Մանկական գրքերում կամ դասագրքերում այսպիսի խաղատեսակ կա. պատկերված են երկու նույնատիպ նկարներ, ու երեխաներին հանձնարարվում է գտնել այդ նկարների մեջ 5 տարբերություն: Որպես կանոն, այդ տարբերությունները լինում են, սակայն սովորաբար դրանց հայտնաբերումը բավական ջանք է պահանջում երեխաներից: Հիմա եթե անգամ մենք բավական ջանք թափենք, ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեի` Բաքվում, այնուհետեւ Երեւանում արած հայտարարությունների տեքստի, բովանդակության մեջ դժվար թե կարողանանք հինգ տարբերություն գտնել. դրանք ուղղակի չկան: Ինչպես ավելի վաղ նշել է «Ազգը», Ֆասիեն ուղղակիորեն կրկնեց Երեւանում այն, ինչը ասել էր նախօրեին Բաքվում: Օրինակ. դեկտեմբերի 19-ին Բաքվում ադրբեջանցի լրագրողներին Ֆասիեն հայտնում է. «Եթե ես կրկին այցելեմ Ադրբեջան, ապա միայն որպես զբոսաշրջիկ կամ Ադրբեջանի բարեկամ»: Արդեն դեկտեմբերի 20-ին Երեւանում հայ լրագրողներին նույն Ֆասիեն հայտնում է. «Եթե ես կրկին այցելեմ Հայաստան, ապա միայն որպես զբոսաշրջիկ կամ Հայաստանի բարեկամ»:
Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պաշտոնավարման 7 տարիների ժամանակ այդպես էլ չի հասկացել, որ «Հայաստանի բարեկամը» Ադրբեջանում ոչ միայն բարեկամ չէ, այլեւ անցանկալի է, դա այլ խնդիր է, ու ամենեւին էլ ոչ մերը, մանավանդ որ Ֆասիեն հետայսու չի համարվում միջնորդ ԼՂ հիմնահարցում: Սակայն ուշագրավ է, Ֆասիեի «հրաժեշտի շրջագայության» ադրբեջանական արձագանքը: Մասնավորապես այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Վաշինգտոնում հայտարարել է. «Այն, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ադրբեջանական կողմի համար մի հայտարարություն է անում, հայկական կողմի համար` բոլորովին այլ, դա չի կարելի համարել կառուցողական»: Սակայն, ինչպես արդեն նկատել ենք, Ֆասիեն ոչ միայն «Հայաստանի համար առանձին», Ադրբեջանի համար առանձին» հայտարարություններ չի արել, այլ ուղղակի կրկնել է դրանք: Միակ «Հայաստանի համար հայտարարություն» որպես կարելի է նշել այն, որ ֆրանսիացի համանախագահի խոսքերովՙ ինքը դեկտեմբերի 20-ին առավոտյան եղել է Ծիծեռնակաբերդում, հետոՙ Մատենադարանում, եւ մեր երկիրը համարում է «հինավուրց երկիր»: Եվ այստեղ ոչ ֆրանսիացի համանախագահը, ոչ առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ որեւէ այլ մեկը «մեղավոր չեն», որ Ադրբեջանը ոչ ցեղասպանություն է տեսել, ոչ Մատենադարան ունի, ոչ էլ մանավանդ հինավուրց երկիր է: Հետեւաբար` Ֆասիեի խոսքերից «ազիմովյան» դժհոգությունը ուրիշ հիմքեր ունի. մասնավորապես ֆրանսիացին Երեւանում ընդգծեց, որ իր խոսքերը Փարիզում, թե «Ես հասկանում եմ Ադրբեջանի ցավը, որպես ֆրանսիացի գիտեմ, թե ինչ է նշանակում օկուպացիան», կոնտեքստից դուրս ներկայացված են եւ «հիմար մեկնաբանություն է տրվել իր խոսքերին»: Իհարկե, ո՞ր մի երկրի փոխարտգործնախարարը կհանդուրժի, երբ իր իսկ դրդմամբ արված մեկնաբանություններն անվանեն «հիմար»: Բացի սրանից` չմոռանանք, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից, համանախագահների այս կազմից դեռ «մանկուց» դժգոհություններ ունի:
Ինչեւէ, ֆրանսիացի համանախագահն արդեն հրաժեշտ տվել ու հեռացել է, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին արդեն ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան դեռ պաշտոնավարում է Ադրբեջանում որպես ԱՄՆ դեսպան: Ինչո՞ւ ենք ասում դեռ, քանի որ ԱՄՆ Սենատը այս նստաշրջանում էլ ոչ հաստատեց, ոչ մերժեց Բրայզային դեսպանի պաշտոնում, ինչը մեխանիկորեն կարող է ուղղակի պաշտոնազրկել ամերիկացուն: Անշուշտ` թե որ երկրում կոնկրետ ում դեսպան նշանակի կամ նշանակի՞ արդյոքՙ Վաշինգտոնում լավ գիտեն, ու դա ԱՄՆ ներքին հարցն է, սակայն թե ինչո՞ւ է Ադրբեջանի փոխարտգործնախարարը ջանասիրաբար պաշտպանում Բրայզային, տարօրինակ է: «Ադրբեջանը բացասական է գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Ադրբեջանում այդ երկրի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը չհաստատելու փաստը: Եթե Մեթյու Բրայզան, այդպես էլ այդ պաշտոնում չհաստատվելով, ստիպված լինի հեռանալ Բաքվում իր պաշտոնից, ամերիկացի դիվանագետների մեջ հարց կարող է առաջանալ, թե իրենք ո՞ւմ քաղաքականությունն են իրականացնելու` երկրի նախագահի՞, մի քանի սենատորների՞, թե՞ ապահովելու են լոբբիի անդամների շահերը», ըստ «ԱՊԱ»-ի հայտարարել է Ազիմովը: Այսինքն ի՞նչ է սա նշանակում. պարզապես եւ ընդամենն այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը սպառնում է, կշտամբում է, խորհուրդ է տալիս ամերիկացի սենատորներին, թե ում հաստատեն իր երկրում դեսպան, ու եթե չհաստատեն` «լավ չի լինի»: Արդյո՞ք միայն այս քայլով Ազիմովը չի ապացուցում, որ Բրայզան Բաքվում ամենեւին էլ Վաշինգտոնի շահերը չի ներկայացնում, էլ ուր մնաց` պաշտպանի: Քանի որ եթե այդպես լիներ, ապա նորմալ երկրի նորմալ փոխարտգործնախարարը ուղղակի նման պարագայում կհայտարարեր. «Թե ով կհաստատվի Բաքվում ԱՄՆ դեսպանՙ Վաշինգտոնի որոշելիքն է, սակայն այդ պաշտոնը երկար ժամանակով թափուր թողնելը կամ չկողմնորոշվածությունը այս հարցում, ավելին` ինչ-ինչ լոբբիստական խմբերի ճնշման տակ ընկնելը, մենք չենք խրախուսում, քանի որ դա կարող է խոչընդոտել ԱՄՆ-Ադրբեջան կարեւոր հարաբերություններին», վերջ, ընդամենը այսքանը: Մինչդեռ Ազիմովը գերադասել է կոնկրետ Բրայզային «ցանկանալ»: Ի դեպ, փոխարտգործնախարար Ազիմովին կարելի է «հուշել», որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, օրինակ, նույն կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ամենեւին էլ «բրայզասիրություն», գոնե տեսանելի, չկա: «Բաքվում ԱՄՆ դեսպանի նշանակումը, հաստատումը ԱՄՆ ներքին հարցն է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Բրայզայի հաստատման ձգձգման հետեւում հայկական համայնք է կանգնած, սակայն, կրկնում եմ, դա ԱՄՆ ներքին հարցն է, եւ ես չեմ կարծում, որ այս գործընթացը պետք է կապել Մինսկի խմբի աշխատանքների հետ», Բաքվում Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զիբերիի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հավանաբար երեկ Բաքու-Վաշինգտոն կապ չի եղել, այլապես Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը «հաստատապես» չէր անի սեփական նախարարին հակասող հայտարարություններ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ