«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2012-01-12 | #4, 2012-01-13 | #5, 2012-01-14


Ի՞ՆՉ ՄՇԱԿՈՒՅԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

Բաքվի լրատվամիջոցները, չգիտես ինչու հղում անելով թուրքական ANKA գործակալությանը, տեղեկացնում են, որ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան կբացի ադրբեջանական արվեստին եւ մշակույթին նվիրված ցուցահանդեսը»: Բացի դրանիցՙ խորհրդաժողովի հյուրերի պատվին «կկազմակերպվի ընդունելություն, որի ժամանակ նրանք կծանոթանան ազգային խոհանոցի կերակրատեսակներին»:

Ի հավելումն, 1news.az-ը գրում է, որ Դավոսի տնտեսական խորհրդաժողովի հյուրերի շարքում են Իլհամ Ալիեւը, Իսրայելի եւ Գերմանիայի նախագահներ Շիմոն Պերեսն ու Քրիստիան Վուլֆը «եւ բազմաթիվ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Իլհամ Ալիեւն առաջին անգամ ներկա է գտնվել Դավոսի տնտեսական խորհրդաժողովին: Ըստ երեւույթին, վիշապի տարում նա որոշել է անակնկալ մատուցել եւ պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ներկայացնել իր հմայիչ տիկնոջը` որպես «արագորեն զարգացող Ադրբեջանի» ակնառու վկայություն:

Մի փոքր դժվար է պատկերացնել, թե Իսրայելի կամ Գերմանիայի նախագահն ինչպես է գլուխ հանելու ադրբեջանական ազգային խոհանոցի կերակրատեսակներից: Թերեւս այդ է պատճառը, որ պաշտոնական քարոզչությունը զգուշորեն գրում է, թե պետությունների եւ կառավարությունների ղեկավարները «կծանոթանան» դրանց: Մի բան է տեսնել եւ այլ` ճաշակել կամ գոնե համտեսել, ասենք, «բադըմջան դոլմասի»-ն: Կամ` «փիթի»-ն:

Բայց դա պետությունների ու կառավարությունների ղեկավարների խնդիրն է` կծանոթանա՞ն, թե՞ կփորձեն նաեւ ինչ-որ ուտեստ ճաշակել: Ավելի հետաքրքրական է, թե ի՞նչ տեսքով է Դավոսի բարձրաշխարհիկ միջավայր մտնելու Մեհրիբան Ալիեւան: Բանն այն է, որ նույն տեղեկատվությանը գրեթե զուգահեռ 1news.az-ը հաղորդագրություն է տարածել Իլհամ Ալիեւի եւ առաջին տիկնոջ` Բաքվի «Պետական դրոշի» հրապարակ այցի մասին: Արտառոց ոչինչ չէր լինի, եթե լրատվամիջոցը չտարածեր նաեւ այս լուսանկարը:

Դատելով Մեհրիբան Ալիեւի «ազատ ոճից», պետական արարողակարգ ասվածը նրա համար գոյություն չունի: Ադրբեջանի առաջին տիկինը հագնվում եւ հասարակությանը ներկայանում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Երեւի այս «արվեստն ու մշակույթն» էլ նա մտադիր է ներկայացնել Դավոսի խորհրդաժողովի պատվավոր հյուրերին:

Բայց այդ դեպքում նրան կարելի է խորհուրդ տալ, որ մտածի նաեւ ամուսնու` որպես պայմանականություններից ազատագրված ժամանակակից ադրբեջանցի «մաչո»-ի, իմիջի մասին: Թե չէ մի փոքր գեղեցիկ չի ստացվում. արարողակարգային պայմանականությունների վրա «թքած» առաջին տիկին եւ կոստյում-փողկապով ամուսին: Դավոսի հյուրերը կարող են տպավորություն ստանալ, թե Իլհամ Ալիեւը որպես ապագա Ադրբեջանի կերպար հենց առաջին տիկնոջն է ներկայացնում: Եվ համաշխարհային մամուլը կրկին կանդրադառնա Մեհրիբան Ալիեւայի «ազատ վարքի» թեմային:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4