«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2003 թվականից Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Տաք ձմեռ» ծրագիրը, որը կոչված է նպաստելու տարեց մարդկանց առողջության պահպանմանը` հոգալով նրանց բնակարանների ջեռուցման խնդիրները ձմռան ամիսներին: Ծրագրի շրջանակներում վճարվում են Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Տաշիր քաղաքներում բնակվող 560 միայնակ եւ հաշմանդամ ծեր շահառուների գազի, էլեկտրաէներգիայի կամ վառելափայտի ծախսերը` ջեռուցման շրջանի ընթացքում յուրաքանչյուրին 80 եվրոյի չափով: 2012 թվականին, ինչպես նշվեց այս առթիվ երեկ «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում, դա հնարավոր կլինի միայն պետական կառավարման մարմնի հետ համագործակցության դեպքում:
«Այս տարի,- պարզաբանեց «Տաք ձմեռ» ծրագրի ղեկավար Ֆլորա Սարգսյանը , - ֆինանսավորումը ստանձնող «Գերմանական Կարիտաս» կազմակերպությունը պահանջում է տվյալ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր շահառուի համար առնվազն 1000 դրամ ներդրում: Մենք կարող ենք ամեն անձի համար վճարել 37 հազար, իսկ մեկ սիմվոլիկ 1000-ական դրամ ակնկալում ենք քաղաքապետարանից»: Գյումրու պարագայում խոսքը վերաբերում է 340 շահառուների, հետեւաբար տեղական մասնակցության գումարն էլ պետք է կազմի այդքան հազար դրամ: Տկն Սարգսյանը հարցը քաղաքապետին ներկայացնելուց հետո խնդրի լուծման դրական ակնկալիք ունի, ինչը հիմնավորված համարեց նաեւ ասուլիսին ներկա քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը:
Տարեցների համար «Հայկական Կարիտասը» Գյումրիում իրականացնում է եւս երկու` ծերերի ցերեկային զբաղվածության կենտրոնի եւ «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրեր:
Գ. Մ.