ՀԱԿ-ի պետաիրավական հանձնախումբն արձագանքել է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված հատուկ քննչական ծառայության` իր վարույթում գտնվող քրեական գործով անցած դեկտեմբերին արված հաղորդմանը: Այս մասին երեկ ասել է ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀԱԿ-ի պետաիրավական հանձնախբի դիտարկումները ներկայացնելովՙ նա նկատեց, թե ծավալուն փաստաթղթի ծանոթացումը ոչ միայն չի փարատել կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլեւ հարուցել է նորերը: Հանձնախմբի ղեկավար Գ. Ջահանգիրյանը հանձնախմբի ծավալուն դիտարկումներից մի քանիսի վրա կանգ առնելով` նաեւ գնահատականներ հնչեցրեց, թե ՀՔԾ-ի դեկտեմբերյան հաղորդումով կրկին պարզ է դարձել, որ գործող իշխանությունների օրոք մարտի 1-ի կատարված սպանությունները չեն բացահայտվի, եւ ՀՔԾ զեկույցով իշխանությունները փակում են մարտի 1-ը: Ջհանգիրյանը նաեւ ասում էր, թե ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն իր հետ հանդիպմանը խոսք է տվել զեկույց չգրել, մինչեւ ՀԱԿ-ի տեսակետը չստանա:
Մ. Խ.