«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-10 | #2, 2012-01-11 | #3, 2012-01-12


ԵՐԲ ԳԻՏԵՆՔ ԱՆՈՒՆԸ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ՏԵՍԵԼ ՀԱՄԸ

Եթե մեկը կանգնի Կրեմլի դիմաց ու ամբողջ ուժով բղավի` «Դիմա, ուխադի», կամՙ «Վովա, պաշոլ վոն», ապա այդ քաղաքացուն նախ կտեղափոխեն ոստիկանության բաժին, իսկ հետո` ինչպես «նորագույն ռուսական ֆիլմերում...»: Հիմա Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ՞, թե՞ մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ռուսաստանը: Ի դեպ, ոչ միայն Ռուսաստանը. օրինակՙ Վաշինգտոնում, եթե մի ամերիկացի, «ֆրիիդոմը» խառնելով բարձիթողության հետ, Սպիտակ տան դիմաց բղավի` «Բարաք, յու մասթ գո օն.շեյմ ան յու», ապա, նախ այս ամերիկացին չի կարող մոտենալ Սպիտակ տանը այնքան մոտիկ, որ «Բարաքն իրեն լսի», ապա`... ինչպես «ծանոթ ամերիկյան ֆիլմերում», մանավանդ, եթե այս ԱՄՆ քաղաքացին, ասենք, մի փոքր նման լինի արաբի: Փաստորեն, եթե «ժողովրդավարության դարբնոց», ըստ ոմանց` անգամ «օրորոց», ԱՄՆ-ում նման պահվածքը ազատության դրսեւորում չէ, ուրեմն կա՛մ մենք ազատությունը լավ չենք հասկանում` ի՞նչ է, կա՛մ հասկանում ենք, ուղղակի այդ ամերիկացիներն ո՞ւր էին, երբ մենք այստեղ` Անտիոքից Եդեսիա էինք գնում, Մուշից` Տրապիզոն: Ինչ վերաբերում է, ասենք... Լիխտենշտեյնին կամ Մոնակոյին, ապա մարդիկ այնտեղ բոլորովին ժամանակ չունեն ոչ մտածելու, թե ի՞նչ է քաղաքացիական ազատությունը, ոչ էլ, հետեւաբար, բողոքելու դրա բացակայությունից: Իսկ միգուցե հենց սա էլ իսկական քաղաքացիական ազատությո՞ւնն է, երբ պետությանդ քաղաքացին ժամանակ չունի, քանի որ աշխատում է, կամ աշխատանքից հետո` ընտանիքի հետ, ընկերներով կամ ուղղակի մենակ գոլֆ է խաղում կանաչ տարածքում, ի դեպ... Գուցե մարդկանց համար նման պայմաններ ստեղծվում են հենց ժողովրդավարությունից ելնելով կամ ժողովրդավար կոչվելո՞ւ համար... Վերջերս Նիդեռլանդներում, օրինակ, անցկացվել էր սոցիալական հարցում. պարզվել էր, որ 60 տոկոս հարցված հոլանդացիները չգիտեն իրենց երկրի վարչապետի անունը. հիմա սա վարչապետի լա՞վ, թե՞ վատ աշխատելուց է: Ասում են, որ ֆուտբոլի դաշտում լավ է այն մրցավարը, որը չի նկատվում...

Իսկ հիմա պատկերացրեք, դուք պարզապես ու միայն ձեզ համար արտասահմանից մեքենա եք բերել Հայաստան: Քանի՞ տեղ ու քանի՞ անգամ կզգաք պետության ներկայությունը: Իսկ նույն ժամանակահատվածում` շվեդ Սվենը իր հին անգլիական «Յագուար»-ով Նորվեգիայից անարգել կվերադառնա հայրենիք: Ինչո՞ւ ենք համեմատվում ԵՄ-ի երկրների հետ, իսկ ո՞ւմ հետ պետք է համեմատվել` առաջընթացի գոնե հույս ունենալու համար, միայն չասեքՙ ՀԱՊԿ դաշնակիցների` Ուզբեկստանի, Տաջիկստանի, կամ էլ հեռավոր Մադագասկարի հետ:

Ժողովրդավարության հաջորդ կարեւոր ոլորտը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Չէ, պաշտպան ունենք, ունենք նաեւ այդ պաշտպանին շատ հարցերում օգնող-հուշող «Չենք լռելու» հասարակական կազմակերպությունը` անհայտ անդամներով: Սակայն հարցրեք փողոցում, իսկ ցանկալի է` մարզերի բնակավայրերում պատահական մարդու` իր իրավունքները հարգվա՞ծ են: Իհարկե կասիՙ ոչ, ընդ որում ոչ միայն այն պատճառով, որ իր իրավունքներն իրոք պաշտպանված չեն, այլ որովհետեւ ինքը չգիտի իր իրավունքները: Օրինակ, եթե Իսլանդիայում բազմահարկ շենքերից մեկի վերեւի հարկից ոմն Գորան ապակե տարա նետի ներքեւ, ապա առաջին հարկում իր ընտանիքի հետ թեյ վայելող Գուդյոնսենը ոչ միայն իր իրավունքները կպաշտպանի, այլեւ ցույց կտա վերեւի հարեւանին նրա իրավունքների սահմանագիծը, ոչ թե հաջորդ օրը Ռեյկյավիկի զբոսայգիներից մեկում զբոսնելով կպատմի ընկերոջը երեկոյան միջադեպի մասին` չմոռանալով «բոլորի սանձարձակության մեջ մեղադրել իշխանություններին»: Բայց ոչ, մենք այս հարցում էլ համեմատվում ենք Ադրբեջանի հետ, առավելագույնը` Վրաստանի կամ Մոլդովայի:

Մի խոսքով` նախքան ժողովրդավարական երկիր դառնալը, ինչպիսին չենք, քանի որ մեր համեմատության չափանիշը Ղրղզստանն ու Աֆղանստանի կեսը չեն, անհրաժեշտ է հասկանալ ժողովրդավարությունը: Իսկ դա դժվար չէ. պատկերացրեքՙ արթնանում եք առավոտյան ու գիտեք, որ աշխատանքի եք, ընդ որում այդ աշխատանքն այնպիսին է, որ վաստակած գումարով կարող եք ոչ միայն ամուսնանալ կամ Նոր տարի անել, այլեւ մտածել երրորդ երեխայի մասին: Հետո գնում եք աշխատավայր, որտեղ ոչ ոք չի կարող ձեզ չվարձատրել կամ ուղղակի չի կարող ձեզ աշխատանքից ազատել, հանգիստ կատարում եք ձեր պարտականությունները` չմոռանալով նաեւ անձնական աշխատանքային հետաքրքրությունների բավարարման մասին, ու թեկուզ հոգնած, բայց բավարարված վերադառնում եք տուն: Ընդ որում այն մեքենայով, որը գնել եք ապառիկով ու որի ամենամսյա դրամական հատկացումների մասին չեք էլ մտածում, քանի որ դուք աշխատում եք, ու ձեզ վարձատրում են: Հիմա, այս մարդը ինչո՞ւ պետք է մտածի ժողովրդավարության մասին, կամ` ժողովրդավարությունը հենց սա չէ՞, մարդու իրավունքների պաշտպանությունն էլ գումարած:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4