«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2012-01-18 | #8, 2012-01-19 | #9, 2012-01-20


ԱՐԴԱՐ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Եվրոմիության համար, նաեւ արեւելյան գործընկերների հետ հարաբերություններում, որոշիչ նշանակություն ունեն ընտրությունները, հատկապես երբ նույն այդ գործընկերների հետ հարաբերությունները կառուցվելու են «Ավելինՙ ավելիի դիմաց» սկզբունքով, որի դեպքում որեւէ երկրում ավելի շատ բարեփոխումներն ու առաջընթացը առավել մեծ աջակցություն ու համագործակցություն կնշանակեն ԵՄ-ի հետ:

Հենց այս տրամաբանությունից եւ «Ավելինՙ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառման համար կարեւոր չափորոշիչ հանդիսացող ընտրությունների նշանակությունից ելնելով էլ Եվրոմիությունը 1, 7 մլն եվրո է հատկացրել Հայաստանում 2012 եւ 2013 թթ. ընտրությունների անցկացման աջակցությանը, ընդ որում` ծրագրի իրականացնողն էլ կլինի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` ընտրական գործընթացների լավ իմացությամբ:

Երեկ հրավիրած ասուլիսում այս մասին տեղեկացնելով` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան որոշ մանրամասներ փոխանցեցին հատկացված գումարի ծախսման ուղղությունների եւ ակնկալվող արդյունքների մասին:

Ըստ Հոֆստրայի, նախ նոր ընտրական օրենսգրքի առումով կվերապատրաստվեն ընտրական գործընթացի պատասխանատուները` ի դեմս կենտրոնական, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների` ընդհանուր 14-15 հզ. անձ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նաեւ տեխնիկական սարքավորումներ ու ծրագրային ապահովում կտրվի ճիշտ այնպես, ինչպես նաեւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը` վերջինների դեպքում ընտրացուցակների կազմման եւ տվյալների շտեմարանների հաղորդակցելի լինելու համար:

Ծրագրով նախատեսվում է քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում, իրազեկման արշավներ, սոցիալական գովազդեր, լրատվամիջոցների կողմից ընտրական գործընթացների մոնիտորինգ արդեն փետրվարի 1-ից, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 6 մարզային կետերի բացում եւ այլն:

Ինչ վերաբերում է արդեն իսկ թեժացող նախընտրական շրջանի մթնոլորտին գնահատական տալուն, ապա ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը ձեռնպահ մնաց նման մեկնաբանություն հնչեցնելուց, հիշեցնելով, որ ձեւավորվող մթնոլորտի` ազատ եւ արդար ընտրությունների անցկացկման համար բարենպաստ լինել-չլինելը Հայաստանի ներքին հարցն է: ԵԱՀԿ ներկայացուցիչը նախ շեշտեց, որ համամասնական-մեծամասնական հարաբերակցությունների մասին Եվրոպայում ցայսօր քննարկումներ լինում են, թեեւ պետք է ընդունել, որ երկու պարագայում էլ կարելի է անցկացնել կատարյալ ընտրություններ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4