Չավուշօղլուի «աղաչանքը» Դավիթ Հարությունյանին
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահի` Ժան-Կլոդ Մինյոնի ընտրությունից հետո ձեւավորված նոր բյուրոն արդեն ուրբաթ օրը կգումարի իր անդրանիկ նիստը, որտեղ քննարկվելու է, ի թիվս այլ հարցերի, ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի թեման: Իսկ մինչ այդ դեռեւս «չավուշօղլուական» բյուրոն հին կազմով իր վերջին նիստում, որ գումարել էր հունվարի 23-ին, կրկին անդրադարձավ հատուկ հանձնաժողովին` առանց հայաստանյան պատվիրակությանն իրազեկելու:
Վեհաժողովի նստաշրջանի աշխատանքների առաջին օրը խորհրդարանականները քննարկում էին ԵԽԽՎ բյուրոյի կատարած աշխատանքների մասին զեկույցը, որի առնչությամբ ելույթ ունեցավ նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը , ներկայացնելով, որ վեհաժողովի բյուրոն հունվարի 23-ի առավոտյան քննարկել է ղարաբաղյան հարցով հատուկ հանձնաժողովի վերականգնման հարցը` չհրավիրելով հարցով ընդգրկված երկրների պատվիրակություններին: Ըստ Հարությունյանի, բնավ էլ անակնկալ չէր, որ բյուրոն նման կեցվածք ու մոտեցում ունի` «հաշվի առնելով պրն Չավուշօղլուի բացարձակապես կողմնակալ վերաբերմունքը հայաստանյան պատվիրակությանը»:
Մեկ տարի այդ հանձնաժողովի աշխատանքներին անմասնակից հայաստանյան պատվիրակությունը կրկին հավաստիացնում է, որ ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի վերակենդանացման փորձերը, ըստ Հարությունյանի ելույթի, «ոչ մի բան չեն ավելացնի խաղաղ գործընթացին, այլ կարող են մեծապես նվազեցնել ու անգամ մարտահրավեր նետել մեր կազմակերպության (ԵԽԽՎ Ա.Հ.) դերին»:
Հայկական պատվիրակությունը քանիցս հայտարարել է այդ հանձնաժողովի անարդյունավետ լինելու մասին, ավելին, առաջարկել է նման հանձնաժողովի փոխարեն, որպես երկու պատվիրակությունների փոխվստահության միջոց, օրինակ, հայտարարել փոխադարձ մեղադրանքների մորատորիում, ինչը որեւէ արձագանք չգտավ ոչ պատվիրակությունների, ոչ բյուրոյի, ոչ էլ ԵԽԽՎ այն ժամանակվա նախագահի կողմից: Դավիթ Հարությունյանի խոսքով, «մենք սա դիտարկում ենք որպես ահազանգող նշան, որ հիմք է տալիս կասկածելու հատուկ հանձնաժողովի վերականգնման իրական միտումների առումով»: «Այսօր, արձանագրելու համար ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ հայաստանյան պատվիրակության դիրքորոշումը մնում է անփոփոխ, եւ մենք չենք պատրաստվում մասնակցել հատուկ հանձնաժողովի աշխատանքներին», ելույթի ավարտին նշեց Դավիթ Հարությունյանը:
Ի պատասխան Մեւլութ Չավուշօղլուն, իրեն հատուկ արագախոս ցինիզմով արձագանքեց. «Դու իմ լավ ընկերն ես, Դավիթ, եւ ես հույս ունեմ լավ ընկերներ մնալ, բայց այսօրվա ասածդ ճիշտ չէ»: Ճշմարտությունն ասելու կոչ անողի դիրքերից Չավուշօղլուն կրկին մեղա եկավ, թե հանձնաժողովը վերակենդանացնելու նախաձեռնությունն իրենը չէ: «Խնդրում եմ, ասա մարդկանց ճշմարտությունը... ասա ճշմարտությունը վեհաժողովին», խոսքը ժպտացող աղերսով ավարտեց Չավուշօղլուն:
Այդուհանդերձ, ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի, հունվարի 27-ի նիստում նորակազմ բյուրոն կանդրադառնա այդ հանձնաժողովի թեմային:
«Ազգի» հետ զրույցում Հարությունյանը նշեց նաեւ, որ թե ինչ որոշում կկայացվի` ասել չի կարող: ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ելույթում Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Վրաստանի հարցերը խորհրդարանական ձեւաչափում օրակարգում պահելու մասին հայտարարության առնչությամբ էլ Հարությունյանը ասաց. «Կանխատեսումներ անելը լավագույն զբաղմունքը չէ քաղաքականության մեջ, բայց մենք ունենք անելիքներ: Նոր նախագահի աշխատանքը դեռ ամբողջ թափով չի սկսվել, դրա համար այս խոսքերի առնչությամբ ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց»: