«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2012-01-31 | #17, 2012-02-01 | #18, 2012-02-02


ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՎ ԿՄՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափփերը , կոնգրեսականներին ներկայացնելով համաշխարհային սպառնալիքների ու վտանգների առնչությամբ գնահատականների զեկույցը, անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրին:

Գլոբալ մարտահրավերների բաժնում ներկայացնելով Կենտրոնական Ասիան եւ Կովկասը` Քլափփերը նշել է, որ իրենց գնահատմամբ եվրասիական տարածքում հնարավոր թեժ կետեր կարող են դառնալ կովկասյան հակամարտություններն ու որոշ երկրներ Կենտրոնական Ասիայում: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը եւս մեկ ներուժային թեժ կետ է», ասվում է զեկույցում, հավելմամբ, որ «Հռետորաբանության ուժգնացումը, կողմերի միջեւ անվստահությունը եւ կրկնվող բռնությունները շփման գծի երկայնքով մեծացնում են սխալ հաշվարկների ռիսկը, ինչը կարող է առավել լարել իրավիճակը` թեթեւակի զգուշացումներով»:

Հետաքրքրական է, որ Արցախի առնչությամբ առանձնակի շեշտումն արվում է Վրաստանի «անջատողական տարածաշրջաններ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի» առնչությամբ ռուս-վրացական լարվածության գնահատումներից հետո: Զեկույցը նշում է վրացական կողմի` Վրաստանը ռմբակոծելու առնչությամբ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, դրանց կողքին հիշեցնելով նաեւ ռուսաստանյան կողմի մեղադրանքները Վրաստանին` Հյուսիսային Կովկասի էթնիկ խմբերի հետ ներգրավվածության առումով:

Ընդ որում, ԱՄՆ Ազգային հետախուզության մակարդակով դատողություններ են արվում, թե ներկայումս Վրաստանում վարչապետի պաշտոնի լիազորությունների ուժեղացումը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ կարող է բերել ակնկալիքների, թե նախագահ «Սաակաշվիլին կցանկանար մնալ իշխանության գլուխ որպես վարչապետ, ինչն էլ կարող է ազդել լարվածության նվազեցման հեռանկարի վրա»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4