«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


ՈՉ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՐԵՑԻՆՔ, ՈՉ ԷԼ` ՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարողացա՞նք կառուցել արդար հասարակություն, արդարացա՞ն Հայաստանի քաղաքացիների հույսերը անցնող տարվա համար, արդյոք մարդիկ դույզն-ինչ կարողացա՞ն լուծել իրենց խնդիրները եւ մնա՞ց հույս` հղված ապագային. այս հարցերը պետք է դրական պատասխան ունենային անցյալ տարվա մասին մեր գնահատականներում: Դժվար է վերը նշված հարցերին միանշանակ (այն էլ` դրական) պատասխանել, դրա համար պիտի չինովնիկ լինել կամ նախընտրական խոստումին միշտ պատրաստ կուսակցական, սակայն ոչ առաջինն ենք, ոչ երկրորդը, եւ եթե փորձենք այս հարցերին նայել հասարակ հայ մարդու հայացքով` սա «յոլա գնալու», գոտին ձգելու տարի էր, շարքային ու մի կերպ անցնող, բայց եւ, այո, նախընտրական տարին է դեմը, այնպես որ ընտրություններով նոր կազմավորված իշխանության օգնությամբ կյանքը բարելավելու հույսը մարդկանց մեջ կա: Գումարած, որ անցնող տարին մեր անկախության 20-ամյակի տարին էր, այդ մասին պաշտոնապես եւ անպաշտոն հիշեցնողներ եղան, եւ անկախ դժվարություններից, 20-ամյա անկախությունը հպարտություն եւ պարտավորություն առաջացնող փաստ է` անկախ երկրի, թեկուզ դժվար ապրող, քաղաքացի լինելու առումով, մանավանդ Մատենդարանի նոր շենքը բացվեց` այդպես կարեւորելով հազարամյակով դպրություն ունեցողի պետության 20-ամյակը:

Սակայն ընդհանուր առմամբ տարին արդեն ուզում էինք անվանել դատարկ խոսքերի տարի, քանի որ սուտն ու անհիմն բարձրախոսությունը շատ էր իսկապես, երբ մեկ էլ գնացող ճագարն իրեն թափ տվեց ու հայերիս համար մի կարեւոր բան արեց` խոսքը Ֆրանսիայի Ազգային ժողովի` մեկ օր առաջ ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին է, որը կարելի է նաեւ ամանորյա նվեր համարել ողջ հայությանը` հասկանալով հանդերձ կատարվածի աշխարհաքաղաքական ենթատեքստը (Ֆրանսիան, անշուշտ, իր աշխարհաքաղաքական խաղի մասնիկն էր դարձրել այդ հարցը, ինչպե նաեւ Սարկոզին ստվարաթիվ հայ համայնքի ձայներն ընտրություններին շահելու խնդիր ունի նաեւ, բայց դա չի խամրեցնում հայերիս համար նպաստավոր իրողության նշանակությունը): Եվ հնարավոր է, իսկապես, որ Ֆրանսիայի օրինակը վարակիչ լինի Եվրոմիության մյուս անդամ պետությունների համար, ու մի օր Եվրոպայի կարեւոր պետություններում Ցեղասպանության ժխտումը նույն քրեական դատապարտումը ունենա, ինչ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատում ընդունվածի դեպքում է` մեկ տարի ազատազրկում կամ քառասունհինգ հազար եվրո տուգանք: Չնայած այդ օրինագծի վերջնական ընդունման ճակատագիրը մշուշոտ է` փետրվարին կամ մարտին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի, հետո գնա Ֆրանսիայի նախագահի հաստատմանը, սակայն Թուրքիան արդեն համաշխարհային վայնասուն է բարձրացրել եւ սպառնալիքներ է տեղում Ֆրանսիայի հասցեին: Բայց փաստն արդեն ինքնին նշանակալից է` Թուրքիայի իրական դեմքը տեսնելու, թուրքերի գործած ոճրի դատապարտումն այս առիթով Եվրոպայում եւ ողջ աշխարհում մի անգամ էլ արծարծելու առումով` մի խոսքով ձմեռային գիշերահավասարի օրը, անցնող տարվա ամենավերջում իսկական նվեր բոլորիս:

Վերադառնալով մեր առջեւ դրված խնդրին` գնահատելու անցնող տարին Հայաստանի համար` ասենք, որ ոչ մեծ ուրախություններ ապրեցինք, ոչ էլ մեծ հիասթափություններ, ամենաշարքային տարի էր անցնողը Հայաստանի քաղաքացիների եւ երկրի համար, իսկ որպես ամենամեծ դրական փաստ կարող ենք նշել, որ տարեսկզբից սկսված արաբական քաոսն իր անդրադարձը չունեցավ Հայաստանում, ու մարեց դեռ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած ընդդիմադիր հասարակական հատվածների ակտիվությունը, քանի որ ընդդիմադիր ՀԱԿ-ը չկարողացավ գեներացնել հասարակության բողոքավոր զանգվածի ուժը: Դա իսկապես դրական էր պետության անվտանգության տեսակետից, սակայն այն խնդիրները, որոնք ունի հասարակության ընդդիմադիր հատվածը, մեծ հաշվով` նաեւ ողջ հասարակությունը, մնացին անթեղված, եւ դրանք վերահասցեագրվելու են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Իսկ թե ինչպե՞ս է իր դիրքերը զիջած արմատական ընդդիմությունը եկող տարի ժողովրդական ճնշում իրականացնելու, ինչպես որ այժմ էլ դեռ հայտարարում է, այնքան էլ պարզ չէ, երբ այս աշնանը ՀԱԿ-ն արդեն իսկ մարդ չէր կարողանում հավաքել Ազատության հրապարակում: Հավանաբար ՀԱԿ-ին ու նրա առաջնորդի վարկանիշին վերջին հարվածը տվեց WikiLeaks-ը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի այն գաղտնի նամակի հրապարակմամբ (թվագրված 2008 թվականի սեպտեմբերի 8-ին), որում ասվում է, թե ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին առաջարկել է գործարք` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությունը կանխելու նպատակով: Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ-ի անունից պատրաստակամություն է հայտնել հրաժարվել փողոցային ակցիաներից եւ այլ գործողություններից, եթե նախագահ Սարգսյանը մի քանի շաբաթվա ընթացքում ազատ արձակի ընդդիմության 75 կողմնակիցների, որոնք մարտի մեկի դեպքերի հետ կապված բանտում էին:

Հիշեցնենք, այնուամենայնիվ, քաղաքական դաշտի մինչ այդ եղած վայրիվերումները: Անցած տարվա փետրվարի 18-ի հանրահավաքում դեռ Տեր-Պետրոսյանը հավատացած էր, որ Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի խնդիր է, իսկ մարտի 1-ին 14-կետանոց մի պահանջագիր ներկայացրեց իշխանությանը: Դրան նախորդել էր փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագիրը` թե երեք ներքոստորագրյալները (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) «խորհրդարանական ընտրություններին գնալու ենք միասնական թեկնածուով, ի դեմս գործող նախագահի»: Այս հուշագիրը ծագել էր դեռ նախորդ տարեվերջից սրվող այն ինտրիգի համատեքստում, թե ԲՀԿ-ն կարող է իր թեկնածուն ունենալ նախագահական ընտրություններում:

Մարտին աշխարհն էլ անհանգիստ էր` երկրաշարժ Ճապոնիայում, ցունամի, Քադաֆի եւ այլք արաբական աշխարհում, մինչդեռ Հայաստանում խոսքի մակարդակով ահարկու, իրականում` ծույլ քաղաքական ընթացք էր, կյանքը թանկ ու դժվար, բայց մեկ է` ցնցումներ չկային եւ համեմատաբար կայուն էր: Մարտի կեսին Տեր-Պետրոսյանին հացադուլով կտրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ու թեեւ նրա հացադուլի նշանաբանը «Ընդդեմ կուսակցապետության» էր, բայց բորբոքեց ՀԱԿ-ի խանդը, ու խոստովանենք, մի լավ ցնցեց ընդդիմության միաբեւեռության պատրանքը: Այդ նույն ամսին Հայաստանի իշխանությունն էլ մյուս կողմից էր փորձում բացահայտումներով փորձում լիցքաթափել իրավիճակը` սոցապահովության ծառայության ոլորտի խայտառակ չարաշահումները ՎՊ-ի միջոցով բացահայտելով: Ավելի վաղ էլ, դեռ տարվա սկզբին նոր քաղաքապետ էին բերել` Կարեն Կարապետյանին, որը «դխկոց» էր խոստացել, բայց արդեն պաշտոնավարումից ութ ամիս հետո իրեն «դխկացրին»: Ապրիլի քսանչորսին Օբաման հերթական անգամ չարտասանեց «Ցեղասպանություն» բառը` մերոնք մի երկար ժամանակ զբաղվում էին այդ թեմայով կանխատեսումներով, հետո էլ երկար վերլուծում, թե ինչու չարտասանեց Սպիտակ տան սեւամորթ տանտերը այդ ճշմարիտ բնորոշումը: Ապրիլի վերջին, երբ ՀԱԿ-ը դեռ արտահերթով փորձում էր «փրկել երկիրը», սակայն արդեն ակնհայտ էր, որ արմատական ընդդիմությունն իր բարձրակետից արդեն վաղուց սահուն իջնում էր ցած: «Վիկիլիքսն» ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանի համար թափում էր իր «մարգարիտները»` մերթ իշխանական, մերթ ընդդիմադիր առանցքայիններին իրենց տեղը ցույց տալով, մի պահ աշխարհն ու Հայաստանը կարծես «Վիկիլիքսն» էր կառավարում, դա էլ հատկապես ընդդիմության համար երկար զբաղմունք դարձավ:

Ապրիլին գնաց մարդու իրավունքնեերի պաշտպան Արմեն Հարությունյանը, եւ մենք նոր պաշտպան ժառանգություն ստացանք` Կարեն Անդրեասյանին:

Մայիսին խոսեց Քոչարյանը` ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ անգամ իշխանությանը ծանր խոսքեր ուղղելով, ու այս պահից, անկախ ամեն ինչից, համենայն դեպս մամուլի մակարդակով էր այդպես, քաղաքական դաշտի բեւեռներն իրենց արսենալը գործադրում էին կարծես ոչ թե իրար դեմ, այլ մի երրորդ նպատակի համար` թույլ չտալու Քոչարյանի վերադարձը քաղաքականություն եւ իշխանություն: Թե որքանով էր դա իրականությանը մոտ, որքանով` հրահրված, թողնենք ԶԼՄ-ների խղճին, բայց այս պահից սրվեց մի երրորդ հարց` թույլ չտալ ԲՀԿ-ին անկանոն շարժումներ անել: Իսկ խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցին հնչած ԲՀԿ առաջնորդի այն միտքը, որ ԲՀԿ-ն պայքարելու է խորհրդարանական ընտրություններին 50+1 տոկոս ձան ունենալու համար, իրար խառնեց իշխանական կոալիցիոն դաշտը: Այնպես որ` մրցակցությունը, փաստորեն, անցնող տավա կեսերից արդեն ոչ թե ՀԱԿ-իշխանություն տիրույթում էր, այլ իշխանության ներսում էր` ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում, ինչն էլ հենց նշանակում էր, որ ՀԱԿ-ն այլեւս քաղաքական գործընթացների վրա մեծ ազդեցություն ունեցող գործոն չէ: Ու վաղուց ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերաբերյալ խոսակցությունները իբր մերժող կողմ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ հունիսին սկսված երկխոսությունը մի փոքր տարընթերցումների տեղիք էր տալիս արդեն, թեեւ ընդհանուր առմամբ երկխոսությունը պիտի որ դրական անդրադարձ ունենար հայոց քաղաքական իրականության մեջ. բոլոր դեպքերում ողջ ամառ ձգված երկխոսական իմիտացիան միայն ավելի թուլացրեց ՀԱԿ-ի դիրքերը, ու արդեն հոկտեմբերի առաջին շաբաթը, երբ ՀԱԿ-ը փորձեց վերագտնել «վաղեմի փառքը», հասկացավ, որ գնացքն արդեն գնացել է (Սարկոզի՜ն էր եկել այդ ժամանակ Հայաստան, ու մեր նախագահի հետ ջերմ-ջերմ խոսում ու ժպտում էր` Տեր-Պետրոսյանի ջգրու): Ու դրանից հետո էր, որ ՀԱԿ-ը փաստորեն հրաժեշտի բանաձեւ ընդունեց` «երկխոսությունն անիմաստ է, իշխանությունն` անհաղորդ» բացատրությամբ: Իսկ արդեն նոյեմբերի վերջին Տեր-Պետրոսյանը մի վերջին անգամ երազեց` «Առաջ դեպի անսերժ Հայաստան»:

Իշխանությունը փորձում էր շարունակել տարեսկզբին սկսված պաշտոնափոխությունները, բայց դա կարծես ավելի ֆորմալ բնույթ էր կրում, քան բովանդակային (բովանդակայինի մասով գուցե եւ ճիշտ չենք` փոփոխություններում բովանդակություն կա, բայց ոչ հասարակության համար, այլ ընտրություններին մեջք պնդացնելու առումով). ոստիկանապետն ու Ազգային ժողովի նախագահը փոխվեցին, ոստիկանական համակարգոում մի շարք պաշտոնյաներ իրենց տեղը զիջեցին մյուսներին, նախագահի աշխատակազմի ղեկավարը փոխվեց, Մարգար Օհանյանին եւ Թամամյանին են դատում, կարծես թե նրանք կարող էին ինքնագլուխ որեւէ հարց վճռել, ինչպես որ Վազգեն Խաչիկյանի դեպքում էր (այստեղ խնդիրն արմատից լուծելու` համակարգային փոփոխությունների մասին պետք է խոսք գնա):

Ամռանը մի պահ ներքաղաքական գործընթացներից մարդկանց ուշադրությունը մի պահ շեղվեց. ԼՂՀ հարցի կարգավորման հերթական պատուհան կարող էր բացվել` մեզ համար համապատասխան մտահոգություններով եւ հետեւանքներով: Բոլորը Կազանում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանն էին սպասում` մտահոգվելով, որ Հայաստանին կարող են կանգնեցնել ԼՂՀ կարգավորման փաստաթուղթ ստորագրելու պարտադրանքի առջեւ` աննպաստ ձեւակերպումներով: Սակայն նախորդած մեծ քաղաքական իրարանցմանը, երբ բացառապես բոլոր քաղաքական ուժերը կազանյան հանդիպումն աշխարհի վերջի պես մի բան ընկալելով` մեծ աղմուկ էին բարձրացրել, հաջորդեց ոչինչ, որի վերաբերյալ նախագահ Սարգսյանը, Ուկրաինայում, նախագահ Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսում, պիտի ասեր. «Կազանում կարող էր բեկում արձանագրվել, սակայն, ցավոք, պաշտոնական Բաքուն իրեն պահեց այնպես, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում»: Այսինքն, երբ Բաքուն որեւէ բան է ուզում ձախողել, առաջարկներ է ներկայացնում` Կազանում էլ տասը նոր առաջարկ էր ներկայացրել: Կարգավորմամբ զբաղվողների համար հասկանալի դարձավ նաեւ, որ բանակցային գործընթացում պետք է վերջապես ընդգրկել Լեռնային Ղարաբաղին, սա չէր ասվում, բայց հասկացվում էր, եւ հետագայում (Կազանից հետո այդ հետագան անորոշ հետաձգվում էր փաստորեն) դա պետք է տեղի ունենա:

Մի խոսքով` կարծես արտաքին եւ ներքին գլխավոր քաղաքական խնդիրներն ու կնճիռները համարյա սառեցված վիճակում ժառանգություն են մնում նոր` 2012 թվականին: Իսկ նորը, խոստովանենք, արդեն այս գլխից երեւում է, կքել է մի անտանելի ծանրության տակ` աշխարհի մակարդակով գլոբալ տնտեսական ճգնաժամ է, տիեզերակարգ է փոխվում` էլ մայաների օրացույցով նշված ժամանակի ավարտ, է՛լ երկրաշարժերի եւ այլ տարերային աղետների սպասում, իսկ աշխարհի մեր անկյունում ժառանգություն մնացին ե՛ւ սոցիալական ծանր խնդիրները, ե՛ւ ներքաղաքական գլխավոր հարցի` ներկոալիցիոն մրցակցության հանգուցալուծումը, եւ ընդդիմադիր դաշտի նոր կոնսոլիդացումը, եւ ազգի համար գլխացավանք դարձած խորհրդարանական ընտրությունների անցկացումը` ընդհանուր վատ ապրելակերպի, հասարակության համար բազմաթիվ սոցիալական, իրավական խնդիրների չլուծվածության պարագայում:

Ընդհանուր առմամբ` շատ խոսվեց եւ քիչ գործ արվեց, փոքր թռիչքների տարի էր, այսպիսով, սպիտակ ճագարի տարին, որտեղ ամեն ինչ կախված էր մարդկանցից, նրանց կամքից, խելք ու շնորհքից, եթե դրանցից ունեինք: Ու թեեւ աշխարհի մեր անկյունում առանձնապես վտանգի զգացողություն չկար, եւ մենք կարող էինք մեր խնդիրների վրա կենտրոնանալ, բայց, փաստորեն, այնքան էլ այդպես չարեցինք: Նախագահից սպասելիք փոփոխությունները մնացին մի քանի մարդ փոխելու մակարդակի, մարդկանց կյանքում արմատական փոփոխություններ եւ տեսանելի բարելավում չեղավ: Այսինքն` փոփոխությունների պահանջարկն այդպես էլ պահանջարկ մնաց եւ չբալանսավորվեց համապատասխան առաջարկով: Ամեն դեպքում հանգստանանք, ուժ հավաքենք` քանի որ ծանր տարի է սպասում բոլորիս: Վիշապը (ականջը կանչի իմ բարեկամ, աստղագետ Արեգ Միքայելյանի, որը կենդանակերպի նշանների մասին խոսելը համարում է հակաինտելեկտուալ) քնածներին ու չնախաձեռնողներին, ստեղծագործկան երեւակայություն չդրսեւորողներին եւ ալարողներին չի սիրում ու կխժռի նրանց: Բայց չմոռանանք, որ հայերիս հին ու սիրելի աստվածը Վիշապաքաղն է, ու մեզ պետք չէ զայրացնել, մեկ էլ տեսարՙ վեր կացանք ու քաղեցինք դրսի ու ներսի վիշապներին:

Մտնում ենք Նոր տարի` ամեն դեպքում չարածի համար պարտավորություն վերցնենք, անելիքի համար` լարենք մեր ուղեղն ու բազուկը, եւ անցնողին էլ ճամփու դնենք անչար ու ներած, քանի որ մե՛ր կյանքի ժամանակն էր անցնողը, որից բարին հետներս տանենք Նոր տարվա մեջ:

Խաղաղություն ամենեցուն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4