«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գործակալներներն աշխատում են 24 ժամ շարունակ: Հաճախորդն ընդամենը հավաքում է 59-21-21 հեռախոսահամարն ու գործակալ հրավիրում` կնքելու իր ապահովագրական պոլիսները: Ընկերությունն ԱՊՊԱ շուկայում դարձել է վստահելի գործընկեր: 2011 թվականն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի համար արդյունավետ տարի էր:
Ընկերության մանրածախ եւ ռեգիոնալ վաճառքների բաժնի պետ Մասիս Վարդանյանը ձեռքբերումներից առանձնացնում է գործակալական ճկուն ցանցի ձեւավորումը:
Այս տարի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն բացել է 10 գրասենյակ բոլոր մարզկենտրոններում. «Ունենք շուրջ 1100 ֆիզիկական անձ եւ 300-ից ավելի իրավաբանական անձ գործակալներ»: Իհարկե, ավելի շատ գործակալներ աշխատում են մայրաքաղաքում, քան մարզերում, սակայն գրասենյակների թիվն, ըստ Մասիս Վարդանյանի, առաջիկայում ավելանալու է. «Ունենք ռազմավարական ուղղություններ, ու եկող տարի մեր հաճախորդներն ականատեսը կլինեն ընկերության պատրաստած անակնկալներին` թե գրասենյակների, թե գործակալական ցանցի բարելավման առումներով»:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն նախատեսում է գրասենյակներ բացել նաեւ խոշոր քաղաքներում:
Ընկերությունը թեեւ համալրում է գործակալական ցանցը, բայց շեշտադրումը ոչ թե գործակալների թիվն է, այլ նրանց որակական հատկանիշները: «Մեզ համար առաջնային է նրանց գրագիտությունը, վաճառքի ընդունակությունը, մարդկանց հետ շփվելու ունակությունը», ասում է Մասիս Վարդանյանը:
Ինչ վերաբերում է ԱՊՊԱ-ի շրջանին, ընկերությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ պետք չէ սպասել դեկտեմբերի վերջին օրվան, կնքելով ԱՊՊԱ պայմանագիրն այսօր` վարորդները կխուսափեն հետագա հերթերից:
Վարորդների այսօրվա պասիվությունը, մասնագետը բացատրում է հիմնականում տարածված այն սխալ տեղեկատվությամբ, թե ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրումը դառնալու է ոչ թե պարտադիր, այլ կամավոր, թյուրիմացությունն առաջացել է այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց, որ մեքենայի առքուվաճառքի ժամանակ չի պահանջվելու հենց տեղում կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Այս որոշումը շատերը սխալմամբ մեկնաբանեցին, թե ապահովագրումը պարտադիր չի լինելու: Բայց իրականում ԱՊՊԱ-ն եղել ու լինելու է պարտադիր:
Ինչքանո՞վ է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն պատրաստ ձյան տեղումներին ու եղանակի անակնկալներին. Մասիս Վարդանյանն ասում է, որ ընկերության հայցերի սպասարկման բաժինը նման իրավիճակում աշխատելուն ամբողջովին պատրաստ է: Ամսի 22-ի եւ 23-ի գիշերը տեղացած ձյունը անակնկալի չի բերել դեպքի վայր մեկնող փորձագետներին:
Ընկերության արագ արձագանքման ծառայությունը սպասարկել է մոտ 100 վթար եւ սպասարկման մեծ մասն իրականացրել է հեռախոսային զանգերի միջոցով, որպեսզի ավելի արագ կարողանան սպասարկել հաճախորդին:
Հանդիպման վերջում Մասիս Վարդանյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի անունից շնորհավորեց բոլորիս գալիք Ամանորը` մաղթելով բոլոր վատ իրավիճակներից ապահովագրված տարի:
Ի. Պ.