Հայ կինը միշտ ամուր կանգնած է իր երկրի, իր ազգի ավանդույթների, իր օջախի ամրության, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական կյանքում իրավահավասարության` գենդերային հավասարության համար, ինչը կարելի է անվանել նաեւ կյանքի ներդաշնակություն: Ուշադիր հետեւելով կնկատենք, որ վերջին շրջանում, կանայք գրանցում են բավականին մեծ հաջողություններ ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական բնագավառում: Կարծես թե վերանում է այն կարծրատիպը, որ կինը պետք է խոհանոցում լինի միայն: Այսօր իկարկե որոշ մարդկանց համար մոդայիկ է դարձել անընդհատ ներբողել կանանց իրավահավասարության գաղափարը, եւ օրինակներ բերել, որ այսինչ կամ այնինչ կնոջը ծեծեցին, ծեծեցին, ծեծեցին, ծեծեցին, վիրավորեցին: Սակայն նշված ցավագին օրինակներն ընդամենը անմարդկային բարբարոսություն են: Կարծում ենք «իրավահավասարություն» հասկացությունը ավելի վեհ գաղափար է, որին ձգտում են բոլորը` անկախ տարիքից եւ սեռից:
Դրա վառ օրինակն է մեր զրուցակիցը` «Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Կին, որը առանձնանում է իր կենսագրությամբ: Սկսելով դաստիարակի աշխատանքից նա դարձավ մինչեւ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ եւ պատասխանատու քարտուղար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Երեւույթին վերաբերող հարցերի պատասխանները փորձենք իրենից ստանալ.
- Տկն. Ալավերդյան լինելով կին, արդյոք դժվա՞ր է արդյունքի հասնել հասարակական-քաղաքական բնագավառում։
- Դժվար է, եթե գործունեությունդ ընկալես որպես հնարավորություն, որից կարելի է օգտվել կամ ոչ, իսկ երբ ընդունում ես այն որպես հասարակության առջեւ պարտականություն, ապա, համոզված եմ, որ հենց կնոջ համար ավելի դյուրին է, քանի որ կանայք հաղորդակցության, համոզելու եւ համբերատարության բնածին ավելի բարձր հմտություններ ունեն, որոնք արդեն իսկ առավելագույնն արտահայտվում են բնականոն ընտանիքներում: Ե՛վ անհատը, ե՛ւ ընտանիքը, ե՛ւ հասարակությունն ընդհանուր առմամբ, պետք է ընկալեն, որ հանրության հանդեպ կնոջ պարտականությունները դրանք ընտանիքի հանդեպ պարտականությունների տրամաբանական շարունակությունն են:
- Դուք Ձեզ վրա զգա՞ցել եք գենդերային անհավասարության խնդիրըՙ ընտանիքում, հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում:
- Երբեւէ նման իրավիճակներում չեմ հայտնվել: Դեռեւս մանկուց մեր տանը, հետագայում նաեւ դպրոցում, համալսարանում, աշխատավայրերում եւ վերջապես արդեն իմ ընտանիքում նման խտրականություն չի եղել. եւ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր կին պետք է դրսեւորի խրոխտ եւ միաժամանակ խոհեմ վարքագիծ, որը, փորձով հիմնավորված ասեմ, հանգեցնում է շրջապատի հարգանքին։
- Ձեր կարծիքով ամեն ինչո՞ւմ է, որ կինն իրեն պետք է հավասար կարծի տղամարդուն։
- Մարդիկ տարբեր ենՙ անկախ սեռից, եւ բոլորն իրավահավասար են, կրկինՙ անկախ սեռից: Չի կարելի է նույնացնել գռեհիկ հավասարություն հասկացությունը եւ իրավահավասարության բարձր իմաստը: Միշտ ընդգծում եմ, որ իրավահավասարության հետ մեկտեղ պետք է շեշտվի կին-տղամարդ հարաբերությունների ներդաշնակության անհրաժեշտությունը։
- Դուք եղել եք նաեւ մարդու իրավունքների պաշտպան: Կարող եք ասել, այսօր որքանով է պաշտպանված կանանց իրավունքները Հայաստանում:
- Մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը երկրում ընդհանրապես հեռու է բավարարից: Երբ հանրային կյանքի հիմնական ոլորտներում կանանց մասնակցությունը 60-90% է, որոշումների կայացմանը եւ ղեկավարմանը կանանց ընդգրկվածության ամոթալի ցուցանիշը լիովին արտացոլում է կանանց իրավունքների իրավիճակը Հայաստանում։
ԱՆդրադառնալով ընտանիքին, հետաքրքրական է, արդյոք Լ. Ալավերդյանի ամուսնուն դժվար չէ մշտազբաղ կին ունենալ: Ի պատասխան «Ազգ»-ի հարցին նա ասաց. «Ամենեւին, որովհետեւ մենք կիսում ենք ընտանիքի եւ միմյանց հոգսերը»:
Ձեզ չի փոխանցվում մայրիկի աշխատանքային հոգսերն ու լարվածությունը հարցին դուստրերը պատասխանեցին. «Մեզ փոխանցվել է նրա նպատակասլացությունը: Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի բազմազբաղ է, բայց միեւնույն ժամանակ մենք չենք մոռանում նաեւ ժամանցի մասին»:
Անկախ տարաբնույթ կարծիքներին եւ ամենօրյա կոչերին հայոց մեջ վաղուց ձեւավորված է կյանքի ներդաշնակության, այս դեպքում գենդերային իրավահավասարության մասին պատկերացումը: Ժողովրդական իմատությունն հուշում է. «Մեռնի էն վիզը, որ գլուխ չունի, եւ մեռնի էն գլուխը, որ վիզը ինչպես ուզում, այնպես էլ շարժում է»:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ