«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2012-01-12 | #4, 2012-01-13 | #5, 2012-01-14


ԵՐԵԿՎԱ ԳՈՒՅՆԸ

Ուրբաթտասներեքը սատանայական համարողների միստիկների ջգրու երեկվա օրը հոսեց իր հանգով` ոչինչ չէր սնում սնահավատների «բա որ ասում էինքը», եւ Աննուշկան բնավ էլ չթափեց ձեթը: Սակայն մեր ուրբաթտասներեքը հատկապես ու առանձնապես շատ սովորական օր էր եւ հինգշաբթիտասներկուսի շատ բնականոն շարունակությունը` լցված մեր առօրյա կյանքի, այդ թվում այդ առօրյայի մասնիկ քաղաքական կյանքի համար սովորական դարձած ասեկոսեներով, առավել ստույգ` քաղաքական ծակամուտությամբ: Մի կողմից ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն էր մեծամասնական կարգի վերացման դեմ նախաձեռնությունը պոպուլիստական փուչիկ անվանում, մյուս կողմից «Ժառանգության» Ստեփան Սաֆարյանն էր շմփացնում` դո՞ւք ուր էիք, որ այդ հարցը բարձրացնում էինք, իսկ Տիգրան Կարապետյանն էլ, չնայած համամասնականասեր է, սակայն որպես բարձր հեղինակություն մեծամասնականով է իր թեկնածությունը դնելու, բարձր հեղինակությունները դրա իրավունքն ունեն: Բա՛:

Մամուլն էլ բզբզել էր, թե հանրապետության թիվ մեկ արծիվը =Խաչիկ Ասրյանը+ շուտով դառնալու է Սյունիքի մարզպետ, իսկ այ ԱԺ աշխատակազմի նախկինացող ղեկավար Գեւորգ Ղարիբջանյանն էլ գնում է Էմիրություններ` դեսպան: Դե որ գրում են` մի բան գիտեն, էլի, աղբյուրներին մոտ կանգնածները, հո մեզ նման խողովակաշարից ջուր չեն խմում: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, ըստ աղբյուրների քոքին կանգնածների, հալլա-հալլա, նոր խորհրդարանական ընտրություններից հետո դառնալու է Ազգային ժողովի նախագահ, ու այդ պատճառով այժմ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալին ուզում է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար` Բաստիոնը գրավելու, հետախույզ է ուղարկում փաստորեն` հետո ոտքի տեղ անելու ու Բաստիոնը հետագայում հեշտ գրավելու համար, պանիմայեշ:

Ֆուհ, շունչս կտրվեց երեկվա օրվա բանավոր ու գրավոր փուչ խոսակցությունները մի տողի բերելով: Մի խոսքով` մի սովորական ուրբաթտասներեք, ու առանց միստիկական սնահավատության: Բայց երեւի մի անտես ազդեցություն, այնուամենայնիվ, օրվա հին բնութագիրը ներկայի վրա ունեցել էր, այլապես մեր քաղաքականներից ոմանք տեսակ-տեսակ տարօրինակ խորհուրդներ չէին տա, թե` «ոմանց խորհուրդ կտայի բառերից հանկարծ չկախվել, այլապես կախված կմնաք ու համենայն դեպս` ազգանուններ չօգտագործել» (Վարդան Այվազյանըՙ Վահագն Խաչատրյանին, ով տրանսֆերներից կախված էր անվանել կառավարության տնտեսական քաղաքականությունը):

Վատ բաներ, այնուամենայնիվ, եղել են երեկ` Արարատի մարզի Գեղանիստ գյուղի մոտ Հրազդան գետում 42-ամյա մարդու դիակ էր հայտնաբերվել, չիմացանք միայն` Գագիկ Շամշյանը հասել-նկարե՞լ է այդ դժբախտությունը, ու արդեն օրվա հանգույն այդ սահմռկեցուցիչ պատկերները մեր լրատվական կորիֆեյներն իրենց սենսացիոն սայթերում տեղադրե՞լ էին: Հեղինե Բիշարյանն էր ասել` ի՞նչ եք կախվել ՕԵԿ-ից, իսկ ավելի ստույգ. «Կախվել են ՕԵԿ-ից, որքան ՕԵԿ-ն ուժեղանում է, այնքան խանդի աստիճանը բարձրանում է»: Մոսկվայում պայթած ռեստորանի տնօրենին էին ձերբակալել` թարսի պես հայ Սուրեն Մկրտչյանին: «Երեւան սիթիում» էլ առեւտուրն էն չէր` մարդիկ ունեցած-չունեցածով Նոր տարի են արել, ու մի մածուն, 5 ձու առնելը հերոսության նման է, ու երեւի դրա համար էլ երեկ գիշեր դեպի հանրապետության գլխավոր տոնածառ էր արշավում «Կոկա-կոլայի» բեռնատարների շարասյունըՙ մարդկանց ձրի զովացուցիչ բաժանելու: ՀՀԿ-ն էլ մի արտառոց նիստ չի արել ու մի քանի մարդու չի հանել գործից, որ ողջ քաղաքն էդ մասին խոսի ու մոռանա փող չունենալը: Բայց դե որ բալանսի բերենք երեկվա օրը` դժբախտություններն ու ուրախությունները վիճակագրության ամենացածր նիշի սահմանում էին, գերերջանիկ մարդիկ համարյա` նիխթ, սա էլ սովորական բան, քանի որ տարբեր միջազգային հարցումները նշել ու նշում են, թե ամենաապերջանիկ մարդիկ հայերն են: Մի խոսքով` սովորական ու գորշ-դեղնավումն մի օր էր երեկվա ուրբաթտասներեքը, ու ինչպես միջին վիճակագրական հայն է ասում` էսպես մնա-չվատանա, էլի գոհ ենք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4