Վրաստանի իշխանական բուրգը առավելապես բաղկացած է երիտասարդներից, եւ առավել հաճախ, երբ նրանցից մեկն անհեթեթ մի բան է ասում կամ անհասկանալի բաներ խոսում, դա ամենից առաջ վերագրվում է անփորձությանն ու երիտասարդությանը: Սակայն երբ համակեցության նորմեր չեն պահպանում, ավելին, տարրական հարգանք չեն դրսեւորում հարեւանի հանդեպ նաեւ մեծահասակ պաշտոնյաները, մնում է եւս մեկ անգամ փաստել, որ Վրաստանում Հայաստանին եւ հայերին առնչվող շատ հարցերում անտաշությունը, ոչ կոռեկտ կեցվածքը հարիր են շատերին:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Թոդուան օրերս Ադրբեջանում էր, որտեղ տեղի ունեցած բազմապիսի եւ բազմահարթակ հանդիպումների մասին ամենայն առատությամբ տեղեկացնում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ վրացական լրատվամիջոցները: Վրացականներում, սակայն, այդպես էլ չհաջողվեց գտնել Թոդուայի մտքի գոհարներից մեկը, թե Ադրբեջանն ու Վրաստանը կվերադարձնեն «օկուպացիայի տակ գտնվող հողերը, քանի որ դրանք իրենցն են»:
Մինչդեռ ադրբեջանական որոշ կայքէջեր, ոչ առավել մեծ լսարան ունեցողները, մեջբերումներ են արել, թե ադրբեջանա-վրացական միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպմանը (հետաքրքրական է, այո՞ - Ա.Հ.) Թոդուան արել է իր վերը նշված հայտարարությունը, այն էլ «դրանում վստահ եմ» հավելմամբ:
Թոդուայի հայաստանցի գործընկեր Էդուարդ Շարմազանովը , ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության, մեկնաբանել է. «Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ», Թոդուային տեղեկացնելով, որ «Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբեւէ հանդես չի եկել»:
Ու բնավ էլ կարեւոր չէ, թե ինչ հովերով եւ ինչ միջոցներով, առավել եւս ում օգնությամբ է Թոդուան պատրաստվում վերադարձնել «իրենց օկուպացված տարածքները», սակայն Լեռնային Ղարաբաղի պարագայում, որ վրացի փոխխոսնակը շփոթել է Ադրբեջանի «օկուպացված տարածքի» հետ, հարկ է, որ զգալի փորձառություն ունեցող պատգամավորը իմանար, թե ինչ նախապատմություն ունի Արցախի անկախության ուղին եւ ուր է հասել: Թերեւս կարող է վրացի պաշտոնյան նման բաներ ասած չլինել կամ հրաժարվել իր խոքերից, հերքել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, բայց այդ հարցում էլ Հայաստանը պետք է լինի պահանջատեր:
Իսկ Թոդուային պետք է որ սովորեցնեին, թե ինչ է նշանակում երրորդ երկրի առնչությամբ նման մեկնաբանություններ անելը: Չնայած եթե հաշվի առնենք, որ կրթության, հատկապես աշխարհագրության եւ եվրոպական փաստաթղթերի իմացության կարիք ունի նաեւ Վրաստանի գլխավոր դիվանագետը, ապա մնում է, որ գոնե մեկ անգամ Հայաստանը Վրաստանին հասկացնի, որ վրացու շատախոսությունն ու ցուցամոլությունն ամեն տեղ չէ, որ «գեղեցիկ էֆեկտ» են ապահովում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ