Երեկ Հնդկաստանի ազգային հիմնով ու պետական դրոշի բարձրացումով սկսվեց Հնդկաստանի Հանրապետության օրվա նշումը Հայաստանում:
Հնդկաստանի Հանրապետության 63-րդ տարվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան, միացել էին ինչպես այստեղ ապրող հնդիկները, այնպես էլ հայերը, որոնցից ամեն մեկն իր առնչությունն ունի Հնդկաստանին: Օրինակ` ազգային հիմնը կատարեցին Հումանիտար ինստիտուտի ուսանողները, որոնք սովորում են հինդի լեզվի բաժնում: Ապա դեսպանը փոխանցեց Հնդկաստանի նախագահի խոսքն` ուղղված հնդիկ ժողովրդին:
«Հաճախ է ասվում, սակայն մենք ամբողջությամբ չենք ըմբռնում, թե ինչքան երջանիկ ենք, որ ունենք ավանդույթների, արժեքների եւ ուսուցման մի հարուստ ժառանգություն: Մենք պետք է կառուցենք ուժեղ ու բարգավաճ պետություն` հիմնված արժեքների ամուր համակարգի վրա», ասել է Հնդկաստանի նախագահը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ հնդիկ ուսանողներ, որոնք սովորում են հիմնականում Երեւանի բժշկական համալսարանում: Նույնիսկ ուսանողներից Հիթեշը նշում է` եթե Հայաստանում լավ աշխատանք ունենա, ապա ավարտելուց հետո կմնա այստեղ:
Հիմա Հայաստանում միայն հնդիկ ուսանողների թիվը հասնում է շուրջ 500-ի:
«Ազգի» հետ զրույցում Աչալ Կումար Մալհոտրան անդրադարձավ նաեւ հայ-հնդկական հարաբերություններին. «Քաղաքական մակարդակում ունենք գերազանց փոխըմբռնում: Հիմա կենտրոնացրել ենք մեր ջանքերըՙ խթանելու նաեւ 2 երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները»:
Ի. Պ.