Ուրիշին ստի մեջ մեղադրող Չավուշօղլուն առատորեն է ստում
Ի՞նչպես կարելի է գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի որեւէ ակտիվության բացակայությունը ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախագահության ժամանակ :
«Ազգի» այս հարցին, հավելմամբ, թե արդյոք նույն ինքը` Չավուշօղլուն համաձա՞յն է այդ ենթահանձնաժողովը վերականգնելու նախաձեռնության ձախողմանը, ԵԽԽՎ արդեն նախկին նախագահը երեկվա ասուլիսում բորբոքված արձագանքեց, թե «դա ճիշտ չէ, դա իմ նախաձեռնությունը չէ», թեեւ մեր հարցում նախաձեռնությունն իրեն վերագրելու ոչ մի բառ չկար: Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրեց ինչպես Հայաստանի իշխանություններին, այնպես էլ մամուլինՙ «հայ ժողովրդին ճիշտը չասելու համար»:
Ըստ թուրք ԵԽԽՎ-ականի, իր մանդատի ավարտին հայ գործիչներն ու մամուլը արդար չեն իր նկատմամբ, քանի որ «դա ԵԽԽՎ բյուրոյի որոշումն էրՙ վերականգնել ենթահանձնաժողովի աշխատանքները»: «Հիմա էլ բյուրոն պետք է որոշիՙ նորից վերականգնի՞ այդ հանձնաժողովի աշխատանքը, թե՞ ոչ», արձագանքեց Չավուշօղլուն չհնչեցված հարցին ու այդպես էլ չպատասխանեց «Ազգ»-ի բուն հարցին, թե ինչպես է գնահատում իր նախագահության ընթացքում ենթահանձնաժողովի «կատարած աշխատանքը»:
«Բռնեք գողին», առավել հաճախ բոլորից բարձր գոռում են հենց գողերը, նույն կերպ այն բոլոր մարդկանց մասին, ովքեր ստելու սեր ունեն, ուրիշներին դրանում մեղադրելու հարցում էլ ոչ մի ստի առաջ չեն կանգնում: Չավուշօղլուն շտապեց հայերին մեղադրել ստելու մեջ, մինչդեռ ANF EUFRAAT քրդական լրատվական գործակալության լրագրողի հարցին ի պատասխան ինքն ընկավ ստի հորձանուտը:
Քուրդ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ն անտարբեր է մնում Թուրքիայում մամուլի վիճակի առնչությամբ, երբ 101 ձերբակալված ու կալանված լրագրող կա այդ երկրում: ԵԽԽՎ նախկին նախագահն ամենայն համառությամբ փորձում էր ներկայացնել, թե իբր հենց միջազգային կազմակերպությունների գնահատականներով` Թուրքիայում միայն 9 լրագրող է ձերբակալված:
Այլեւս խնդրահարույց չթողնելով, թե ոչ ճիշտ տեղեկություններն ով եւ ինչպես է տարածում, Չավուշօղլուն, քուրդ լրագրողի պնդմանըՙ 100-ից ավելի լրագրողների անազատ վիճակի մասին, հայտարարեց, թե այդ տվյալները «մատչելի են, թափանցիկ», մոռանալով, թե ում համար:
Իսկ ասուլիսի ավարտին Չավուշօղլուն իր մաղձը ներկայացրեց լրագրողներին` ինքն իրեն հարց տալով ու պատասխանը մատուցելով: «Ես սպասում էի Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող բանաձեւի մասին հարցին, բայց, կարծում եմ, դուք հետաքրքրված չեք խոսքի ազատությամբ այն երկրում, որ այս կառույցի (ԵԽԽՎ - Ա. Հ.) հյուրընկալողն է», լրագրողներին մեղադրելով հայտարարեց Չավուշօղլուն:
Ի ցույց դնելով եւս մեկ անգամ, որ թուրք խորհրդարանականի համար կեղծելը մեծ դժվարություն չի ներկայացնում, բազմազգ լրագրողական լսարանում Չավուշօղլուն նախ «սահմանադրական» ներկայացրեց Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը, որ դեմ է արտահայտվել ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծին: Բանաձեւը մեկնաբանելով որպես խոսքի ազատությունը սահմանափակող` ԵԽԽՎ նախկին նախագահը հռետորական հարց տվեց. «Եթե նման օրինագիծ քննարկեին Հայաստանում, անգամ Հայաստանում, Թուրքիայում կամ Ադրբեջանում, Ռուսաստանում կամ Ուկրաինայում, ի՞նչ կլիներ...»:
Հիշեցնելով, թե «ինչ ճնշում գործադրվեց Թուրքիայի վրա քր. օր.-ի 301 կետի պատճառով, որ նման բաներ էր պարունակում», Չավուշօղլուն հետաքրքրական համեմատություն արեց. «Եվրոպայի խորհուրդը կամ Եվրոմիությունը կրկնակի ստանդարտներ են կիրառում. երբ փոքր երկիր է, բոլորս միասին ռեակցիա ենք տալիս, իսկ երբ մեծ երկիր է, լուռ ենք մնում»: Չավուշօղլուն ակնհայտորեն տվյալ դեպքում որպես փոքր երկիր նկատի ունի Թուրքիային, ու թերեւս այդ մասին պետք է տեղեկացնել հավակնող նախագծերով արաբական աշխարհի անցուդարձին ու նաեւ տարածաշրջանի իրավիճակին խառնվելու մեծ ցանկություն ունեցող Թուրքիայում իշխող կուսակցության վերնախավին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ, Ստրասբուրգ