«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-01-26 | #14, 2012-01-27 | #15, 2012-01-28


ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ՄԵԿԸ ՍՏՈՒՄ Է

Որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան ֆրանսիական Սենատի հայտնի որոշումից հետո նոր ընթացք տա հայ-թուրքական գործընթացին, այն է` վեր հանի հայ-թուրքական զույգ արձանագրությունները: Համաձայն տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանի ` «բավական հավանական է», քանի որ այդպիսով Թուրքիան «կփորձի կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման ալիքը, ինչը կարող է առաջ գալ Սենատի որոշումից հետո»: Ստացվում է, փաստորեն, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները կարող է հիշել, որպեսզի թույլ չտա Ցեղասպանության ճանաչման ալիքի բացառում: Այս վերջինը բավական հավանական է: Օրինակՙ նույն Կիրակոսյանը, հաջորդելով մի շարք եվրոպացի վերլուծաբանների, գտնում է, որ «Սենատի որոշմամբ ԵՄ-ի դռները Թուրքիայի առջեւ փակվեցին»:

Սրանից կարելի է անել մեկ հետեւություն, որ Ֆրանսիան Ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն ընդունեց, որպեսզի բացառի Թուրքիայի մուտքը Եվրոմիություն: Հիշեցնենք, այս հարցում նախագահ Սարկոզիի կարծիքը հայտնի է ու բազմիցս բարձրաձայնված: Ու քանի որ Ֆրանսիան ԵՄ-ում, մեղմ ասած, «հասարակ երկիր» չէ, հավանականությունը մեծ է, որ Ցեղասպանության ճանաչման, դրա առնվազն բուռն քննարկման ալիք կբարձրանա, ասենքՙ Պորտուգալիայի, Իսպանիայի նման ԵՄ-ի երկրներում: Հիշյալ երկրների ու առհասարակ ողջ ԵՄ-ի տնտեսության գլխավոր «մատակարարը» հենց Ֆրանսիան է, Գերմանիայի հետ միասին, ու ռեալպոլիտիկի սկզբունքներով, կոնկրետՙ պարտքերի մեջ խրված Պորտուգալիան կարող է անել այնպիսի մի բան, որը նրանից շատ է ցանկանում Փարիզը: Իսկ «ԵՄ-ն առանց Թուրքիայի» հենց այս` Փարիզի «շատ ցանկացած բաների» շարքից է, Ցեղասպանության ժխտման հարցում քրեական պատիժ սահմանելն էլՙ այդ անդամակցությունը բացառող հիմնական գործիքներից մեկը: Հետեւաբար, մանավանդ «նախաապրիլյան» այս ժամանակահատվածում, մանավանդ տարբեր ազդեցիկ երկրներում նախընտրական այս տարում ու հաշվի առնելով բոլոր այդ ազդեցիկ երկրներում հայկական տարրի առկայությունը, Ցեղասպանության ճանաչման ալիքի բարձրացումը առաջին հերթին եվրոպական երկրներում բավականին հավանական իրադարձություն կարելի է որակել: Այս համապատկերում, եթե անգամ Թուրքիան Դավութօղլուի «անձնական դարակից» հանի հայ-թուրքական զույգ արձանագրությունները, իսկ դա Թուրքիան եթե անի, ապա կանի այս ալիքը բացառելու համար, որեւէ հաջողության չի կարող հասնել:

Վերադառնանք 2010-ի հոկտեմբերյան Ցյուրիխ. երբ շվեյցարական այս քաղաքում Հայաստան-Թուրքիա ԱԳ նախարարների մակարդակով կնքվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Այն սենյակում, որտեղ կնքվեցին այդ արձանագրությունները, բավական ուշագրավ կազմ էր հավաքվել, որտեղ բոլորը գիտեին, որ Դավութօղլուն գոնե Ցեղասպանության հարցում ստում է:

Ցյուրիխում, բացի Նալբանդյանից ու Դավութօղլուից, հատուկ այս նպատակով գտնվում էին նաեւ Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կուշները, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը եւ հայ-թուրքական գործընթացի դե յուրե միջնորդ Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը: Արձանագրությունների տեքստում հայերիս ամենից շատ հուզող կետը «պատմաբանների հանձնաժողովի» վերաբերյալ դրույթն է, որը պետք է «քննարկի երկու պետությունների միջեւ եղած խնդիրները»:

Հիմա, «թողնենք Նալբանդյանն ու Դավութօղլուն ստորագրեն արձանագրությունները» ու հարցնենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին` ի՞նչ եք կարծում, Ցեղասպանությունը եղելությո՞ւն է: Բնականաբար ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր երկրի անունից պետք է պատասխանի, իսկ իր երկիրը ոչ միայն ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը, այլեւ դա արել է բավական ինքնատիպ ու ուշագրավ տեքստով. եթե Ցեղասպանությունը ճանաչած այլ երկրները Ցեղասպանության իրականացման տարածք որպես նշում են «օսմանյան Թուրքիան», ապա Ռուսաստանի ճանաչման փաստաթղթում «օսմանյան Թուրքիայի» փոխարեն նշված է` «Արեւմտյան Հայաստան»:

Այսինքնՙ Ցեղասպանությունը ՌԴ-ի համար, որի ԱԳ նախարարը ցյուրիխյան արձանագրությունների կնքման ականատեսն է, փաստ է, քննարկման ոչ ենթակա: Նույն հարցը եթե տանք Միշլին Քալմի Ռեյին, ապա նա եւս շվեյցարական պետության անունից կհիշեցնի, որ իր երկիրը ոչ միայն ճանաչել է Ցեղասպանությունը, այլեւ առաջին երկիրն է, որը քրեական պատիժ սահմանեց Ցեղասպանությունը ժխտողների համար: Բնականաբար Ֆրանսիայի երեկվա ու այսօրվա նախարարները ուղղակի չեն կարող չասել այն, ինչ ասաց իրենց նախագահը Երեւանում, Ֆրանսիայի հրապարակում, ու այն, ինչ «ասաց» իրենց Սենատը հունվարի 23-ին: Հետեւաբար, ինչպես Փարիզի, այնպես էլ Բեռնի համար, որը ընդգծենք, հայ-թուրքական գործընթացի դե յուրե միջնորդն է, Ցեղասպանության եղելությունը քննարկման թեմա չէ:

Ինչ վերաբերում է ցյուրիխյան իրադարձության վերջին մասնակցին, տիկին Քլինթոնին, ապա, ինչպես գրեթե բոլոր «կարիերային աճ» ունեցած ամերիկացի կոնգրեսական-սենատորները, տիկինը «իհարկե գիտի, որ եղածը Ցեղասպանություն է, բայց...»: Ուրեմն ստացվում է, որ այն մարդիկ, որոնք Նալբանդյանի ու Դավութօղլուի հետ էին Ցյուրիխում, եւ այն երկրները, որոնց պաշտոնապես ներկայացրել են այս մարդիկ, Ցեղասպանության եղելությունը կասկածի տակ չեն դնում, հետեւաբար այն քննարկման թեմա չէ:

Այսինքն, եթե Թուրքիան ծրագրում է արձանագրությունները առաջ քաշել` կասեցնելու Ցեղասպանության ճանաչման ալիքը, ապա այդ ծրագիրն ի սզբանե դատապարտված է անհաջողության: Ու, որը խիստ հատկանշական է հայոց հարցի պատմության տարեգրքում, անգամ ռեալպոլիտիկի առումով Ցեղասպանության առնվազն համաեվրոպական ճանաչման ալիքը այսօրվա Անկարան կասեցնել չի կարող, թեկուզ բացելով Դավութօղլուի դարակները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ. Գ. - ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ ասուլիսում համոզմունք հայտնեց, թե «մինչեւ մայիս զգալի տեղաշարժեր կլինեն հայ-թուրքական գործընթացում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4