«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2012-01-12 | #4, 2012-01-13 | #5, 2012-01-14


ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՏՈՒՆԻ ՄԵԹՈԴԸ

Ես չգիտեմՙ որքան իմաստուն էր հրեաների Սողոմոն Իմաստուն արքան, սակայն հաստա՛տ կանանցից գլուխ հանում էր, այլապես 400 կին չէր պահի, 600-ից ավելի էլ հարճ, ու դեռՙ սիրտ ունենալ հրաշալի սաղմոսներով այդպես գովերգելու իր գեղուհիներին: Հին կտակարանում ցույց է տրվում, որ նա հրաշալի հասկանում էր նաեւ մայրական հոգեբանությունը: Երբ երիտասարդ երկու կանայք գանգատով եկել էին նրա մոտ վիճարկելու նորածին երեխայի պատնակելիության հարցը, Սողոմոն արքա-դատավորը երեւութապես դաժան վճիռ կայացրեցՙ հրամայեց երկու կես անել երեխային եւ ամեն մի կեսը տալ կանանցից յուրաքանչյուրին: Երեխայի իսկական, հարազատ մայրը մեջ ընկավ իսկույն եւ արքա-դատավորից խնդրեց չանել այդ բանը, այլ երեխային ողջ եւ առողջ տալ մյուս կնոջը, միայն թե կենդանի մնար իր զավակը: Անշուշտ նա հույս ուներ, թեեւ Հին կտակարանը ոչինչ չի ասում այս մասին, որ գուցե մի օր այդ երեխան կլիներ իրենը:

Հիմաՙ Թբիլիսիում եւ ընդհանրապես Վրաստանում հայոց եկեղեցիների պարագան:

Հունվարի 9-ին հրդեհի եւ հրշեջների կոպիտ միջամտության պատճառով Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին հայտնվեց վերջնական փլուզման վտանգի առջեւ, ինչպես դրանից առաջ Վրաստանի իշխանությունների մեղքով ու մեղսակցությամբ նույն վտանգին էին ենթարկվել Շամխորեցոց Կարմիր Ավետարան, Մուղնեցոց Սուրբ Գեւորգ ու եւս երկու հայկական եկեղեցիներ:

Վրաստանի մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող Սուրբ Նշան եկեղեցում պատահածին բնականաբար առաջինն արձագանքեց հայկական կողմըՙ հայությունը Վրաստանում, Հայաստանում, Հայոց պետությունն ու Մայր աթոռը: Հայկական կողմի ահազանգը շուտով դարձավ ահազանգ ու բողոք, մինչ վրաց կողմը, առանց իրական շահագրգռվածության, գրեթե անտարբեր ու ի միջի այլոց արձագանքեցՙ իր հերթական խոստումները մի կերպ բաց թողնելով, հավանաբար վախենալով, որ արագ արձագանքումը կնշանակեր ու կընկալվեր իբրեւ հաստատումն այն ճշմարտության, որ այդ եւ մյուս եկեղեցիները հայապատկան են, հարազատ ծնունդը եւ ստեղծագործությունը հայ ժողովրդի:

Ավելորդ զգուշավորություն: Հենց հայկական շուտափույթ արձագանքը, բողոքն ու պահանջը ցույց են տալիս, մի ավելորդ անգամ, թե ո՛վ է հարազատ մայրը այդ եւ մեր մյուս կառույցներիՙ առանց Սողոմոն Իմաստունի կիրառած մեթոդին կամ, նորօրյա արտահայտությամբ, թեսթին: Սուրբ Նշանի եւ մյուս մի քանի եկեղեցիների պատկանելիության հարցը վիճարկելի չէ ոչ մի ատյանում, ոչ մի դատավոր-արքայի առջեւ:

Եվ շատ ճիշտ է վարվել Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը, որ իր վերջին հայտարարության մեջ կոչը հղել էր ոչ թե վրաց կաթողիկոս-պատրիարքին, այլ իշխանություններին: Վրաց եկեղեցին այս պարագայում եւ ընդհանրապես հանդես է գալիս Սողոմոնի առակի կեղծ մոր դերում, որի համար երեխայի ճակատագիրը բնավ կարեւոր չէ: Հետեւաբար մեր ճնշումը պետք է ուժեղանա վրաց իշխանության վրաՙ հաչս Եվրոմիությանը եւ համաշխարհային եկեղեցական կառույցներիՙ նրան պատասխանատվության առաջ կանգնեցնելու արդարության վերահաստատման, երեխային ողջ եւ առողջ իր հարազատ մորը վերադարձնելու գործում:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4