«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-01-19 | #9, 2012-01-20 | #10, 2012-01-21


ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԻՍԼԱՄԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հիշո՞ւմ եք, աշխարհում տեղի ունեցող բոլոր քաղաքական-տնտեսական իրադարձությունները Խորհրդային Միությունում բացատրում էին ամերիկյան իմպերիալիզմի (Արեւմուտքի) մեքենայություններով: Ինչ-որ տեղ պատկերը նույնն է նաեւ ժամանակակից Ռուսաստանում (պարզվում է, որ նույնիսկ բնական աղետների մեջ խառն է ամերիկացիների մատը): Ահա եւ մերձավորարեւելյան աշխարհաշրջանում ծլարձակած հեղափոխությունների վերաբերյալ մեկնաբանություններում կրկին գերազանցում էր այդ մոտիվըՙ դեռ վաղուց ամեն ինչ մտահղացված էր Վաշինգտոնում, եվրոպական մայրաքաղաքներում: Առաջին պլան է մղվում ՆԱՏՕ-ի ուժային միջամտությունը բեկվող երկրների, մասնավորապես Լիբիայի ներքին գործերին: Գլխավոր շարժառիթ է առաջադրվում նավթային գործոնը, թեեւ արաբական գարնան «ծաղկունքն» ապրած հինգ պետություններից միայն Լիբիան ունի նավթի մեծ պաշարներ, եւ արեւմտյան նավթարդյունահանող ընկերություններ այդ պաշարների 80 տոկոսը հասցնում էին, առանց որեւէ խնդրի, հենց Եվրոպա:

Անշուշտ այս տեսակետն էլ իրավունք ունի գոյություն ունենալու: Բնականաբար, Հայաստանը եւս չի կարող անտարբեր լինել հարեւան ընդարձակ աշխարհաշրջանում ծավալված իրադարձությունների նկատմամբ, եւ այդ իմաստով արժե ուշադրության առնել մի տեսակետ, որ առաջադրում են ռուս ռազմափորձագետները եւ որը թերեւս վատթարագույնն է մեր երկրի ու հատկապես աշխարհաշրջանի հայության շահերի տեսանկյունից:

Խոսքը վերաբերում է ողջ արաբական աշխարհի իսլամացմանը: Ռազմական գործի տեսաբանների կարծիքով, նշյալ հեղափոխությունների շարժիչ ուժը եղել են վեց արաբական միապետություններըՙ տոտալիտար վահաբիստական Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ հեղաբեկման ենթարկված բոլոր հինգ պետություններին բնորոշող ընդհանրությունը նրանց աշխարհիկ կառուցվածքն էր: Այդ երկրներում իսլամիստներին ոչ միայն մոտ չէին թողնում իշխանությանը, այլեւ հետեւողականորեն ուժ էին կիրառում նրանց դեմ: Բոլոր չորս տապալված ղեկավարներըՙ Մուբարաքը, Բեն Ալին, Սալեհը, Քադդաֆին արեւմտյան կողմնորոշում ունեին (վերջինս հաճախ էր հիշում իր անհամար գրկախառնությունները Բեռլուսկոնիի հետ): Ընդ որում, եթե սոցիալ-քաղաքական բնույթի հեղափոխությունների սկզբնական շրջանում իսլամիստների դերն աննշան էր, ապա դրանց հաղթանակներից հետո ամեն ինչ տեղն ընկավ: Հիմա արդեն միանգամայն «դեմոկրատական» ճանապարհով այդ երկրների խորհրդարանների ամենաազդեցիկ քաղաքական ուժը դառնում են հենց իսլամիստներըՙ չափավոր թե արմատական, նույնիսկ միջնադարյան քարանձավային բարբարոսությամբ:

Կրոնական հիմքով միապետությունները ունեն հսկայական ֆինանսական (նավթային) կարողություններ, զգալի ռազմական ուժ եւ մյուս արաբական պետություններն իրենց նմանեցնելու համառ նպատակադրվածություն: Բավական էր, որ բնավ էլ ոչ աշխարհիկ Բահրեյնում խռովություններ սկսվեին, եւ Սաուդյան Արաբիան ու Միացյալ Էմիությունները իրենց զինված ուժերը մտցրին այդ երկիր ու անմիջականորեն «խաղաղեցրին» անհնազանդներին: Հետագայում այդ բոլոր իսլամիստական պետությունները միացյալ ուժերովՙ եվրոպացի վարձկանների հետ ակտիվ մասնակցություն ունեցան Լիբիայի իրադարձություններին: Այսօր վճռորոշ է նրանց դիրորոշումը նաեւ Արաբական երկրների լիգայում:

Նույն Սաուդյան Արաբիան է դարձել հակասիրիական արշավի գլխավոր խաղացողը եւ զենքի մատակարարը Բաշար Ասադի հակառակորդներին: Ճնշումն այնքան հզոր է, որ Սիրիայի դեմ գործողությունների մեջ է ներքաշվում նաեւ, հավանաբար հերթական զոհը չդառնալու վախից, Հորդանանի լիբերալ միապետ Հուսեյնը: Հետաքրքրական մի դրվագ. միապետները «վրիպում» համարեցին, երբ Եգիպտոսում Մուբարաքից հետո իշխանությունը իրենց ձեռքը վերցրին զինվորականներըՙ ակտիվ կապեր հաստատելով ամերիկացիների հետ: Թահրիր հրապարակի նոր ալեկոծությունները պետք էր դիտել որպես սխալը շտկելու գործողություններ: Եգիպտոսի խորհրդարանի 2/3-ը այսօր կազմում են իսլամիստները:

Եվ իհարկե, ռուս ռազմափորձագետները արաբական աշխարհի վերջնական իսլամացման մաքառումներում առանձնացնում են աշխարհաքաղաքական հարաճուն հավակնություններ դրսեւորող Թուրքիայի կարեւորագույն դերը, մի պետության, որը 2002 թվականից վերածվելով «չափավոր» իսլամիստական ռեժիմի եւ օրինակ ծառայելով արաբ համախոհների համար, հետեւողականորեն վերացնում է Աթաթուրքի ժառանգությունը եւ իր արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ վերակողմնորոշվում դեպի Արեւելք: Կարծիք է հայտնվում, որ Թուրքիան ամեն ինչ անում է դառնալու արաբական միապետությունների կոալիցիայի ռազմական հիմքը Սիրիայի եւ, չի բացառվում, հիմնական նպատակիՙ Իրանի ջախջախմանը միտված գործողություններում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4