«Մենք չգտանք այն ուղին, որով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն կտրվի մասնակցելու իրենց ապագային առնչվող քննարկումներին», երեկ Երեւան հրաժեշտի այցելությանըՙ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Նախ համանախագահը նախընտրեց խոսել ռուսերենՙ իբր ժամանակ խնայելու համար, սակայն համանախագահի ռուսերենի իմացությամբ առավել շատ ժամանակ վատնվեց այն բոլոր տեսակետների գրեթե նույնությամբ կրկնությանը, ինչ Ֆասիեն Բաքվում հրաժեշտի հանդիպմանն արդեն ասել էր: «Ազգն» արդեն ներկայացրել է Բաքվում Ֆասիեի արած դատողությունները, ուստի դրանցից միայն նշենք, որ անդրադառնալով Փարիզում «Օկուպացիայի առումով Ադրբեջանի ցավը» հասկանալուն, ֆրանսիացի դիվանագետը շեշտեց, թե «արվել է իր խոսքերի հիմար մեկնաբանություն»: Ըստ այդմ, Ֆասիեն իր խոսքերով նկատի է ունեցել, որ թեեւ ֆրանսիացիները գերմանական օկուպացիայից կարողացել են վերադարձնել որոշ հողեր, «գինը դրա համար շատ բարձր է եղել», նկատի ունենալով մարդկային զոհերը:
«Ես դա ասացի, որ ցույց տամ, թե պատերազմը, նույնիսկ Ադրբեջանի համար, բանական, խելացի որոշում չէ... Պատերազմը սարսափ է, արյունահեղություն, ատելություն եւ հանուն ինչի՞...», պարզաբանեց Ֆասիեն, հիշեցնելով, որ ամեն դեպքում աշխարհագրությունը չես փոխի, հատկապես երբ Ֆասիեն աշխարհագրությանը տիրապետում է այնպես, ինչպես ռուսերենին. Ֆասիեի համար «Ղարաբաղը Ադրբեջանի մեջտեղում է»:
Ինչ վերաբերում է ապագային, ապա ֆրանսիացի դիվանագետը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի մի քանի ամսից:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ