«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2012-01-27 | #15, 2012-01-28 | #16, 2012-01-31


ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայոց բանակի 20-ամյակի առթիվ հունվարի 26-28-ը համաքաղաքային ու մարզային հանդիսություններ էին կազմակերպվել նաեւ Գյումրի քաղաքում: Դրանցից առաջինը Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցած տոնական համերգն էր, որին հրավիրվել էին բանակի կազմավորման ու կայացման գործում ավանդ ունեցող ազատամարտիկներ, զինծառայողներ, Գյումրիում գործող զորամասերի հրամանատարներ: Տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ասացին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Շիրակի զինվորական կայազորի պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը, ուրիշներ: Քաղաքապետի նախաձեռնությամբ 320 ազատամարտիկներ, տասնյակ զինվորներ եւ սպաներ արժանացան դրամական պարգեւների ու հուշանվերների:

Գյումրու 7-րդ հանրակրթական դպրոցում տեղի ունեցած արարողության ժամանակ մարզի դպրոցների մեկ տասնյակից ավելի տնօրեններ եւ զինղեկներ պարգեւատրվել են Շիրակի մարզպետի պատվոգրերով, ՀՀ պաշտպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների պարգեւներով, զինղեկներից երկուսին շնորհվել է սպայական զինվորական կոչում: Մարզպետ Ա. Գիզիրյանի նախաձեռնությամբ դրամական աջակցություն է ցուցաբերվել ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժինը տոնական գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Գյումրու զորամասերից մեկում: Այստեղ ծաղիկներ են դրվել արցախյան հերոսամարտում նահատակված հայորդիների եւ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձաններին, տեղի է ունեցել Գյումրու ժողգործիքների պետական համույթի մենակատարների համերգը` վերաճելով զինվորականների մասնակցությամբ ուրախ տոնախմբության, զինվորների ու սպաների պարգեւատրման արարողություն: Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը զորամասի ակումբին նվեր էր բերել ավելի քան հարյուր կտոր գրականություն, կենտրոնի սաների նկարներն ու մանկական պարային համույթի ոգեշունչ կատարումները: Միջոցառումն ավարտվել է տոնական հրավառությամբ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4