Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի` մամուլի ազատության 2011 թվականի տարեկան վարկանշային աղյուսակում Հայաստանը բավական բարձր աստիճանի է հասել 2010-ի համեմատ` 101-րդ տեղից հասնելով 77-րդին եւ 24 կետով բարելավելով մամուլի ազատության ցուցիչը: Սակայն զեկույցը կազմողները նաեւ նշել են, թե լրատվամիջոցները դատական հետապնդումների եւ ֆինանսական մեծ տուգանքների են ենթարկվում, որոնք գրաքննության ենթարկելու եւ լրատվամիջոցների աշխատանքին միջամտելու եղանակ են:
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` հայկական ԶԼՄ-ներում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են խոչընդոտել անկախ լրատվամիջոցների գոյությանը հատկապես` մամուլը հիմա էլ գրաքննել փորձելով դատական ճնշումների տեսքով: Դատական հայցերը մեծ մասամբ ներկայացրել են քաղաքական գործիչները: Օրինակ են բերվում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի հայցերն ընդդեմ լրատվամիջոցների: Այնուամենայնիվ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն իր տվյալները սովորաբար ի մի է բերում տեղի ունեցած ու հրապարակված փաստերի հիման վրա, Հայաստանին մամուլի ազատության առումով դարձրել է տարածաշրջանային առաջատար, քանի որ Վրաստանի ցուցիչը 104 է (2010-ին` 100-րդ տեղում էր), իսկ Ադրբեջանինը` 162 (152-րդն էր 2010-ին), Իրանը 175-րդ հորիզոնականում է հայտնվել` իր հին տեղը պահպանելով, նահանջել է նաեւ Թուրքիան:
Իհարկե, այս բարենպաստ ցուցիչը Հայաստանի համար դեր կխաղա միջազգային քաղաքական եւ տնտեսական գնահատականների տեսակետից, ինչպես նաեւ ընտրություններին նախորդող ժամանակի դիտարկման առումով: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մեր ԶԼՄ-ների որակական աստիճանն է շատ ցածր գլորվել, որը խոսքի ազատության գնահատականի առումով, ճիշտ է, նշանակություն չունի` միջազգայիններին դա չի հետաքրքրում, սակայն ընդհանուր մթնոլորտի եւ տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունի. մեր լրատվամիջոցների մեծ մասը դարձել են մեկը մյուսին նմանակող, մեկը մյուսից արտատպող նույն լրահոսի տարատեսակությունները, որոնց անվանական բազմազանությունը ամենեւին հակադարձ համեմատական չէ բովանդակային նմանությանը: Բացի դրանից` այս երկու տարին չափազանց զարկ տրված ասուլիսային լրատվությունը աճեցրել է իսկական լրագրության պահանջներին չհամապատասխանող լրագրություն եւ լրագրողների մի ողջ սերունդ, այդպիսով արգելակելով լրագրության զարգացումը մեզանում եւ հետ թողնելով արդի լրագրության աշխարհում ընդունելի ընդհանուր մակարդակից: Այս բոլորն առանձին խոսակցության նյութ է, սակայն, որը մամուլի ազատության այս տարվա ցուցանիշի մասին զրույցներում, եւ ամեն առիթով, հուսով եմ, լրատվամիջոցների ղեկավարները բարձրացնում են եւ պիտի բարձրացնեն, այլապես ամիսն ամսվա վրա մեր լրագրության պատկերն ավելի տխուր ու դժգույն է դառնում` չնչին բացառություններով:
Մ. Խ.