Եվրոպայի խորհուրդը միջնորդության պարտավորություն չունի, ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ԵԽ-ն կարող է միայն աջակցել երկու կողմերին: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայիս նախագահ, Միացյալ Թագավորության Եվրոպայի, արտաքին եւ ընդհանուր բարեկեցության նախարար Դեւիդ Լիդինգտոնը, որ երեկ ելույթ էր ունենում ԵԽԽՎ-ում, ԼՂՀ հարցում միջամտելու առնչությամբ նախ շեշտեց, որ Միացյալ Թագավորությունը թեեւ Մինսկի խմբի անդամ է, բայց համանախագահող երկիր չէ:
Լիդինգտոնը իր ելույթին հաջորդած բազմապիսի հարցերին ուղղակի «ինքնաբուխ» պատասխանում էր, սակայն ԼՂ մասին հարցին կարդաց ստանդարտ եւ չեզոք ձեւակերպումներով արդեն իսկ պատրաստի տեքստ, այդուհետեւ ավելացրեց. «Չեմ կարծում, թե Միացյալ Թագավորությունը կարող է փոխարինել համանախագահող որեւէ երկրի»: Այդուհանդերձ, ըստ Լիդինգտոնի, «Պետք է վերջ դրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացմանը», եւ որ կողմերը գան համաձայնության` նկատի ունենալով Հայաստանն ու Ադրբեջանը:
Արձագանքելով նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշման մասին հարցին` Լիդինգտոնը շեշտեց, որ այդ իրավունքի հանդեպ վերաբերմունքը ժամանակի հետ փոխվում է, ինչպես տեղի ունեցավ, օրինակ, Պաղեստինի հետ, երբ ժամանակին այնտեղ ապրողները «ազգություն» էին համարվում, իսկ հիմա ընկալվում են որպես ազգ եւ ունեն համապատասխան իրավունքներ:
Ա. Հ.