«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-01-26 | #14, 2012-01-27 | #15, 2012-01-28


ԹՈՒՐՔՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ «ՋԱՏԱԳՈ՞Վ» ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

«Ֆրանսիայի Սենատում հունվարի 24-ին ընդունված թիվ 229 օրենքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում սահմանված խոսքի ազատությունը», նշված է երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տարածված գրավոր հայտարարության մեջ, որ ստորագրել են 58 պատվիրակ, ի դեպ` հայտարարությունը, ինչպես նշվում է բոլոր նման փաստաթղթերի վրա, միայն ստորագրողների մոտեցման արտահայտությունն է:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակից թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների ստորագրությամբ հայտարարության մեջ նշվում է. «Օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը, ինչպես նաեւ անհատական կարծիքը պաշտպանելու եւ անկախ ուսումնասիրություն իրականացնելու իրավունքը», հավելմամբ, թե հենց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն այն նշել է որպես «հակասահմանադրական»:

Սեփական երկրներում, մասնավորապես Թուրքիայում եւ Ադրբեջանում խոսքի ազատության առնչությամբ խայտառակ վիճակը թողած` Ֆրանսիայում այն «պաշտպանելու» փորձ է ներկայացվում հայտարարությամբ, թեեւ գրավոր խոսքով հանդես գալու ողջ նպատակն ի հայտ է գալիս տեքստի վերջին հատվածում. «Սա վստանգավոր նախադեպ կարող է դառնալ անդամ այլ երկրներում էլ, իրենց հայեցողությամբ, խոսքի ազատությունը եւ անհատական այլ իրավունքներ սահմանափակելու համար»:

Հայտարարությունը ստորագրած թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ, մի շարք եվրոպական երկրների պատվիրակների կողքին, նաեւ վրացի Գիորգի Կանդելակն է ֆրանսիացի գործիչներին կոչ արել «քայլեր ձեռնարկել, քանի դեռ «վնասը չի հասել անդառնալի փուլի»:

ԵԽԽՎ նստաշրջանների շրջանակներում բազմաթիվ հայտարարություններ են ընդունվում, որոնց տակ երկու տասնյակից ավելի ստորագրություն ունենալու դեպքում դրանք ներկայացվում են որպես «գրավոր հայտարարություններ» եւ ոչ մի դեպքում հռչակագրեր, անկախ նրանից, թե ինչ թեմայի են վերաբերում: Գրավոր հայտարարությունները կարող են տարածել` ունենալով նվազագույնը 20 ստորագրություն, որ պետք է ներկայացնեն 4 պատվիրակություն, միեւնույն ժամանակ, առնվազն երկու քաղաքական խումբ:

Ամեն դեպքում, այդպիսի հայտարարությունները չեն կարող ներկայացվել որպես ԵԽԽՎ ընդունած փաստաթղթեր, դրանք ընդունվում են ի գիտություն, կարող են օգտագործվել տարբեր նպատակներով եւ տարբեր ատյաններում, սակայն երբեք չեն ներկայացնում վեհաժողովի տեսակետը, այլ միայն նրանցը, ովքեր ստորագրում են հայտարարությունը:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4