«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-01-26 | #14, 2012-01-27 | #15, 2012-01-28


ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

Այսօր հայկական բանակը դարձավ քսան տարեկան, եւ մենք ամենեւին էլ չենք խոսելու հայրենասիրությունից, քանի որ իսկական ընկերները իսկական ընկերոջը ու թեկուզ հայրենասիրությունից դրդված, նրա թերություններն են ասում, դրանք շտկված տեսնելու հույսով:

Հունվարի 26-ին ԱԺ ներքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպում էր լրագրողների հետ ու ընդգծում. «Մեր բանակը Հայաստանի ամենակայացած պետական կառույցն է»: Գրեթե նույն ժամերին, հինգշաբթի օրը կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել խաղաղ պայմաններում բանակում զոհված տղաների ծնողները, որոնք իրենց դժգոհությունները հայտնելով նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, պահանջում էին իրենց որդիների մահվան կամ սպանության դեպքերի բացահայտում:

Ուրեմն «ո՞վ է» մեր 20-ամյա բանակը. նա, որը ամենակայացածն է` բոլորի մեջ, նա, որին մենք ամենաշատն ենք պարտական, որ կառուցում ենք, գրում ենք, նկարում ենք, ու երգում, թե՞ նա, որը սպանում է մեր եղբայր-որդիներին, ու քողարկում այդ ամենը: Երկուսն էլ:

Ներկայացնելով ԱԺ-ում բանակաշինության վերաբերյալ օրենսդրությունը` Հրայր Կարապետյանը նշել է. «Այսօր բանակում շատ օրենքներ չեն գործում, որովհետեւ դրանք ուղղակի չկան: Բանակն առաջնորդվում է հրամաններով, հրամանատարների կարգադրություններով ու ԽՍՀՄ-ից եկած, հաճախ անցանկալի ավանդույթներով»: Սա ամեն հինգշաբթի կառավարության դիմաց հավաքվող ծնողների բողոքի պատճառը չէ՞... Բանակում իրոք որոշ օրենքներ չեն գործում, ավելին` մի շարք զորամասերում «գործող օրենքները» արմատապես տարբերվում են` մեկ այլ զորմասի «գործող օրենքներից», ու մեր ծնողները հենց այս պատճառով չե՞ն արդյոք հատուկ հասցե ընտրում իրենց որդուն` բանակ ճանապարհելիս: Ինչո՞ւ բանակն այսօր տարբեր է, ինչո՞ւ Իջեւանից վերադարձած երիտասարդը ուրիշ բան է պատմում, Կապանից վերադարձածը` բոլորվին այլ, ինչո՞ւ Մեղրիում ծառայող մեր եղբորը արձակուրդ չեն տալիս, իսկ Նուբարաշենում ծառայող էլի մեր եղբայրը «ամեն օր տանն է»... Որովհետեւ հենց այսպիսին ենք մենք` տարբեր: Ոչ թե, որովհետեւ մեկս մյուսից ուղղակի տարբերվում ենք, այլ որովհետեւ` մենք ամենքս մեր ուզածն ունենք, ու այդ ուզածին հասնելու մեր ճանապարհները, որոնք հաճախ, իսկ բանակի պարագայում` ցավոք, հաճախ, միմյանց հակասում են:

Իսկ ինչպե՞ս ենք մեր որդիներին, ընկերներին բանակ ճանապարհում. «Գնա, հենց վաղը հետեւից գալու եմ` ամեն ինչ դասավորեմ», ասում է հայրը որդուն զինկոմիսարիատի դիմաց: Մեկ ուրիշ հայր իր որդուն ասում է. «Հենց խնդիր լինի, ինձ զանգի, գամ բոլոր հարցերը լուծեմ, արձակուրդ էլ հենց ուզես` զանգի»: «Ապեր, ամենակարեւորը քո դրվածքը դիր, ընենց արաՙ բոլորը քո ասածով շարժվեն, ու ոչ մեկի ասածը մի արա, մանավանդ` սպաների», ասում են ընկերները բանակ գնացող ընկերոջը... Շարունակե՞նք, թե՞ այսօրվա մեր բանակում կատարվող հանցագործությունների մեծամասնության հիմքերը ստացանք արդեն: Լավ, իսկ սպանե՞րը, մի՞թե նրանք պարտավոր չեն վերահսկել իրադրությունը, կառավարել խոսքով, հոգեբանորեն: Իհարկե պարտավոր են, բայց դպրոցական աշակերտին էլ մանկավարժն է պարտավոր ինչ-որ չափով վերահսկել, կառավարել խոսքով, հոգեբանորեն: Անո՞ւմ են` հիմնականում ոչ, իսկ չէ՞ որ հենց այս աշակերտներն էլ դառնում են սպաներ նաեւ: Վերջիններիս համար այսօր կան մի քանի ռազմական ուսումնական հաստատություններ: Ի՞նչ են նրանք այնտեղ սովորում ու առհասարակ` ի՞նչ են սովորում բանակում: Օրինակՙ մեր զորամասում կար սպա` զորամասի ֆիզիկական պատրաստվածության ծառայության ղեկավարը: Մի օր նա մի քանի հոգուս ուսումնական պարապմունքների ժամին տարավ իր անձնական հողամաս, ու մենք այդ ամբողջ օրը նրա համար կարտոֆիլ հավաքեցինք: Ճիշտ է, նա մեզ առատորեն հյուրասիրեց, ու առհասարակ նա հիանալի մարդ էր, բայց արդյո՞ք միայն հիանալի մարդ լինելը բավարար է հիանալի սպա լինելու համար... ու ամենակարեւորը, արդյո՞ք մենք բանակ ենք գնում, որպեսզի մարտավարության պարապմունքը բաց թողնենք, որպեսզի սպաներից մեկի հողամասում կարտոֆիլ հավաքենք:

Սա է մեր այսօրվա բանակը, բայց նաեւ ՀԱՊԿ-ում ու ՆԱՏՕ-ի առանձին զորավարժություններում ամենաբարձր գնահատականների արժանացածն է մեր այսօրվա բանակը: Բազմաթիվ միջազգային հեղինակավոր կենտրոնների ու փորձագետների կողմից տարածաշրջանում ամենամարտունակը ճանաչվածն է մեր այսօրվա բանակը, երեկվա հրացանակիրներն այսօր անօդաչու ինքնաթիռ են արտադրում, եւ ամենակարեւորըՙ մեր խաղաղ արեւածագը պաշտպանողն է մեր այսօրվա բանակը: Պարզապես շատ տարբեր է, իրար հակասող տարբեր, մի ընդհանուր խոսքովՙ հայ մարդն է հայկական բանակը, ուրեմն շնորհավո՛ր տոնդ, հա՛յ մարդ, ու դու առաջինը դարձի՛ր այնպիսին, ինչպիսին ուզում ես տեսնել այն, ինչը ստեղծել ես:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4