«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2012-01-17 | #7, 2012-01-18 | #8, 2012-01-19


ՓԵՐՐԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Ռիկ Փերրիի հայտարարությունները Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու եւ թուրքական ղեկավարությունը «շատերի կողմից իսլամիստ ահաբեկիչներ ընկալելու» մասինՙ զայրացական ալիք են բարձրացրել Թուրքիայում: Թուրքիայի արտգործնախարարությունը, ըստ թուրքական անգլիալեզու կայքէջերի, առաջինն է արձագանքել Փերրիի խոսքերին` դեռեւս հունվարի 17-ին դատապարտելով նրա գնահատականները:

Ըստ թուրքական արտաքին գերատեսչության տարածած հայտարարության, «Ակնկալվում է, որ պատասխանատու` ասենք, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող մարդիկ պետք է ավելին իմանան աշխարհի մասին եւ զգույշ լինեն ինչ-որ բան ասելիս»: Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել, երբ Փերրին 2 տարեկան էր. «Թուրքիան կարեւոր անդամ է, որ մեծ ներդրում ունի կազմակերպության պայքարում եւ կմնա այդպիսին»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, թե Փերրիին տրված փոքր աջակցությունը վկայում է «այդ գնահատականների` հանրապետականների կողմից չընդունվելու մասին»: Ամերիկայի թուրքական կոալիցիա կազմակերպությունն էլ, իր հերթին, դատապարտել է Փերրիի հայտարարությունները` կոչ անելով ներողություն հայցել «իր անջատողական ու անգրագետ գնահատականների համար»:

Մինչդեռ Փերրին CNN-ի հետ զրույցում հետքայլ կատարելու որեւէ պատրաստակամություն չի ցուցաբերել, ավելին, հարցին, թե արդյոք ինքը «ուղղակի սխա՞լ է արտահայտվել», արձագանքել է. «Ոչ, բնավ ոչ,- պարզաբանելով,- այն երկիրը, որ թույլ է տվել 140-ից 160 կանանց «հանուն պատվի» սպանություն 2011-ին, այն երկիրը չէ, որի հետ ԱՄՆ-ը կուզենար ասոցացվել»: Առավել հետաքրքրական է, որ Փերրիի պնդմամբ` ԱՄՆ-ը վերջին մի քանի տարիներին մոտ 4 միլիարդ օգնություն է տրամադրել Թուրքիային, եւ գրեթե 7 միլիարդ` ռազմական ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարությունն էլ, ի դեմս պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոների, հերթական բրֆինգի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե Օբամայի վարչակազմը բացարձակապես համաձայն չէ այն պնդմանը, թե Թուրքիան ղեկավարվում է իսլամիստ ահաբեկիչների կողմից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4