«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2012-01-18 | #8, 2012-01-19 | #9, 2012-01-20


ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ, ԵԹԵ...

Զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2011-ին զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք է գրանցվել, որից 30-ը` հանցագործության հետեւանքով, այդ թվում 10` հակառակորդի կողմից կատարված: Կոստանյանի խոսքերովՙ այս թիվը անցած տարվա համեմատությամբ նվազել է. 2010-ին բանակում գրանցվել է նման 54 դեպք: Կոստանյանը ընդգծեց, որ զինված ուժերում հանցագործությունների թվի նվազումը ՊՆ-ի եւ զինդատախազության համակարգված ու հետեւողական աշխատանքի արդյունք է: «Հայաստանի զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերը 2011 թվականին նվազել են մոտ 33.3 տոկոսով: Ընդ որում` անցած տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, նախորդ` 2010 թվականին սպանության 17 դեպքի համեմատությամբ: Այսինքն` այս ցուցանիշը նվազել է շուրջ 80,8 տոկոսով: Անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է, եւ մարդու կյանքի մասին գնահատականները տալ թվային կամ տոկոսային վերլուծությամբ գուցե այնքան էլ ընդունելի չէ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են, եւ զինվորական դատախազությունը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու, պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ», վստահեցրեց զինդատախազը` հավելելով, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե որեւէ հանցագործության հետաքննության կամ դատավարության ընթացքում պարզվի, որ իրականում տեղի է ունեցել սպանություն, մինչդեռ քննչական մարմնի կողմից հանցանքը ներկայացված է եղել որպես ինքնասպանություն:

Կոստանյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի Քրեական օրենսգրքի` ռազմական հանցագործությունների մասով հատվածի համար մշակվում են փոփոխություններ եւ համալրումներ: Համապատասխան փոփոխություններն եւ լրացումներն արդեն գտնվում են ներքին շրջանառության մեջ եւ առաջիկայում կներկայացվեն խորհրդարան:

Մասնավորապես, կհստակեցվեն նոր տեսակի հանցագործությունները, որոնք նախկինում այդպիսին չեն համարվել, ինչպես նաեւ նախատեսված են նոր տեսակի պատիժներ, մասնավորապես սպաների համար: Փոփոխություններն ու լրացումները մշակվել են միջազգային փորձի հիման վրա: Փոփոխություններ են նախատեսված ԶՈՒ-ի կանոնադրությունում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4