«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՄԵՔՍԻԿԱԿԱՆ» ՓՉՈՑՆԵՐԸ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը դեռ հնարավորությունների այն փոքր մասն է, որ, ըստ ադրբեջանական տարբեր տրամաչափի գործիչների, պետք է օգտագործի Ադրբեջանը` «աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը»: Իսկ թե ի՞նչ է «ճշմարտությունը» ադրբեջանական ընկալմամբ` դժվար չէ գուշակել, հատկապես երբ ապատեղեկատվությունը դարձել է ադրբեջանական լրահոսի հիմնական բաղկացուցիչը:

Զորօրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հաճախ շրջանառության մեջ են դրվում տարբեր հայտարարություններ, որոնց տակ մոտ երկու տասնյակ ստորագրությունների առկայությունը բավարար է դառնում դրանք ընդունված համարելու, սակայն ոչ երբեւէ ԵԽԽՎ անունից ներկայացնելու համար: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները նույն այդ հայտարարությունները ներկայացնում են որպես ԵԽԽՎ ընդունած հայտարարություններ, երբեմն էլ նաեւ որպես որոշումներ:

Հերթական անգամ իրողությունը աղավաղված ներկայացնող է դարձել Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան: Որ տիկինը շատ է սիրում անդրադառնալ ղարաբաղյան խնդրին` օրենսդրական գործունեությունը մոռացած, դեռ հասկանալի է: Սակայն երբ ադրբեջանական փոխխոսնակը սուտը մատուցում է որպես իրականություն` կասկածելի է ընդհանրապես որեւէ տեղ ադրբեջանցի պատգամավորների գործունեության իսկությունը:

Մուրադովան, պարզվում է, կարծում է, թե Մեքսիկայի խորհրդարանը «որոշում է կայացրել» Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, եւ իբր դատապարտում է «Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը»: Ընդ որում, տիկին Մուրադովայի մատուցմամբ, սպասվում են «2012-ին այդպիսի որոշումներ ու բանաձեւեր մի շարք երկրների խորհրդարաններում»:

Ըստ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի, խորհրդարանական բանաձեւերը թեեւ չեն բերում իրավական հետեւանքների, բայց «նպաստում են հայկական իշխանությունների քաղաքականության առչությամբ ճիշտ դիրքորոշման ձեւավորմանը»: Բացի դրանիցՙ նույն մեքսիկացի խորհրդարանականներն, իբր, դատապարտել են «Խոջալուի ցեղասպանությունը»:

Հետաքրքրական է, թե ինչպես է ճիշտ դիրքորոշում ուզում ձեւավորել Մուրադովան, երբ նույն Մեքսիկայի Սենատում որեւէ բանաձեւ չի ընդունվել: Սենատում ղարաբաղյան հարց չի քննարկվել: Դրա փոխարեն, մեքսիկական խորհրդարանի հանձնաժողովներից մեկը նիստի ընթացքում ներկայացրել է իր զեկույցներից մեկից հատվածներ, որոնցում աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանն ու կոչ ուղղվել Հայաստանին եւ Ադրբեջանին` շարունակելու բանակցությունները` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, ապա այդ առնչությամբ Մեքսիկայի Սենատի հանձնաժողովի եզրակացության մեջ ցեղասպանություն բառ չի օգտագործվել, թեեւ Խոջալուի դեպքերը նշվել են որպես «ջարդեր»: Այս պարագայում էլ ինչպես տիկին Մուրադովային, այնպես էլ հեռավոր Մեքսիկայի խորհրդարանի հանձնաժողովի անդամներին լավ կլիներ ծանոթանալ իրականությանը, թեկուզ ադրբեջանցի լրագրող, Խոջալուի դեպքերի ադրբեջանցի կազմակերպիչների մասին նյութերի համար դատապարտված Էյնուլա Ֆաթուլաեւի հոդվածների տեսքով, որտեղ բավականին հստակ, որոշ փաստերով, ներկայացվել են Խոջալուի դեպքերի իսկական մեղավորները:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4