«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2012-01-25 | #13, 2012-01-26 | #14, 2012-01-27


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞ՒՄ, ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ

Մեր թերթը երեկ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետը նախորդ օրը նախագահ Սարկոզիի ու Ֆրանսիայի Սենատի դեմ ունեցած իր կատաղի ելույթում չի մոռացել շնորհակալություն հայտնել այն սենատորներին, որոնք «պատասխանատվության զգացումով դեմ քվեարկեցին օրինագծին»: Առաջին հերթին ներքինՙ թուրքական սպառման համար նախատեսված այդ շնորհակալութամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստորեն ձգտում է ընդգծել, որ այսուհանդերձ շատ սենատորներ (86 հոգի) դեմ են եղել ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի դարձնող օրինագծին, դրանով ձգտելով իր սեփական «ճշմարտությունը» ապացուցել յուրայիններին, միաժամանակ, իբր, վերջին առիթը տալով Ֆրանսիայի նախագահին առաջիկա 15 օրերին չվավերացնելու Սենատի եւ ողջ Ազգային ժողովի ընդունած որոշումը:

Բայց ինչպես ասում է թուրքական ասացվածքըՙ «Յոլ գիդերՙ քյոր գիդեր» («Ճանապարհն է գնումՙ կույրն է գնում»): Այսինքնՙ գնում էՙ առանց իմանալուՙ ուր եւ ինչպես: Գնում է առանց անդրադառնալու, որ այդ 86 սենատորներից առնվազն նրանք, ովքեր ամենաակտիվն էին Սենատի 7-ժամյա քննարկումների ընթացքում, բոլորն էլ, գրեթե առանց բացառության, ավելի բարձր էին հայտարարում Հայոց ցեղասպանության պատմական անժխտելի իրողություն լինելու մասին: Ուրեմն, փաստորեն, Էրդողանը նրա՛նց է շնորհակալություն հայտնում: Ուրեմնՙ շնորհակալություն իրե՛ն... Թող շարունակի կույր-կույր գնալ իր ճանապարհով:

Բաց աստի, Սենատում 86 դեմ քվեարկողների «գործը» հետաքրքրում է, պե՛տք է հետաքրքրի առաջին հերթին մեզ: Հետեւյալ իմաստով. նրանցից շատերը հստակորեն ներկայացրին իրենց դիրքորոշման պատճառները, պարզեցին ու բացատրեցին իրենց վերապահությունները օրինագծին, եւ, ինչպես գրել էի նախորդ հոդվածում, այդ առարկությունները պետք է արժանանան մեր վերլուծաբանների ամենալուրջ ուշադրությանը:

Դեմ քվեարկողներից մի խումբ համոզված էր, որ օրինագծի ընդունումը կվնասի հայ եւ թուրք, Հայաստան եւ Թուրքիա հարաբերություններին, իսկ սենատորներից մեկը աներկբայորեն մտավախություն հայտնեց, ըստ երեւույթին լավատեղյակ լինելով թուրքական բնավորությանը, որ օրինագիծը պատճառ կարող է դառնալ «նոր վայրագությունների»:

Երկրորդ խումբը օրինագծին առարկում էր, քանի որ, կարծում էր, այն կարող է կաշկանդել խոսքի եւ կարծիքի ազատությունները Ֆրանսիայում:

Երրորդ խումբը վախենում էր, որ օրինագծի ընդունումը անօգուտ է լինելու ընդհանրապես եւ անտեղի կերպով կաշկանդելու է Ֆրանսիայի ձեռքերը Թուրքիայի վրա ներազդելու գործում:

Չորրոդը եւ, ի դեպ, մեծամասնությունը դեմ էր ոչ թե օրինագծին, այլ նրաՙ ներկա ձեւով ու ձեւակերպումով ընդունվելուն:

Անշուշտ, կար նաեւ փոքրաթիվ մի խումբ, որ հավանաբար տնտեսական, քաղաքական, ընկերական եւ այլ շահերից ու շահագրգռություններից ելնելով դեմ քվեարկեց: Եվ դա էլ է բնական: Ֆրանսիացիներն իրենք են ասումՙ բացառությունը հաստատում է օրինաչափությունը:

Ուրեմնՙ Էրդողանից առաջ մե՛նք ենք շնորհակալություն հայտնում դեմ քվեարկողներին: Նրանք հաստատեցին օրինաչափությունը:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4