ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ինձ համար այլեւս անընդունելի է ասել, թե բոլոր երկրների բանակներում էլ տեղի են ունենում պատահարներ, ինձ համար այլեւս անընդունելի է «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը: Մենք ձգտելու ենք այնպիսի աշխատանք իրականացնել, որպեսզի մաքրենք այն ճանապարհը, որով հասարակությունից գողական, փողոցային բարքերը մուտք են գործում բանակ, որովհետեւ բանակում իրավիճակը` կանոնադրական համապատասխան պայմանները, ռեժիմը հնարավորություն են տալիս, որպեսզի ավելի արագ այս բացասական երեւույթների դեմ պայքարենք»: Խոսքերը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն են: Վերջինս երեկ Ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է բանակում այսօր տիրող իրավիճակն ու զինված ուժերում արտակարգ պատահարներ ծնող մի քանի պատճառները:
Նախարարի մեկնաբանությամբ` շատ երիտասարդներ հասարակությունից գողական, փողոցային բարքերով են գալիս բանակ: Հաճախ զինվորների միջեւ տեղի ունեցող վեճերն ավարտվում են զենքի կիրառմամբ եւ ողբերգական ավարտով: Ըստ նախարարի, մյուս պատճառը անվտանգության կանոնների խախտումն է: «Անձը պետք է տիրապետի զինվորի մասնագիտությանը, սակայն նրանք ծուլանում են, եւ տեղի է ունենում զենքի օգտագործման կանոնների խախտում»: Նախարարի խոսքերով, այժմ քայլեր են իրականացվում նման միջադեպերը բացառելու համար: «Ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը` կանխելու փողոցային բարքերի, գողական մտածելակերպի ներթափանցումը բանակ», ասել է ՊՆ ղեկավարը:
Անդրադառնալով Հայաստանի քաղաքականությանը տարածաշրջանում` Օհանյանը նշել է, որ այն ուղղահայաց է` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան: Սակայն այդ ուղղահայաց քաղաքականությունն այսօր խնդիրներ ունի` Ռուսաստանը Վրաստանի հետ, իսկ Արեւմուտքը` Իրանի հետ սրված հարաբերություններ ունեն: Պետության հորիզոնական կապերը` Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան, դեռ զրոյական են:
Բանակում տիրող իրավիճակին է երեկ անդրադարձել նաեւ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Կոմանդոսի գնահատմամբ` թեպետ զինված ուժերում կան խոցելի կետեր, մասնավորապես կարգապահությունը պետք է ամրապնդվի, սակայն մարտունակությամբ հայկական բանակը մի քանի անգամ գերազանցում է հակառակորդի զինուժին: «Խրամատում թե զորամասում, պիտի հսկողություն լինի, զինվոր-զինվոր եւ զինվոր-սպա հարաբերությունները պետք է փոխվեն: Հիմա փորձում են կարգապահական կանոնագիրք ունենալ: Երեխա կորցրած մայրը չի կարող բանակի հաղթանակներն ու լավ կողմերը տեսնել»:
Արցախյան պատերազմի հերոսը շեշտել է, որ բանակում բարեփոխումներ պահանջողներից շատերի պայքարն ազնիվ չէ: Նա շեշտել է, որ ազնիվ եւ պարկեշտ անձանց կողքին գոյություն ունի նաեւ գրանտակերություն: «Նրանք միջազգային կազմակերպություններից փողեր են ստանում, իսկ դրանց վրա թուրքական ազդեցությունն ու վերահսկողությունն ավելի շատ են, քան հայկականը»: Նա հիշեց, որ երբ տարիներ առաջ պայքարում էր բանակում բարեփոխումների ողղությամբ եւ պահանջում, որ բանակն առավել թափանցիկ դառնա, իր խոսքերը հիվանդագին էին ընկալվում: «Այժմ պատկերն այլ է, գնալով բանակն առավել թափանցիկ է դառնում», հավաստիացնում է Կոմանդոսը: Նա արդարացված չի համարում հայտարարությունը, թե բոլոր երկրների զինված ուժերում էլ ցավալի դեպքեր կատարվում են: «Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը մեծ արժեք ունի»:
Գեներալ-մայորի առաջարկությամբ` բանակում ողբերգական դեպքերի նվազեցման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ ստեղծել ոչ միայն զինված ուժերում, այլեւ հասարակությունում: «Հայկական բանակում պետք է այնպիսի կարգապահություն եւ ռազմահայրենասիրական մթնոլորտ տիրեն, որ ծնողներն իրենց որդիներին ծառայության ուրախությամբ ուղարկեն»: Ըստ նրա, այսօր Հայաստանում ռազմահայրենասիրական դաստիարակչական մթնոլորտն ավելի ցածր է, քան Խորհրդային Միությունում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում: