«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2011-12-20 | #231, 2011-12-21 | #232, 2011-12-22


ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՎԵՐԱՑԱՐԿՈՒՄՆԵՐԸ

  Ռուբեն Ադալյանի նորընծա ալբոմը, որ ներկայացնում է գեղանկարիչ Արա Հայթայանը , փորձում է պատասխաններ գտնելՙ արվեստի եւ արդիականության սահմանների:

Արվեստային փոփոխություններն անմիջականորեն պայմանավորված են ժամանակաշրջանի դիմագծով: Ռուբեն Ադալյանն այն սակավ նկարիչներից է, որի անշփոթելի ձեռագիրն այնպիսի փոփոխություններ է հաճախ կրում, որ առաջին հայացքից այնուամենայնիվ անճանաչելի կարող է թվալ: Նկարչական մտածողությունը, աշխարհի ընկալման եւ արտաբերման այն կերպերը, որ ի հայտ է բերում նա իր ստեղծագործական ընթացքի անգամ սկզբնական փուլերում, տվյալ ժամանակի մեջ բնավ չեն տեղավորվում, ասես մի խզված տարածքՙ ինքն իր մեջ բնակվող, մտածող, ինքնաբավ, ապրում է: Ահավասիկ Ադալյանի 1958-66, 1967-79, 1980-95 թվականների աշխատանքները, որոնք խորհրդային իրականության մեջ ստեղծվելովՙ բնավ կապ չունեն այդ շրջանի ո՛չ գեղարվեստական մտածողության, ո՛չ էլ գեղարվեստական ձեւերի հետ: Սոցռեալիզմից այստեղ հետքի նշույլ իսկ չկա. այս արվեստում կյանքը իռացիոնալ է, պատկերային աշխարհի վերացարկումը, անառարկայական տարածությունները հագեցված են մտածողական զուտ ադալյանական շերտերով: Նկարիչը ինքնաստեղծում է աշխարհը իր պատուհանից, սեփական ես-ի խորքերից արտածում նկարչական նյութը, ստեղծում նոր հորինվածքներ:

60-ականների սերունդը, որի առաջատարներից է Ադալյանը, եւ նրան նախորդող առաջադեմ մտավորականներն ու արվեստագետները, կոտրել էին ընդունված կարծրատիպերը եւ գեղարվեստական մտածողության նոր ձեւերը արվեստին նոր շունչ էին բերել արդեն: Աբստրակտ արվեստը կամ դրա ձեւերի գիտակցված աղավաղումը հայ կերպարվեստում չամրագրված եւ չընդունված միջոց-լեզու էր դեռեւս, որով մտածում եւ արտահայտվում էր Ռ. Ադալյանը դեռ այդ տարիներին: Ալբոմում ընդգրկված գործերը, բացառությամբ վերջին 20 տարիներին մի քանիսի ցուցադրության, ո՛չ հրատարակվել, ո՛չ ցուցադրվել են առայժմ: Ադալյանական մտքի ազատությունները եւ դրանց դրսեւորումները զարմանալի անսպառ են թվում: Նա մեր ամենաբեղմնավոր ստեղծագործողներից է, բայց միաժամանակ սակավ ներկայացվածներից, հատկապես նրա նկարչության այս տեսակը, աբստրակտ ոճի ստեղծագործությունները: Առհասարակ բազմաոճությունը Ադալյանի արվեստի ամենաբնորոշ գիծն է, իր համար սահմանազատումներ չկան, ավանդական նկարչաձեւերից նա շատ սահուն անցում է կատարում նոր ուղղություններ ու ոճեր, մինչեւ ամենամոդեռնը: Սակայն ամենուրեք նա իր ձեռագրի անհատականության կրողն է: Սիրում է փոխել իր շուրջը, կերտել միանգամայն նոր աշխարհ, այդ նորի մեջ ինքնանորանալ: Այն ձեւագոյացումները, ինչ նա փոխանցում է կտավին, իր ներքին աշխարհում կուտակված էություններ, մտաէակներ են: Ամենասովորական իրը նա կենդանացնում ու շունչ է դրան հաղորդում: Եվ սա հաջողվում է, որովհետեւ նկարչի վրձնի տակ ամեն ինչ շարժման մեջ եւ ամեն ինչ գեղագիտորեն մշակված է:

  «Հանգրվաններ չճանաչող, ժանրային կապվածությունից ազատ, ոճական միասնությունը զանց առնող, մեկ «բացարձակ նկար»-ից դեպի բազմախնդիր շարքերը ցատկող: Այս ամենով հանդերձ, առկա՞ է արդյոք մի չափանիշ, որը տեսանելի կդարձնի այն միասնական ողնաշարը, որի շուրջը կառուցվում է Ռուբեն Ադալյանի ստեղծագործությունը: Ինչը որ ի զորու կլինի ներքին կապ մատնանշել արվեստագետի մի գործից մյուսը: Մանավանդ, երբ արտաքին կամ ձեւային ընդհանրությունները երբեմն բացակայում են: Մանավանդ, երբ յուրաքանչյուր շարք, առանձին ստեղծագործություն իր առջեւ խնդիր է դնում մտածողության տիրույթներում հասնել դասական կատարելության» : Արա Հայթայանը ալբոմի առաջաբան-վերլուծականում նման հարցադրում է անում եւ որի պատասխանը ինքն էլ տալիս է. «Ադալյանը մոտենում է մշակույթին որպես բարձրագույն գործունեության ոլորտ: Ընկալելով մշակույթը առհասարակ որպես մարդաստեղծ գործառույթ, կերպարվեստը ընկալելով որպես «ձեւեր»-ի քննության ասպարեզ, դիտարկելով արվեստագետին որպես մարդկության եւ միջավայրի վերափոխման վճռորոշ օղակ» :

Ադալյանական ձեւափոխությունների համակարգը իմաստային ներքին շեշտադրում ունի, շատ տեսանելի արտահայտված, դա նկարչիՙ կյանքը գոյավորող եւ նրա տեւականությունը ապահովող բնական օրենքիՙ շարժման, պայքարի, հակադրամիասնությունների գիտակցված հավատամքն է: Նրա յուրաքանչյուր նկար շարժման ներքին տարածության մեջ է, երբեմն դինամիզմը պոռթկալու աստիճան սաստիկ է. թվում էՙ ուր որ է ահա ծառս եղած ձիերը կպոկվեն տեղից ու դուրս կթռչեն նկարից... Սա նաեւ վերաբերմունք է կյանքինՙ նրա օրգանական փոփոխությունների միասնականության մեջ իր տեղը որոնելու, գտնելու, լինելու, ձուլվելու գոյության կերպերին, որով եւ հեղինակը փոխում է աշխարհի իր ընկալման ծավալային ու տարածային պատկերը: («Կոմպոզիցիա», 1978, «Լուսարձակում», 1969, «Կոմպոզիցիա», «Շփում»):

Ձեւաստեղծ նկարիչ, նկարչական բազում նորագոյացումների հեղինակ, որ ստեղծագործության օբյեկտ դարձնում է որեւէ իրՙ մետաղալար, ալյումինե թիթեղ, փայտ, ապակի եւ դրանց գեղարվեստական արժեքը պայմանավորում գեղագիտական այն հայացքով, որ կրում է ինքն իր ներսում: Ստեղծագործելու կիրքը նրան մղում է ամեն երեւույթի, իրի մեջ տեսնել գեղարվեստական նորահայտնություններ, եւ ձեւի ամեն շարժման մեջ նոր գաղափար, նոր կյանք է դնում: Նրա արվեստի բազմազանությունը երբեմն շփոթեցնող է. տարբեր են նաեւ մատուցման եղանակները, կատարման տեխնիկան եւ ընտրված նյութը (տեմպերա, օրգալիտ, յուղաներկ, մելան, գուաշ, ջրաներկ): Այսով հանդերձ, Ադալյանը գունային չափաբաժիններում բավական զուսպ է, հակված է գունային երանգների մեղմ բամազանությամբ աշխատել, անգամ վառ գույները նրա նկարներում այդպիսին չեն ընկալվում, պայմանավորված, թերեւս, նրա արվեստում ձեւի առաջնայնության հանգամանքով: Ադալյանի համար ոճական փոփոխությունները չեն սահմանազատվում ստեղծագործական փուլերով: Նույն թվականին նա ստեղծել է «Մեր բակը» իմպրեսիոնիստական ոճով կտավը եւ միեւնույն ժամանակ նույն հաջողությամբՙ «Կոմպոզիցիա» շարքերը: Գիծը, գծի շարժումը եւ փոփոխությունը դառնում են այս նկարչության առանցքը, երկրաչափական պարզ պատկերը դիտվում է աշխարհը թարգմանելու եւ իրեն, իր խոհն ու զգացմունքը արտահայտելու միջոց:

Ինչպես ասվեց, շարժումը նրա նկարչության հոգին է եւ արագությունըՙ նույնպես, որի առկայությամբ ժամանակի եւ տարածության մեջ իրերը փոխում են իրենց նախնական տեսքը, ձեւերը- փոխակերպվում: Այսպեսՙ նկարչի դասական ձիերի սանձակոտոր ընթացքը ասես վերափոխվում եւ նմանվում է շարժման մեջ գալարվող բոցին: Այդպիսին է նաեւ «Հոգեբանական հորինվածք»-ըՙ իբրեւ մարդու ներքին փոփոխության արձագանք եւ առհասարակ կյանքի շարժման բոլոր արտացոլանքներըՙ ուղղակի եւ անուղղակի («Դինամիկ հյուսվածք», «Դինամիկ կառույց», «Շարժման մեջ», «Ուր են թռչում սեւերը», «Բոցը շարժման մեջ», «Համաստեղություն», «Սպիտակով սեւի վրա», «Շփում» շարքը, «Մետամորֆոզ», «Ծուխ» եւ այլն): Մարդկային դրամայի արտահայտումը այսպիսի ոճի մեջ դժվար իրացվող են, երբ հաղորդականություն է ապահովվում, բայց Ռուբեն Ադալյանին հաջողվել էՙ «Ռեքվիեմ», «Հորիզոնական դրամա», «Վիրավոր սիրտը»: Այս վիճակները ավելի սրում են հաճախակի հայտնվող մուգ ֆոները եւ սեւի գծաշերտային նետումները:

Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում: Նկարիչը շատ արագ փոխում է նյութը, գաղափարը, թեման, ժանրը, ոճը, ուղղությունը, դրանց արտահայտման ամենատարբեր ձեւեր գտնում: «Իր արվեստը կառուցելով մշակույթի զարգացման արեւմտյան, դասական եւ սինթետիկ մեթոդների շուրջՙ նա հավատում է ունիվերսալ լեզուների, հավաքական լեզվամտածողության հնարավորությանը:

. .. Առաջ քաշելով արվեստային այլ արժեհամակարգերի գոյացման խնդիրՙ նա դիտողին դրդեց ապրել աշխարհայացքային վերանայումներ, արվեստային միջավայրին չպարգեւելով պարզունակ գեղագիտական հարմարավետություն», գրում է Ա. Հայթայանը:

«Ռուբեն Ադալյան»-հետահայաց պատկերագիրքը հայացք է մեր ժամանակի հայ լավագույն նկարիչներից մեկի բազմաշերտ ու խորունկ արվեստի քիչ հայտնի էջերինՙ անառարկայական (աբստրակտ) նկարչությանը: Զետեղված 120 գունավոր վերատպությունները (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ռելիեֆ, կոլաժ) ամբողջացնում են նրա ստեղծագործական կյանքիՙ 1958-1995 թվականների այս ուղղությամբ արված գործերը. միաժամանակ բազում հարցեր ծնումՙ ի փոխազդեցություն ներկայացված բազում անակնկալների:

Ալբոմի հեղինակ եւ հրատարակիչՙ Արա Հայթայան, ձեւավորում եւ տպագրությունՙ «Փրինթինֆո», 2011 թ.:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4