Եկեք փորձենք գրել ու կարդալ այս նյութը` առանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «նեղացնելու» կամ նրան հերթական կեղծիքների մեջ բացահայտելու: Հասկանալի է, բարդ է, գրեթե անհնարին, սակայն քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է հորդորում հակամարտ կողմերին` այդ թվումՙ լրատվամիջոցներին` «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ` պատերազմի», ու քանի որ խաղաղության, այլ ոչ պատերազմի գալիս են, երբ միմյանց «չեն նեղացնում», կամ որոշ կեղծիքների հանդեպՙ փոքր ինչ աչք են փակում, կատարենք այս փորձը, մանավանդ, որ հետո հիմք կունենանք ադրբեջանցի գործընկերներին ասելու` «Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի պատվիրաններին, դուք` ոչ»:
Նախ. օրեր առաջ Ադրբեջանում էր Կորեայի հանրապետության խորհրդարանի նախագահ Պարկ Հի-Թաենը, որը Բաքու էր ժամանել Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հրավերով: Այս երկու պաշտոնյաները իրենց անձնական հանդիպման ժամանակ բացահայտել են, որ «Ադրբեջանն ու Կորեայի Հանրապետությունը եղբայր պետություններ են ու ժողովուրդներ»:
Կորեային «լավ ախպեր» ճանաչելով` ադրբեջանական այս օրերի հումորը չի ավարտվում: Օրինակ, երեկ երկրի նախարարների խորհրդի ընդլայնված կազմի նիստի ընթացքում նախագահ Ալիեւը, իհարկե, չի մոռացել Ղարաբաղի մասին: «Եթե ինչ-որ մեկը կարծում է թե բանակցությունների հիմնական նպատակը պատերազմի բացառումն է, ապա ես համամիտ չեմ», ասել է Ալիեւը: Իսկ գիտե՞ք այդ «ինչ-որ» մեկն, օրինակՙ ո՞վ է. ասենք, ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն, որը եւ Երեւանում, եւ Բաքվում հայտարարեց, որ «Մինսկի խմբին գոնե հաջողվել է պահպանել խաղաղությունը, իսկ դա ամենակարեւորն է», այդ «ինչ-որ մեկերից» է նաեւ նախագահ Մեդվեդեւը, որը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Ղարաբաղում պատերազմն անթույլատրելի է` մեկ, հետո էլ«միջնորդներին հաջողվում է պահպանել խաղաղությունը, որը շատ կարեւոր է»` երկու: Իսկ, եթե մի բան շատ կարեւոր, էլ չենք ասում` ամենակարեւորն է լինում, հետեւաբար դրա պահպանումը դառնում է նպատակ: Լավ, շարունակենք հետեւել հարեւան երկրի հարգարժան նախագահի խոսքին: «Ադրբեջանը չի ցանկանում պատերազմ, բայց դա չի նշանակում, որ բանակցությունների ընթացքում բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել` պատերազմը բացառելու համար», հասկացա՞ք. Ադրբեջանն ի վերջո ի՞նչ է ցանկանում... Շարունակությունն առավել հետաքրքրական է. «Կա հակամարտության կարգավորման երկու ճանապարհ. մեկը` բանակցային, մյուսը` պատերազմ: Երրորդ ճանապարհ գոյություն չունի: Այս հակամարտությունը սառեցված չէ, եւ երբեք այդպիսինը չի դառնա»: Այստեղ ուշագրավը ոչ թե «երկու ճանապարհներ» մասն է, այլ` «այս հակամարտությունը երբեք սառեցված չի դառնա»-ն: Տեսեք, ի՞նչ է նշանակում սառեցված հակամարտություն. սա հակամարտության այն տեսակն է, երբ պատերազմ չկա, հակամարտ զորքերը եթե կրակում էլ են միմյանց ուղղությամբ, ապա միայն խիստ անհրաժեշտության պարագայում, ինչը չի ուղեկցվում մարդկային կորուստներով, ու ամենակարեւորը` հակամարտ երկրներում սերունդներ չեն մեծանում մյուս կողմի նկատմամբ ատելությամբ լցված: Հիմա, իրոք ԼՂ հակամարտությունը, ինչպես մենք էլ բազմիցս ենք նկատել` սառեցված չէ, բայց այն, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ «երբեք էլ չի լինի», արդյոք չի՞ ապացուցում այն, որ հենց ադրբեջանական կողմն է` շփման գծում անընդհատ լարումը պահելով, շահագրգռված, որ հակամարտությունն այս «երբեք սառեցված չհամարվի»: Եթե` «Ադրբեջանը դա երբեք թույլ չի տա», ուրեմն Ադրբեջանն էլ պատասխանատու է եւ մարդկային զոհերի, եւ փոխհրաձգության հրահրման, եւ դիվերոսիոն խմբերի գործունեության, քաղաքացիական անձանց ու զինվորականների գերեվարման եւ այլ` հրադադարի պայմանագրով չնախատեսված գործողությունների համար:
ԼՂ «թեման» Ալիեւը` իր նախարարների հետ նիստին եզարափակել է հիշեցումով` «Ադրբեջանի Զինված ուժերը հզորագույնն են տարածաշրջանում»: Գիտե՞ք, շատ հնարավոր է, որ հենց այդպես է, պարզապես «զինված ուժերը» այլ բան են, «բանակը»` ամբողջովին այլ:
Եվ վերջում, որպես ուրախալի լուր տեղեկացնենք. նույն նիստի ընթացքում հարեւան երկրի նախագահը հայտարարել է, որ հունվարի մեկից ստանձնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում ոչ մշտական անդամի պատվաբեր առաքելությունը, Բաքուն հանդես կգա` որպես արդարության պաշտպան», ընդամենը օրեր առաջ Ալիեւի ավագ դուստրը` Լեյլա Ալիեւան միջոցառումներից մեկի ժամանակ նախորդեց հորը` ասելով. «Մենք պատասխանատու ենք մեր մոլորակի համար»: Գիտեք, «մոլորակի պատասխանատուները», մանավանդ, որոնք նաեւ «արդարության պաշտպաններն են», չեն կարող, իրավունք չունեն որեւէ հարցի լուծման ճանապարհ որպես դիտարկել պատերազմը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ