Ազգային ինքնորոշում միավորումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եւ դա անելու է իր «ողջ ներուժով»: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց հունվարի 28-ին ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի ընդունած հայտարարությունը, որտեղ Ինքնորոշում միավորումը մասնավորապես համոզմունք է հայտնում, որ հայ ժողովրդի առջեւ ծառացած գերագույն խնդիրը Հայաստանի քաղաքացիներին երկրի տեր դարձնելն է, Հայաստանում կատարյալ ժողովրդավարության հաստատումը, հիշեցնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով ԱԻՄ-ը հանուն այդ ռազմավարական նպատակի ժողովրդավարական դաշինք կազմելու կոչ-հրավերով դիմել էր Հայաստանի քաղաքական ուժերին: «Իմ առաջարկած կատարյալ ժողովրդավարության մոդելը հավանության արժանացավ քրիստոնեա-դեմոկրատների, Դեմոկրատական կուսակցության, Յուրի Մանուկյանի ղեկավարած Կոմկուսի հավանությանը: Արտաշես Գեղամյանը իր հիացմունքը հայտնեց, ՕԵԿ-ը հետաքրքրությամբ լսեց, ԲՀԿ-ն նույնպես խիստ հավանության արժանացրեց, սակայն Գագիկ Ծառուկյանի հետ իմ վերջին հանդիպմանը տպավորություն ստացա, որ հավատարիմ է կոալիցիային: Նա մասնավորաբար նշեց, որ մոդելը շատ լավ է, բայց իրենք կոալիցիայի մաս են կազմում», ասաց Հայրիկյանը: Ի դեպ, կոալիցիայի խոշոր մաս ՀՀԿ-ին եւս Հայրիկյանը ներկայացրել է իր «կատարյալ ժողովրդավարության մոդելը», որը, ԱԻՄ առաջնորդի խոսքերով, հետաքրքրված է, «սակայն նախագահ Սարգսյանն ունի մտավախություն, քանի որ այս մոդելը որեւէ այլ երկրում կիրառված չէ»: Ընդգծելով, որ ինքը հենց «հայկական ժողովրդավարության մոդել» է առաջարկում, Հայրիկյանը հավելեց, որ ծրագիրը ներկայացվել է նաեւ ՀՅԴ-ին, «Ռամկավարները այս հարցի շուրջը լսումներ են անցկացրել», այդուհանդերձ, ԱԻՄ առաջնորդի, ու ԱԻՄ հայտարարության համաձայն` «Չնայած դրսեւորած հետաքրքրությանը եւ կատարյալ ժողովրդավարության համակարգի վերաբերեալ արտահայտած դրական կարծիքներին, այդ առաջարկը առ այսօր պատշաճ արձագանքի չի արժանացել»: Հետեւաբար, Հայրիկյանը տեղեկացրեց, որ չնայած ԱԻՄ-ի` որեւէ այլ ուժի հետ դաշինք կազմելու հավանականությունը չի բացառվում, «դաշինքի թեման փակված չէ», այդուհանդերձ` ԱԻՄ-ը կհամագործակցի միայն այն քաղաքական կուսակցությունների եւ ուժերի հետ, որոնք կընդունեն «կատարյալ ժողովրդավարության մոդելը»: «Այս պարագայում հնարավոր է մեր համագործակցությունը ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ, օրինակ, իմ կողմից շատ չսիրված ՀԱԿ-ի հետ», ասաց Հայրիկյանը:
Իսկ առայժմ 8000 անդամ ունեցող ԱԻՄ-ը, որի համար «հանրապետությունում գրասենյակ են համարվում բոլոր աիմականների տները, ռեստորանները կամ մշակութային օջախները», կա ռազմավարական խնդիր` Հայաստանի տեր դարձնել հայ մարդուն, գալիք ընտրություններին մասնակցելու է իր «ողջ ներուժով»: «Երբ շատերն իմացան, որ մասնակցելու ենք ընտրություններին, հանգիստ շունչ քաշեցին` ասելով. վերջապես իմացանք, թե ում ենք ձայն տալու», ասաց Հայրիկյանը: Իսկ «կատարյալ ժողովրդավարությանը», այն էլ` «հայկական ժողովրդավարության մոդելին» չհավատացողներին կամ դրան «ոչ պատշաճ» վերաբերվողներին ԱԻՄ առաջնորդը հետեւյալ կերպ է արձագանքում. «Չէ՞ որ սա այն նույն Հայրիկյանն է ասում, որին չէիք հավատում, երբ նա ասում էր` անկախություն...»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ