Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը 2011 թվականն արխիվի համար արդյունավետ տարի է համարում: Ասում էՙ տարվա ընթացքում իրենց դիմել է 25 հազար քաղաքացի, ու բոլորն էլ արխիվից գոհ են հեռացել, նույնիսկ նրանք, ում մերժել են: Այս տարի արխիվը ձեռք է բերել արխիվային նյութերը թվայնացնող 2 սարքավորում, որոնք բերվել են Գերմանիայից: Արխիվային փաստաթղթերի հիման վրա ազգային արխիվն այս տարի հասցրել է գրքեր տպագրել: Երեկ «Հայելի» ակումբում Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց` մտադիր են Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ցեղասպանության թեմայով գրքեր հրատարակել: Դրանց շարքում կլինի «Վշտապատում» ժողովածուն, որտեղ զետեղված են լինելու ականատեսների 700 հուշերը: «Վշտապատումը» լույս կտեսնի մինչեւ 2015 թիվըՙ հայերեն, անգլերեն, ռուսերեն ու թուրքերեն լեզուներով:
Աշխարհի որեւէ արխիվում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին հնարավոր է նյութեր գտնել: Ամատունի Վիրաբյանն ընդգծում է` մեր մասին արխիվային ամենաշատ փաստաթղթերը պահպանվում են Վրաստանում: Եվ Ազգային արխիվը Վրաստանի հետ արդեն կնքել է համագործակցության պայմանագիր: Ընտրվել են Վրաստանի արխիվում պահպանվող 739 փաստաթուղթ, որոնք հայ մասնագետներն այսուհետեւ կարող են ուսումնասիրել: Պարոն Վիրաբյանը նշում է` փաստաթղթերն ուսումնասիրելու համար Հայաստանի պետական բյուջեից հատկացված գումարը վրացական կողմին արդեն վճարել են: 739 փաստաթուղթը վերաբերում են 18-րդ դարի վերջին ու 19-րդ դարի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ տեղաշարժերին:
Այս տարի Ազգային արխիվը ձեռք է բերել նաեւ 2 ուրիշ համաձայնություն, այս անգամ արդեն Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ: Համաձայն դրա` 2 երկրներում ու Հայաստանում կլինեն փաստաթղթերի ցուցահանդեսներ «Հայերը Ղրիմում» եւ «Հայերը Մոսկվայում» թեմաներով:
Ազգային արխիվի 2012-ի պլանները եւս սակավ չեն, իսկ խնդիրներից արխիվը նույնպես անմասն չէ: Խնդիրներից պարոն Վիրաբյանը նշեց աշխատողների ցածր աշխատավարձը` 50-60 հազար դրամ:
Ազգային արխիվը 350 աշխատող ունի, «Ու ոչ մի ազատ հաստիք», ավելացնում է տնօրենը: Իսկ որքա՞ն տոկոս է կազմում նրանց համակարգչային գրագիտությունը, պատասխանելով «Ազգի» այս հարցին` պարոն Վիրաբյանն ասում է. «Տեխնիկային բոլորը չեն տիրապետում, սակայն կարողանում ենք համատեղել երիտասարդների ու մեծահասակների փորձը»: Երիտասարդները թեեւ ունեն համակարգչային գիտելիքներ, բայց շատերը չեն կարողանում ընթերցել ձեռագրեր:
Մյուս բանախոսը Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանն էր: Ե՛վ նա, ե՛ւ Ամատունի Վիրաբյանը անդրադարձան լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենսդրական նախաձեռնությանը, որն արդեն իսկ արժանացել է կառավարության բացասական վերաբերմունքին: Երկու բանախոսները եւս բացական վերաբերմունք ունեն նախաձեռնության հանդեպ:
Ի. Պ.