«Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համբավը», Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներից մեկի` Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից անմիջապես հետո հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : Երեկ քննարկված եւ ընդունված այդ օրինագծի առնչությամբ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիան մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին:
«Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին», նշել է Նալբանդյանը, հիշեցնելով, որ դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունըՙ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են:
«Ընդունելով այս օրինագիծըՙ ֆրանսիական ժողովուրդը վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման», շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, օրինագծի առնչությամբ արտահայտվել է նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժուպեն` ի պատասխան իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազանգի: Ժուպեն նշել է, որ «եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ` ես այդ օրինագծի կողմնակիցներից չեմ», շեշտադրմամբ, թե օրինագծի ընդունումը կվնասի ֆրանս-թուրքական հարաբերություններին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ