լինել նաեւ բեմում, ուրիշ երաժիշտների հետ, հանկարծ մեր միջեւ ինչ-որ բան է պատահում, ներշնչանքի ինչ-որ կայծ անցնում եւ բռնկում, համակում է բոլորիս միաժամանակ, եւ մենք միասին հաղորդակցվում եւ ապրում ենք աներեւակայելի ստեղծագործական վերելք:

Սկզբում սաստիկ նյարդայնանում էի, երբ երգում էի: Վախենում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Եվ առհասարակ դա շատ դժվար է նվագողի այսքան տարիների գործունեությունից հետո: Ի վերջո, հաղթահարեցի. իմ հայացքի առաջ ես աճում էի ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես երաժիշտ: Սովորել տիրապետել սեփական ձայնիդ, նույնն է, ինչ տիրապետել ինքդ քեզ: Դա շատ նուրբ արվեստ է:

Ըստ ru.euronews.net կայքի`

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4