Էդվարդ Նալբանդյանը հաստատում է, որ եռակողմ հանդիպման պայմանավորվածություն կա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայում հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվել է: Ղարաբաղյան խնդրով եռակողմ հանդիպման մասին տեղեկություններն այսքանով երեկ արտաքին քաղաքական տարվա ամփոփման ասուլիսում հաստատեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
«Վայրի եւ ժամանակի մասին կտեղեկացվի համապատասխան պատշաճ ժամկետներում, երբ կողմերը հարմար կգտնեն», ասաց Նալբանդյանն ըստ էության չհաստատելով, բայց եւ չհերքելով, թե հանդիպումը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի կունենա հունվարի 23-24-ին Սոչիում կամ, վերջին լուրերի համաձայն, Մոսկվայում: Իսկ եռակողմ նախագահական հանդիպումների ձեւաչափի առնչությամբ էլ Նալբանդյանն անգամ վստահ է, որ այդպիսիք կշարունակվեն, քանի որ ձեւաչափն «ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը»:
Շփման գծում միջադեպերի հետաքննություն անցկացնելու վերաբերյալ համաձայնությունների այդպես էլ չիրագործվելու առնչությամբ Նալբանդյանը հիշեցրեց, որ այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել անցյալ տարի` մարտին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, արվել էր հայտարարություն` միջազգային հանրության լիակատար աջակցությամբ: «Սակայն մինչ օրս դա չի իրականանում, որովհետեւ ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է դրա իրականացմանը եւ խանգարում է եռանախագահների կողմից հենց այս նպատակով մեխանիզմի ստեղծման առաջարկներին»:
Ըստ նախարարի, ադրբեջանական կողմից հնչում է, թե ընդհանրապես այսպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, թե իբր այդպիսի առաջարկներ ընդհանրապես չեն արվել: «Այստեղ մեկնաբանությունները, կարծեմ, ավելորդ են», նշեց պրն Նալբանդյանը, ավելացնելով նաեւ, որ դեկտեմբերին ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես են հրաժարվում իրենց մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից:
Խոսքը ԵԱՀԿ-ի բյուջեի քննարկման Մինսկի խմբի համանախագահների առաջարկության մասին է` համապատասխան հատկացումներ տրամադրել շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման համար: Արտգործնախարարի ներկայացմամբՙ «Ադրբեջանը դեմ դուրս եկավ, իսկ երբ աջակցություն չստացավՙ սպառնաց անգամ կիրառել վետո ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեի վրա»:
Ինչ վերաբերում է Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի եւ դրա առնչությամբ Թուրքիայից հնչած հայտարարություններին, ապա Նալբանդյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանն իր գնահատանքը հայտնել է Ֆրանսիային, իսկ թուրքական կողմից հնչող փաստարկները «մեղմ ասած, թույլ, սին փաստարկներ են»:
Արտգործնախարարը հիշեցրեց. «Երբ ասում են, որ այս գործընթացը կամ այս օրենքը կարող է խոչընդոտել, խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախ եւ առաջՙ մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ երկրորդը, եթե ինչ-որ բան խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դա թուրքական կողմի կեցվածքն է, ինչը հայտնի է միջազգային հանրությանը, եւ հենց այդ պատճառով է, որ ասվում էՙ գնդակը գտնվում է թուրքական կողմում»:
Թուրքիայում ինչ-որ տնտեսական շահերի մասին փաստարկներից էլ, ըստ Նալբանդյանի, մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս. «Ոչ միայն շանտաժ է, այլեւ ուզում են ինչ-որ մի բանով առնել»: Նալբանդյանի խոսքերով, նախ եւ առաջ այս օրենքի նախագիծն ընդունվում էՙ ի կատարումն 2008թ. նոյեմբերի 28-ին Եվրոմիության խորհրդի ընդունած շրջանակային որոշման: «Եվ չեմ կարծում, որ համամարդկային արժեքները կարող են թուրքական կողմից հնչող փաստարկներին ստորադասվել»:
2012 թվականին, ընդհանուր առմամբ, շարունակվելու են ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, առավել ամրապնդելու հարաբերությունները դաշնակից, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, առավել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Եվրոպական ուղղությամբ կարեւոր քայլեր են սպասվում, որովհետեւ սկսում ենք բանակցություններ արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ: Նաեւ հույս կա, որ կսկսվեն Եվրոպական միության հետ բանակցությունները խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ:
2012-ին նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացում չի նախատեսվում, իսկ Եվրասիական միության առումով էլ դեռ կարծիքների փոխանակման, քննարկման փուլն է: