Կյանքից հեռացավ հետախուզության լեգենդ Գեւորգ Վարդանյանը
... «Վատ բան պիտի ասեմ...». պաշտոնաթող հայ հետախույզի այս զանգը կարող էր նշանակել մի բան միայն` կյանքի 88-րդ տարում վախճանվեց լեգենդար խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության Հերոս Գեւորգ Վարդանյանը, ում անվան հետ է կապված 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ ընդդեմ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի ուղղված Երրորդ Ռայխի կողմից ծրագրված մահափորձի ձախողումը: Այն ժամանակ 19-ամյա Ժորան «թեթեւ հեծելազոր» կոչվող պատանի հայրենասերների խմբի անդամների (որոնց թվում էր եւ իր ապագա կյանքի եւ գործի ընկերուհի Գոհար Փահլեւանյանը) հետ միասին բացահայտեց ավելի քան 400 գերմանական գործակալի, նրանց մասին տեղեկությունները փոխանցելով Իրանում խորհրդային ռեզիդենտուրայի ղեկավար, ականավոր հետախույզ Իվան (Հովհաննես) Աղայանցին:
Այս մասին 70-ականներին նկարահանվեց «Թեհրան-43» գեղարվեստական կինոնկարը, իսկ նախորդ տարի` Մեծ Հայրենականում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ խաղարկային-փաստագրական «Թեհրան-43. ճշմարիտ պատմություն» ժապավենը` իրենց` տեր եւ տիկին Վարդանյանների մասնակցությամբ:
...Սակայն Գեւորգ Վարդանյանի` ցայսօր միակ գաղտնազերծված` թեհրանյան շրջանը, իր իսկ վկայությամբ, կազմում է տեր եւ տիկին Վարդանյանների գործունեության ընդամենը 5-10 տոկոսը: «Թեհրանից հետո մենք արել ենք այնպիսի բաներ, որ նույնիսկ չի էլ կարելի համեմատել «Թեհրան-43»-ի հետ», ապշեցրեց սույն տողերի հեղինակին լեգենդար հայ հետախույզը իրենց նվիրված դեռ առաջին գրքիս համար, ռուսերենով` «Соприкосновение с легендой: разведчики-нелегалы Геворк и Гоар Вартаняны», հարցազրույց տալու ժամանակ:
...Ամենաառաջին հանդիպումն էր հետախույզի եւ լրագրողիս միջեւ, եւ, բնականաբար, Գեւորգ Անդրեեւիչը խիստ զգուշավոր էր, նույնիսկ` «ժլատ», պատասխանելով հարցերիս: Բարեբախտաբար, աստիճանաբար` ամիսների ընթացքում` «սառույցը կոտրվեց», ընկերացանք, եւ արդեն երկրորդ գրքիս, մայրենի լեզվով` հայկական զույգ պետությունների 20-ամյակի առթիվ, վերնագրված «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններ. հպումը լեգենդին շարունակվում է...» պատրաստման ժամանակ նյութը ավելացավ, սակայն ոչ այնքան շատ:
...Երեսուն երկար տարիներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանները ծպտյալ աշխատել են արտերկրում` «մեծածախ առեւտրով զբաղվող պարսկահպատակ բիզնեսմենի» ընտանիքի քողի տակ` մի քանի տասնյակ երկրներում: Միայն Եվրոպայում նրանք բացահայտել են ՆԱՏՕ-ի տասնյակ գաղտնի հենակայաններ` «ընկերանալով» տարբեր երկրների նախարարների, վարչապետների, նախագահների, թագավորների հետ: Իսկ ԱՄՆ Գեւորգ Վարդանյանի «բիզնես գործուղումների» ժամանակ այնտեղ օգտակար կապեր հաստատելու գործում նրան մեծապես օգնել է... ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն ծովակալ Սթ. Թերները, որն այն ժամանակ ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատարն էր Միջերկրականում...
... Գեւորգ Վարդանյանը միակ խորհրդային հետախույզն է, որն արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչմանը ոչ-պատերազմական ժամանակահատվածում եւ կենդանության օրոք, այն էլ «առոք-փառոք» 80-ականների կեսերին Մոսկվա վերադառնալով:
Ապրելով եւ աշխատելով Մոսկվայում, Գեւորգ եւ Գոհար Վարդանյանները սերտորեն կապված են եղել հարազատ Հայաստանի հետ. նույնիսկ իրենց «ծպտյալ» տարիներին նրանք արձակուրդն անցկացրել են ոչ այլուր, այլ Երեւանում:
Հոգով եւ սրտով, նույնիսկ նիստուկացով նրանք եղել եւ մնացել են հայ, եւ պատահական չէ, որ 2009 թ. նախագահ Ս. Սարգսյանը Գ. Ա. Վարդանյանին պարգեւատրեց Պատվո շքանշանով:
... Կարծես թե երեկ էր, երբ զրուցում էինք իրենց թոռնուհի Մարգարիտայի եւ շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի պսակադրության առթիվ Երեւան այցելած Գեւորգ Անդրեեւիչի հետ... Առույգ էր, աշխույժ, ուրախ, պատմում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման մասին...
...Այո, ունենք «կենդանի լեգենդներ»` Շառլ Ազնավուր, Շեր, Քըրք Քըրքորյան...
Սակայն այն, ինչ արել է Գեւորգ Վարդանյանը, մնում է ամբողջովին չբացահայտված, եւ բացառված չէ, որ այդ մասին այդպես էլ երբեք չիմանանք...
«Հետախույզի գլխավոր հատկությունը հայրենասիրությունն է». այս էր Գեւորգ Վարդանյանի անփոփոխ պատասխանը սույն տողերի հեղինակի բոլոր փորձերինՙ պարզել ինչ-ինչ «հատուկ» հատկություններ:
...Կարծում եմ, որ լավագույն հուշարձանը Մեծ հայի հիշատակին կլինի անկախ Հայաստանի մատաղ սերնդին հենց այդպիսի` հայրենասիրական ոգով դաստիարակելը:
ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ, Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների մասին երկու գրքերի հեղինակ