«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2012-01-18 | #8, 2012-01-19 | #9, 2012-01-20


ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԸՆԹԱՑՔԻ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչը երկու շաբաթից կժամանի Հայաստան, եւ նրա այցի ընթացքում գուցե հայտնի լինի, թե միջազգային դիտորդների ի՞նչ թիվ եւ ո՞ր կառույցներից կժամանի Հայասատանի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու: Մինչ այդ դեռ կարելի է ցանկություններ բարձրաձայնել, որ յուրաքանչյուր ընտրատածքում մեկ դիտորդ գոնե լինի` թվով 2 հազարից ավելի դիտորդ, թեեւ մեր անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ միջազգային դիտորդներից շատերը, որքան էլ փորձառու, չեն կարողանում խորանալ ու հասկանալ հայկական բազմածալ ընտրակեղծիքների բուն բովանդակության մեջ, ու նրանց աչքը տեսնում է միայն ընտրությունների անցկացման թվացյալ հանդարտությունը: Առայժմ պահանջատիրական շրջան է, ում խելքին ինչ փչում` պահանջում է եվրոպացիներից. մեկն ասում է` 2000 դիտորդ («Համոն փողը տվել է»), մեկն ասում է` օգնեք մեծամասնական կարգը վերացնենք: Ու եվրոպացիք որքան էլ ասում են, թե որ կարգով ուզում եք` ընտրություն արեք, բոլոր կարգերով էլ հնարավոր է չկեղծել, բոլոր կարգերով էլ հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, լավ ընտրությունների անցկացումը ընտրակարգից կախված բան չէ, եւ երեկ էլ այդ մասին ասում էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան, նշելով, թե վերջին պահին բարեփոխումներ անելը ընտրությունների վրա այնքան դրական ազդեցություն չի կարող ունենալ, մերոնք իրենց երիվարն են քշում ու ուզում են 100 տոկոսով համամասնվել: Մխիթարականն այստեղ այն կարող է լինել, որ հիմա սկսված գործընթացը այս ընտրություններից հետո գուցե ընթացք ստանա եւ մինչեւ էն մյուս հաջորդ խորհրդարանական ընտրություններ կատարվի մեր ընդդիմադիրների երազանքը 100-տոկոսանոց ընտրակարգ ունենալու վերաբերյալ:

Ընդհանրապես նախընտրական զարգացումները մեզ մոտ սովորաբար պաշտոնական քարոզարշավներից շատ ավելի վաղ են սկսվում, այս անգամ դրանց մեկնարկը կտրվի հավանաբար արդեն մարտի սկզբին, երբ ամեն ինչ հայտնի կդառնա ցուցակների, դաշինքների եւ ընտրությանը մասնակցելու ուժ ունեցող միավորների թվի մասին: Սակայն առավել դժվար ժամանակը գուցե հենց այժմ է, երբ հստակեցումների գործընթացներին զուգահեռ ընթանում են խառնշտումների եւ մրցակիցների «բերնի գոլը փորձելու» իմիտացիոն երեւույթներ, դրանց կրողներն էլ կամա-ակամա ոչ միայն լրագրողներն են դառնում, այլեւ քաղաքական գործիչներ եւ ամբողջական քաղաքական միավորներ:

Անգամ այն, որ մեծամասնական կարգը հանելուն բոլորը կողմ լինելով եւ դա շատ լավ նախաձեռնություն կոչելով` զուգահեռ արագ-արագ, մեկը մյուսին քաղաքական ուժերի ներկայացուցիչները հերթ չտալով ասում են, որ մեծամասնականով իրենց թեկնածուներն են ունենալու, եւ անգամ մամուլում հայտնի են դառնում օր օրի նոր անուններ: Օրինակ` հայտնի է, որ «Ազատ դեմոկրատներն» տրամադրված են թեկնածուներ ունենալ հնարավորինս շատ տեղամասերում: Նույն բանը հավանաբար կուզենան փորձարկել եւ ԲՀԿ-ականները, եւ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները, եւ իհարկե, անպայման ՀՀԿ-ականները, որոնք, անշուշտ, թեկնածուներ կփորձեն դնել բոլոր 41 ընտրատարածքներում, եւ ինչպես երեւում է մեծամասնական ընտրապայքարը չափազանց թեժ է լինելու, ու թեթեւ կրակոցներով որ պրծնենք, լավ կլինի: Ի՞նչ արժե միայն այն լուրը, որ Կենտրոնի միեւնույն ընտրատարածքում գուցե պայքարեն ե՛ւ Խաչատուր Սուքիասյանը, ե՛ւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, թեեւ վերջինիս մոտիկ կանգնած շրջանակներից լրատվամիջոցներին ասել էին, թե Սուքիասյանի դեմ թեկնածություն չի դնի, Կենտրոնի մյուս ընտրատարածքում կառաջադրվի, բայց ինչ իմանաս: Այնպես որ` մեծամասնական կարգը հանելու նախաձեռնությանը զուգահեռ մեծամասնականի տեղերն ավելի են գոլդանում` մասնակիցների թվի ստվարացման ֆոնին: Համամասնականի ինտրիգը շարունակում է մնալ ցուցակների եւ դրանք գլխավորողների խնդիրը, ընդ որում` ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր միավորների համար, քանի որ երբ յուարքանչյուր քաղաքական միավոր կամ միավորում լուծի այս գորդյան հանգույցը (ցուցակի խնդիր լուծել` նշանակում է հասնել ներքին, արտաքին եւ միջկուսակցական համաձայնությունների), մնացյալը կդառնա տեխնիկայի հարց: Սակայն հենց այդ է որ, այս ամենադժվար խնդրի մեջ է տեղավորվում նաեւ շեքսպիրյան հարցը, անգամ այն աստիճանի, որ երբ ապատեղեկատվություն է տարածվում, թե Սասուն Միքայելյանին պաշտպանում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ անգամ ՀՅԴ-ն (սա, իհարկե, հետո հերքվեց ՀՅԴ-ի մասով գոնե), ապա սա ոչ միայն հասարակ ապատեղեկատվություն է, այլեւ հուշում, որ ինչ-որ իքս պահի, ինչ իմանաս, այս երեք ուժերը միասին շուռ կգան հիմնական իշխող ուժի դեմ... ու կսկսվի մի բան, որը ոչ ոք չի կարող կանգնեցնել: Այսինքն` բոլորովին կապ չունի` ո՞վ , ե՞րբ, ի՞նչ ու ինչպե՞ս է հերքում` այս ընտրություններին, փաստորեն, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի ամենաանսպասելիին: Քանի որ ՀԱԿ-ի վերջին ամիսների պահվածքը, ինչպես նաեւ նրա գործիչների չգովազդված շփումները իշխանական թեւերի հետ թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ ՀԱԿ-ը ամենահակասական որոշումներ կարող է կայացնել, նայած այդ պահի նպատակահարմարության, գործակցելու թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի հետ, դիմացինի արձագանքի հանգույն:

Թեեւ, ինչպես սովորաբար ընտրություններից առաջ տարածվող գծված քարտեզի մասին տեղեկություններն էլ մյուս կողմից են «սպանում»` նախորդ բոլոր ընտրություններից նախընտրական ժամանակների նման մամուլի բերան գցելով, թե այսպես ու այսպես` քարտեզը գծված է, ՀՀԿ-ին` 67 մանդատ, ԲՀԿ-ին` 30, ՕԵԿ-ին` 6, մնացածն էլ ընդդիմությանը, գնացեք, կիսվեք:

Բոլոր դեպքերում արտաքին երեւութական խաղաղության ներքո` այս պահին խորքային քննարկումներ են եւ ՀՀԿ-ում, եւ ԲՀԿ-ում, եւ ՀԱԿ-ում, իսկ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի մոտեցումների մի մասը գուցե հնարավոր լինի ճշգրտել այսօր կայանալիք 100-տոկոսանոց ընտրակարգի մասին ֆորումում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4