«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-01-19 | #9, 2012-01-20 | #10, 2012-01-21


ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ

Մասնագիտությամբ աստղագետ Ավետիք Գրիգորյանի ` 23 տարի առաջ բացած տիեզերագիտական խմբակն առ այսօր գործում է: Պարոն Գրիգորյանը հիշում է, որ 1988-ին` խմբակը բացելուց առաջ իրեն զգուշացնում էին` հիմա դրա ժամանակը չէ: «Սակայն կրթությունը պետք է շարունակվի բոլոր ժամանակներում, ու բարձրացվի դրա որակը նույնիսկ պատերազմի կամ ճգնաժամի տարիներին», կարծում է Ավետիք Գրիգորյանը:

Հայաստանում կրթության մեջ սակավ ուշադրության արժանացող աստղագիտության ու տիեզերագիտության դասավանդմանը թերեւս չանդրադառնայի, եթե օրերս չկարդայի, որ կոնգրեսական Ադամ Շիֆը հովանավորում է տիեզերագնացների այցելությունը Միացյալ Նահանգների տարբեր դպրոցներ: «Ազգը» սրան հակիրճ անդրադարձել է:

Նման հովանավորությունը, բացի աշակերտների հետաքրքրությունից, միգուցե բխում է եւ ուրիշ շահերից, բայց անկախ ամեն ինչից` Ադամ Շիֆի հետեւյալ կարծիքին դժվար է չհամաձայնելը. «Ինչ-որ մոգական բան է պատահում, երբ երեխաները շփվում են տիեզերագնացի հետ: Երեխաները ներշնչվող են եւ ընդունակ ավելի լավ հասկանալու գիտության անխուսափելի կարեւորությունը»: Ավետիք Գրիգորյանն այս կարծիքին համաձայնելուց զատ ավելացնում է` տիեզերքի, աստղագիտության, երկնային երեւույթների մասին առարկաները գրավում են երեխաներին, ուստի սրանց միջոցով հնարավոր է հետաքրքրություն առաջացնել նաեւ ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի հանդեպ:

Իսկ տիեզերագնացների այցելությունը դպրոցներ հովանավորելը, պարոն Գրիգորյանի կարծիքով` պայմանավորված է այն բանով, որ ԱՄՆ-ը տիեզերագնացների պակաս ունի. «Նրանք չեն կարողանում մարդկանց բերել այս բնագավառ»:

Վերադառնալով մեր իրականություն` զրուցակիցս ասում է, որ այսօր հանրակրթական դպրոցներում աստղագիտությունը որպես առանձին առարկա չի ուսուցանվում, աստղագիտությանը նվիրված է ֆիզիկայի դասագրքի ընդամենը մի բաժինը. «Իսկ երբ Հայաստան տիեզերագնաց է այցելում, նա, կոպիտ ասած, մնում է վերին խավում, չի իջնում ներքեւ»: Տիեզերագնացներն այստեղ գնում են աստղադիտարան, Ակադեմիա, հանդիպում պաշտոնյաների հետ: «Սակայն թույլ չի տրվում, որ նրանք կանգնեն աշակերտների առաջ»:

Ավետիք Գրիգորյանը տիեզերագիտական խմբակում դասավանդում է թեմաներ, որոնք ընդգրկված չեն դպրոցական դասագրքերում: Նա վստահ է` հենց տիեզերքի մասին գիտելիքներով հնարավոր է փոխել երեխաների արժեհամակարգը եւ ձեւավորել հետաքրքրություն բնական գիտությունների նկատմամբ:

Խմբակում ընդգրկվելն ազատ է, իսկ սովորելը` անվճար: Հիմա խմբակը պատկանում է կրթության ու գիտության նախարությանը ու գործում է «Քվանտ» վարժարանի շենքում: Որ 23 տարի այն պահպանվել է, դա Ավետիք Գրիգորյանի հետեւողական աշխատանքի արդյունքն է:

Զրույցի վերջում պարոն Գրիգորյանն ափսոսանքով նշում է, որ Հայաստանում քիչ աստղագետներ են մնացել: Սակայն նրանց թվի նվազման դեպքում էլ, նախկին Խորհրդային Միության երկրների մեջ աստղագիտական ամենաուժեղ կենտրոններն այսօրվա դրությամբ մնում են Հայաստանն ու Ռուսաստանը: Եվ իր աստղագիտական ներուժով Հայաստանն առաջատար է հարեւան 4 երկրներից:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4