Հունվարի 17-ին Երեւանի «Սիվիլիթաս» հիմնադրամը Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր հիմնադրամի թվով չորրորդ` «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը: Զեկույցը ներկայացնելուց հետո տեղի ունեցավ հանրային քննարկում «Արցախը 2012-ին. հանրության ակնկալիքները» թեմայով, որին մասնակցում էին Արցախի խորհրդարանի անդամներ Արմեն Սարգսյանն ու Վարդգես Բաղրյանը, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Քննարկումը վարում էր լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը :
Ինչպե՞ս կվարվի պաշտոնական Երեւանը, եթե ԼՂՀ-ում նախագահ ընտրվի մեկը, որին Բաղրամյան 26-ում չեն ընդունում: Ընտրություն կատարողը ժողովուրդն է, իսկ ժողովրդի կատարած ընտրությունը պիտի հարգել. սա էր քննարկման մասնակիցների ընդհանրական տեսակետը:
ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը , հիշեցնելով անցյալ դարի 90-ական թվականների սկիզբը, երբ ՀՀՇ-ՀՅԴ հակամարտության հետեւանքով Ղարաբաղը կորստյան իրական վտանգի առաջ էր հայտնվել, կոչ արեց դասեր քաղել պատմությունից: Արցախի ազատագրության համար մարտնչել են ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից եկած բազմաթիվ կամավորականներ, ուստի ղարաբաղյան հիմնախնդրի վերջնալուծմանը պետք է իր կարծիքը հայտնի նաեւ սփյուռքը, շեշտեց խորհրդարանականը:
Ղարաբաղում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ. քննարկումը վարողի այս հարցին պատասխանելով, Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նշեց, որ ՀՀ-ի համեմատ` այստեղ վիճակը վերահսկելի է, ինչը պայմանավորված է բնակչության նվազ թվաքանակով ու շրջանառվող գումարների փոքր ծավալներով: Իրական հնարավորություն կա Արցախը օրինակելի դարձնելու, եւ այդ հնարավորությունը պետք է առավելագույնս օգտագործել, համոզմունք հայտնեց Մ. Մայիլյանը:
Թաթուլ Հակոբյանը հարց հնչեցրեց նաեւ Արցախում ընդդիմադիր դաշտի ներկա վիճակի վերաբերյալ: ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը , փորձելով բացատրել ԼՂՀ-ում ընդդիմության բացակայության պատճառները, ասաց, որ ճիշտ չէ Արցախում ժողովրդավարությունը նախորդ ընտրությունների հետ համեմատության համապատկերին գնահատելը: Պետք չէ կոսմետիկ միասնություն ստեղծել, այն պիտի լինի բնական ձեւով, քանզի ընդդիմությունը նպատակ չէ:
Մասիս Մայիլյանն ասաց, որ 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո ԼՂՀ վարկանիշը շոշափելիորեն աճել էր, բայց ահա 2010 թվականի խորհրդարանական ընտրությունները մեր վարկանիշը իջեցրել, հասցրել են Ադրբեջանի մակարդակին: Կարեւորը ոչ թե ընդդիմության հաղթանակն է, ինչը մի անգամ տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, այլՙ արդար ընտրություների անցկացումը:
Թեմայի շրջանակում տեղերից ռպլիկներ հնչեցին Ղարաբաղում խոսքի ազատության հետընթացի վերաբերյալ: Լրագրողներից մեկն այդ առնչությամբ վկայակոչեց Արցախի հանրային հեռուստատեսության աղետալի վիճակը, իսկ Արցախի կոմունիստների առաջնորդ Հրանտ Մելքումյանը դժգոհություն հայտնեց կիսագրագետ չինովնիկների գործելակերպից:
ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առուստամյանը բողոքեց հայաստանյան հեռուստաալիքների հաղորդումների բովանդակությունից` ակնկալելով խորհրդարանականների միջամտությունն այս հարցում: Իսկ երբ պատգամավորներից մեկը հիշեցրեց, որ իրենք միայն օրենսդրական գործունեություն են իրականացնում, Գ. Առուստամյանը վրդովված շպրտեց. «Ի՜նչ օրենքներ, դուք դրանք արտագրում եք Հայաստանից»:
Ինչպես միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցի ներկայացման հաջորդ վայրը կլինի Գյումրին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ