«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2012-01-31 | #17, 2012-02-01 | #18, 2012-02-02


ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԵԹԵ ՇԱՏ ԱՂՄԿԵՆ, ԿՀԻՇԵՆՔ, ՈՐ ԲԱՔՎՈՒՄ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԵՆՔ

Փետրվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը: Քննարկվելիք հարցերի շրջանակը ճշտելու, նաեւ մի քանի կարեւոր խնդիրների վերաբերյալ Երկրապահի դիրքորոշումը պարզելու համար զրուցեցինք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞վ է պայմանավորված համագումարի հրավիրումը, կա՞ հրատապ պահանջ: Ի՞նչ հարցեր եք քննարկելու:

- Սա ԵԿՄ հերթական համագումարն է, որ մենք պարտավոր ենք անցկացնել 2 տարին մեկ անգամ: Նախորդ համագումարը 2010-ի փետրվարին էր: Հերթական համագումարը գնահատական է տալու անցած 2 տարվա աշխատանքներին, լսվելու են հաշվետվություններ, տրվելու են գնահատականներ, նախանշելու ենք գալիք 2 տարվա անելիքները, վարչության նոր կազմ ենք ընտրելու: Համագումարին հաջորդող վարչության նիստում կընտրվեն նաեւ վարչության նախագահ, փոխնախագահներ, իսկ դրանից հետո կայանալիք նիստերում կձեւավորվեն հանձնաժողովները եւ այլն: Մի խոսքով` աշխատանքային, կազմակերպչական համագումար է լինելու:

- Գալիք ընտրությունների թեմային անդրադարձ լինելո՞ւ է:

- Համապետական ընտրություններն անչափ կարեւոր են: Երկրապահը կանգնած է եղել պետականության կայացման ակունքներում եւ չի կարող անտարբեր լինել որեւէ պետական նախաձեռնության նկատմամբ: Կոչ ենք անելու երկրապահ ազատամարտիկներինՙ ակտիվորեն մասնակցել առաջիկա բոլոր համապետական ընտրություններին:

- Անցնող հաշվետու ժամանակահատվածի արդյունքների մասին ի՞նչ կասեք:

- Մենք պանծալի 20-ամյակներ տոնեցինք: Անցյալ տարի նշեցինք Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ հիմնադրման 20-ամյակները, օրերս էլ հայոց բանակի հիմնադրման 20-ամյակը նշեցինք: Առիթը բաց չեմ թողնի մեկ անգամ էլ շնորհավորելու համայն հայությանը, մեր քաջ տղաներին, մեր հերոս նահատակներին, առաջին հերթին` մեր բանակի ու Երկրապահի հիմնադիր սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր հերոս մայրերին, որ միշտ էլ կարողանում են հայրենիքի նվիրյալ զավակներ ծնել: Հայտնի բան է` բանակի հիմքը երկրապահական ջոկատներն են եղել: Մեր քաջերի ջանքերի շնորհիվ է ստեղծվել կանոնավոր պետական բանակը: Անցյալ տարվա ամենամեծ արդյունքը երկրապահի համար համարում եմ այն, որ բոլոր տարածքային կառույցներում ձեւավորվեցին «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» ստորաբաժանումները: Մենք տարին հռչակել էինք երիտասարդ եւ պատանի երկրապահի տարի ու կարողացանք մեր առջեւ դրված խնդիրը կատարել: Երիտասարդ սերունդը պետք է հայեցի դաստիարակվի, պետք է ստանա ռազմահայրենասիրական դաստիարակություն: Մենք այդ ամենը տալիս ենք մեր երիտասարդներին ու պատանիներին: Նրանք մեզ մոտ սովորում են զենքին տիրապետելու հմտություն, մարտարվեստ, ֆիզիկական պատրաստվածություն են անցնում, յուրացնում են «Առողջ մարմնում առողջ հոգի» սկզբունքը: Հայոց պատմության դասեր են անցնում, հայրենիքն են ճանաչում` մասնակցելով դեպի սահմանամերձ տարածքներ ԵԿՄ ուխտագնացությանը:

- Իսկ ո՞րն է ուխտագնացությունների նպատակը:

- Նպատակը սահմանի բնակչի ոգին ամուր պահելն է: Մենք գիտակցում ենք, որ Արցախի պաշտպանությունը, Տավուշի, Սյունիքի պաշտպանությունը սկսվում է Երեւանից, նույն կերպ` Երեւանի պաշտպանությունն սկսվում է ազատագրված տարածքներից, սահմանամերձ բնակավայրերից: Ուխտագնացությունների ժամանակ նաեւ հանդիպում ենք մարտական ընկերներին, հիշում պատերազմական օրերը: Այցելում ենք մեր զոհված մարտական ընկերների շիրիմներին: Դուք մենակ տեսնեք, թե ինչ ոգեւորությամբ է սահմանի բնակիչն ընդունում երկրապահ ուխտագնացներին: Ուխտագնացության աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնել ենք: Այս տարի մենք եղանք Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախի բոլոր վարչական շրջաններում:

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը: Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ինչպե՞ս են ազդում գործընթացի վրա:

- Էդ գործընթաց, բան, դիվանագետներին կհարցնեք: Ես ռազմական գործիչ եմ ու գիտեմ, որ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ էլ երբեք չի լինելու: Գիտեմ նաեւ, որ մեր ազատագրած տարածքներից ոչ մի թիզ էլ չենք կորցնելու: Ոչ ոք չի կարող հանձնել այն տարածքները, որ ազատագրվել են մեր եղբայրների արյան գնով: Դրանք մեր հայրենիքի անբաժան մասն են: Ազատագրված տարածքի ամեն թփի, ամեն քարի տակ մեզ համար թանկ մարդկանց արյունն է թափվել: Ի դեպ, թող շատ չհոխորտան թուրքերը: Նրանք գիտեն, որ մենք շատ խաղաղասեր ենք: 1994-ին, երբ ազերին փախչում էր, մենք շատ չհետապնդեցինք: Կարող էինք, բայց խաղաղության գինը գիտենք, գիտենք, որ ամեն մի զոհն էլ թանկ է մեզ համար, եւ լրացուցիչ զոհեր չէինք ուզում ունենալ: Մեզ համար զոհված ամեն մի տղայի հիշատակն ավելի թանկ է, քան Ադրբեջանի իշխանության համար իր 30 000 զոհինը: Դրա համար էլ ռազմակոչ են հնչեցնում: Բայց եթե շատ աղմկեն, ես ու իմ մարտական ընկերները վայ թե իսկականից հիշենք, որ Բաքվում կիսատ գործեր ունենք: Ստիպում են փոշմանենք, որ 1994-ին բավարարվել ենք միայն մեր պատմական հայրենիքի այն փոքր մասի ազատագրմամբ, որ անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Իսկ այդ իրական երաշխիքը մենք թղթե խոստումներով փոխարինելու միտք չունենք: Մի խոսքով` եթե դիվանագետները խնդիրը լուծման չհասցնեն, անհրաժեշտության դեպքում երկրապահ տղաները էլի պատրաստ են զենք վերցնել հայրենիքի պաշտպանության համար:

- Իսկ բանակի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

- Երկրապահը միշտ բանակի ռեզերվ է եղել: Միշտ ունեցել ենք ամուր կապ բանակի հետ: Այսօր էլ մեր «Պատանի երկրապահ», «Երիտասարդ երկրապահ» կառույցներով անցած տղաները, բանակ զորակոչվելով, ամենաօրինակելի զինվորներն են դառնում: Հետո` գեներալը նախկին չի լինում: Մենք պահեստազորում ենք, եւ Աստված չանի` մեր կարիքն զգացվի, էլի կհայտնվենք առաջին գծում:

- Շնորհակալություն զրույցի համար:

- Ձեզ էլ շնորհակալություն: Եկեք հաջողություն մաղթենք մեր համագումարին: Մենք ուզում ենք, որ սա լինի համախմբող համագումար, միասնականության համագումար: Միասնությունն անչափ կարեւոր է մեր երկրի, մեր ժողովրդի համար: Մենք միշտ միասնական ենք արտաքին մարտահրավերների դեմ, թող ներսում էլ համերաշխ լինելու իմաստուն բանաձեւը գտնենք:

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4