Հայերը եւս մեկ օրով կարող են դառնալ շոտլանդացի: Այսօր երեկոյան «Ֆլորանս» ռեստորանային համալիրում տեղի կունենա «Բըրնսի ընթրիքը»: Սակայն մինչ այդՙ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում երեկ պարկապզուկի կենդանի երաժշտության ներքո կիլտերով (ազգային տարազ) շոտլանդացիները հագիս ուտեստը հանձնեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսը Հայաստանում երբեք չի եղել, բայց նրան հիշում են եւ այստեղ, եւ արդեն 14 տարի շարունակ մեզ մոտ եւս կազմակերպում են «Բըրնսի ընթրիքը»:
Ինչպես նշեց դեսպան Քեթրին Լիչինը , աշխարհի շատ երկրներում այս ընթրիքն արդեն ավանդույթ է դարձել: Դեսպանը նշեց, որ իրեն եւս շոտլանդացի է համարում, թեեւ ծնվել է Անգլիայում, բայց շոտլանդական ծագում ունի:
Իհարկե, հագիսը երեկ դեռ հում վիճակում էր, այսօր արդեն եփված ու համեմված կմատուցվի ներկաներին: Հագիսը շոտլանդական ավանդական ուտեստ է, պատրաստվում է ոչխարի ներքին օրգաններից:
Իսկ այսօրվա ընթրիքը զուտ ընթրիք չի լինելու. այն նպատակ ունի նաեւ գումար հավաքագրել բարեգործության համար: Անցյալ տարի «Բըրնսի ընթրիքի» ընթացքում հավաքագրվել է 27 հազար դոլար, որով իրականացվել են բարեգործական ծրագրեր: Օրինակ` «Զատիկ» մանկատան սաները մի տարի սովորել են անգլերեն ու համակարգիչ, հիվանդ եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւս աջակցություն են ստացել:
Ընթրիքի մասնակցության տոմսն արժե 28 հազար դրամ, որի կեսն ուղղվելու է բարեգործական ծրագրերին:
Ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատն ու Երեւանում բրիտանական դեսպանատունը:
Ի. Պ.