«Ադրբեջանը մտադիր է Հայաստանին դատի տալ»: Սենսացիոն հայտարարության հեղինակը հարեւան երկրի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, խորհրդարանի պատգամավոր Յագուբ Մամեդովն է: Ըստ նրաՙ «հաջողվել է բացահայտել մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնց հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ նախաքննությունն է տանում»: Իսկ Ադրբեջանը «Հաագայի դատարան կդիմի, երբ դատախազությունն ի մի բերի նյութերը եւ մեղադրանք առաջադրի»:
Այս կարգի բամբառակություններին կարելի է եւ ուշադրություն չդարձնել: Բայց «պատմաբան» եւ խորհրդարանական Յագուբ Մամեդովի ասածն իրոք որ բացառիկ հիմարություն է: Քանի որ, դատելով նրա հետագա «մեկնաբանություններից», Ադրբեջանը մտադիր է որպես «գլխավոր մեղադրյալի» ներկայացնել... Ստեփան Շահումյանին:
Այո, Բաքվի կոմունայի ղեկավարին, ում մահվան 100-ամյակը կլրանա 2018 թվականին: Այդ դեռ ոչինչ. «հանցագործին կարելի է դատել նաեւ հետմահու, եթե նրա մեղքն ապացուցվի»: Բայց ի՞նչ կապ ունի ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Ստեփան Շահումյանի եւ գրեթե մեկդարյա վաղեմության իրադարձությունների հետ:
Չէ՞ որ դեպքերը տեղի են ունեցել 1918 թ. մարտին, երբ ոչ Հայաստանն էր անկախ, ոչ էլ Ադրբեջանը: Իսկ Ստեփան Շահումյանը Բաքվում ներկայացնում էր Ռուսաստանի բոլշեւիկյան իշխանություններին: Իրադարձությունների պատմաքաղաքական գնահատականը տրված է բազմաթիվ ուսումնասիրողների կողմից. 1918 թ. մարտի վերջին օրերին «Մուսավաթ» կուսակցության զինյալ խմբավորումները Բաքվում փորձել են տապալել բոլշեւիկյան իշխանությունը, տեղի են ունեցել քաղաքացիական բախումներ, որոնց ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են տվել: Ավելին, շնորհիվ Բաքվի հայկական կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումների, հաջողվել է բախումների գոտուց դուրս բերել հազարավոր խաղաղ մարդկանց եւ փրկել նրանց կյանքը:
Ի՞նչ է կատարվել այդուհետեւ: Մի բառով ասած` պետական հանցագործություն: Խոսքն այն մասին է, որ նույն թվականի սեպտեմբերի 15-ին օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը, որի հրամանատարը ռազմական նախարար Էնվերի հարազատ եղբայր Նուրի փաշան էր, օկուպացրել է Բաքու քաղաքը: Ավելի քան 30 000 հայ սպանվել է, մյուսները` բռնատեղահանվել: Ահա այդ սոսկալի ոճրագործության հետքերը քողարկելու նպատակով էլ Ադրբեջանի «դեմոկրատական հանրապետության կառավարությունը» մարտյան իրադարձություններից կես տարի անց «անցկացրել է հետաքննություն եւ պարզել, որ մուսուլմանները հայկական զինված խմբավորումների կողմից ենթարկվել են բռնությունների»:
Եվ այդ «փաստաթղթի հիման վրա» էլ դեպքերից 80 տարի անց` 1998 թ. մարտի 30-ին Հեյդար Ալիեւը հրամանագիր է ստորագրել եւ կատարվածը «սահմանել որպես ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն»: Իսկ այսօր Յագուբ Մամեդովը «պահանջում է, որ մեղավորները պատասխան տան Հաագայի միջազգային դատարանի առաջ»:
Զուտ իրավական առումով, իհարկե, նա հիմարություն է ասում: Բայց սա երեւի այն դեպքն է, երբ ադրբեջանական կողմը մեզ «հուշում է» մեր անելիքը. արդյոք ժամանա՞կը չէ, որ մենք իրոք դիմենք միջազգային դատարան եւ պատասխանատվություն պահանջենք Սումգայիթի, Բաքվի ջարդերի համար: Չէ՞ որ դրանց կազմակերպիչներն ու իրականացնողները մեծ մասամբ դեռ կենդանի են: Ապրում են նաեւ այդ դժոխքից փրկվածները:
Այդ դեպքում, թերեւս, Յագուբ Մամեդովն ու նրա պատվիրատուները կզրկվեին պատմությունը խեղաթյուրելու հնարավորությունից: Թե չէ ստացվում է, որ հայկական կողմի արժանապատիվ կեցվածքը ոմանց Ադրբեջանում եւ Թուրքիայում մղում է բոլորովին այլ որակի ձեռնարկումների: Թուրքական լրատվամիջոցներին հղում անելովՙ Բաքվի կայքէջերից մեկն օրերս գրել էր, թե «ստորագրահավաք է սկսվել Ռամիլ Սաֆարովին ազատելու հարցով»: Եվ գիտե՞ք ինչ «համեմատություն» են արել նախաձեռնողները: Ապշեցուցիչ է, բայց` փաստ. նրանք կարծում են, որ «եթե Թալեաթին սպանող Սողոմոն Թեհլերյանը մեկ օր անգամ բանտ չի նստել, ապա ինչո՞ւ պիտի Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկվի»:
Իսկ խոսքը քնած հայ սպային կացնահարած «մսագործի» մասին է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ