Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, որ Ֆրանսիայի խորհրդարանն է ներկայացնում, երեկ Ստրասբուրգում ներկայացնելով իր խոսքը նախագահ ընտրվելու կապակցությամբ, ասաց, որ Արեւմտյան Եվրոպայում խաղաղությունն ընդունում են որպես շնորհք, սակայն այդ մոտեցումը ճիշտ չէ այլ վայրերում:
«Դա ոչ այնքան ճիշտ է, երբ գնում ես Կիպրոս, ԵՄ անդամ երկիր, որտեղ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը հսկում են մի պատ, որ մեզ հիշեցնում է մեկ այլ, առավել սահմռկեցուցիչ հիշողություն: Դա նույնն է Վրաստանում, Մերձդնեստրում եւ Լեռնային Ղարաբաղում», իր ելույթում նշեց Մինյոնը, հիշեցնելով, որ հեշտ է փակել աչքերն ու ընդունել անընդունելին, «բայց դա ռիսկ է կրում, որ մի օր այն, ինչ տեղի է ունենում իրականում, դառնում է օրենք»: Ուստի, ըստ Մինյոնի, վեհաժողովի պարտավորություններից է ապահովելը, որ հարցերը մնան օրակարգում եւ կողմերն էլ երկխոսեն:
Մինյոնն իր ելույթում անդրադարձավ ԵԽ գործունեության տարբեր ոլորտների, շեշտելով, որ Եվրոպայի խորհուրդը «գետի ափին քնած գեղեցկուհի չէ», անցյալին պատկանող կառույց, ինչպես ներկայացվում է երբեմն` ի համեմատություն, հատկապես, Եվրոմիության: Այս կառույցները, ըստ Մինյոնի, տարբեր են եւ ունեն տարբեր դերակատարություն, եւ երկուսն էլ կարեւոր են այն երկրների համար, որոնք անդամակցում են այս կազմակերպություններին: Ամեն դեպքում, Մինյոնը կոչ արեց բարեփոխել Եվրոպայի խորհուրդը` առավել արդյունավետ եւ օգտակար արդյունք ունենալու համար:
Նշենք, որ 2007-ից ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ժան-Կլոդ Մինյոնը միակ թեկնածուն էր ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար, իսկ կանոնակարգի համաձայն` նա կարող է մեկ տարվա նախագահությունը երկարաձգել միայն մեկ անգամ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ